Փոքր երկիր ենք

Փոքր երկիր ենք

Փոքր երկիր ունենալը, փոքրաթիվ ազգի ներկայացուցիչ լինելն իր առավելություններն ու թերություններն ունի: Հավանաբար, միայն փոքր երկրներում է հնարավոր ազգովի կպնել ու հաշված օրերի ընթացքում ինչ-որ կարեւոր խնդիր լուծել: Փոքր երկրում կարող ես տեղեկատվությունը բերնեբերան փոխանցել` չսպասելով, որ ինչ-որ լրատվամիջոց կբարեհաճի այն լուսաբանել: Փոքր երկրում մեկ մարդու ցավն ու խնդիրը կարող են մեծ արագությամբ դառնալ ողջ հանրության ցավն ու մտահոգությունը, վարակել բոլորին, ստիպել, որ անծանոթ մարդիկ միավորվեն եւ այդ մարդու խնդիրը լուծեն: Մանավանդ՝ եթե մարդիկ սրտացավ են ու կարեկցող:

Փոքր երկրում բոլորը բոլորին ճանաչում են` ե՛ւ վատերին, ե՛ւ լավերին, ուստի հնարավոր չէ թաքնվել, անհետանալ, մի անկյունում թաքնված քո սեւ գործն առաջ տանել: Բայց փոքր երկրում մարդիկ նաեւ փոքրիկ տեսահորիզոն ու երբեմն փոքր հոգի ունեն: Փոքր երկրում բամբասանքն ավելի պարարտ հող ունի, իսկ սուտն ու կեղծիքն ավելի արագ են տարածվում: Փոքր երկրում շատ ավելի հեշտ է մարդուն վարկաբեկելը, սեւացնելը, ապագայից զրկելը` այնպես, որ նա այլեւս չկարողանա ազատագրվել այդ խարանից, նոր կյանք սկսել, մաքուր էջից կենսագրություն կառուցել: Փոքր երկրում մարդիկ նեղմիտ են ու նեղսիրտ․ նրանք վիրավորանքները երկար չեն մոռանում, վրեժի զգացումը հավերժ կայծկլտում է նրանց սրտում, իսկ թշնամանքն ու ատելությունն ավելի խորն ու անհաղթահարելի են լինում, եւ նրանք ներել չեն կարողանում: Փոքր երկրում մարդիկ նաեւ հանդուրժող չեն իրենցից տարբերվող տեսակների նկատմամբ: Բայց փոքր երկրի ամենամեծ թերությունն այն է, որ փոքր են նաեւ ռեսուրսները` որակյալ կադրերի, գիտական ու տեխնոլոգիական ցնցող հայտնագործությունների, հմուտ եւ գիտակ քաղաքական գործիչների դեֆիցիտ կա: