Փաշինյանը վերահաստատեց իր «ճորտությունը» Արևմուտքին

Փաշինյանը վերահաստատեց իր «ճորտությունը» Արևմուտքին

Ինչ վտանգներ կան այսօր և ինչի կհանգեցնի այսօրվա հայաստանյան արտաքին և ներքին քաղաքական անկայուն իրավիճակը։ Զրուցել ենք քաղաքական վերլուծաբան, թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։

«Դիմադրության շարժումը, ինչպես ցանկացած շարժում, ունի իր դրական և բացասական կողմերը։ Շարժման հիմնական թերությունը կապված է նրա հետ, որ լիդերի խնդիր կա։ Եվ սա այն բացթողումն է, որ իրենք մինչև այս շարժումը սկսելը պետք է փորձեին այդ հարցը լուծել։ Ունեին բավականին երկար ժամանակ այդ թերությունը վերացնելու, բայց դժբախտաբար այդ ուղղությամբ չաշխատեցին։ Եվ այդ թերությունից այսօր օգտվում է հակառակորդը։ Դա ժամանակի հարց է, և այդ հարցը կլուծվի։

Մանավանդ  այսօրվա իշխանությունները, նաև նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները՝ ՀՀՇ-ն, նորից վերակենդանացել է և փորձում են գլոբալիստական շարժման տեսակետներն առաջ տանել։ Այդ իսկ պատճառով տեսնում ենք, թե ինչպես են Արսեն Գասպարյանը և մի շարք ուրիշ մարդիկ՝ ՀՀՇ-ականներ, որոնք լուրջ պաշտոններ են զբաղեցրել ժամանակին, 2-3 օր է խոսում են այն մասին, որ արդեն Արցախը տվել են, վերջացել է, և որ Արցախի գաղափարախոսությունը չի կարող ժողովրդին ոտքի հանել` պետք է նոր գաղափարախոսությունների հետևից գնալ, որի հիմքն է  տնտեսականը»։

Քաղաքագետը գտնում է, որ վերջիններս ուզում են ժողովրդին հաշտեցնել այն գաղափարի հետ, որ Արցախը կորցրել ենք։

«Ո՛չ, Արցախ չենք կորցրել, և չենք կորցնելու։ Իրենց ցանկությունը դա է, թող իրենց ցանկությունը մնա իրենց։ Այսօր, վաղը և մյուս օրերին Արցախը համարվելու է հայ ժողովրդի անվտանգության և գոյատևման  երաշխիքը։ Այդ իսկ պատճառով այսօր չբարձրացնել Արցախի անվտանգության հարցը և խոսել միայն տնտեսական հարաբերություններից, որ գնանք դեպի Ադրբեջան և Թուրքիա, ունի ընդամենը մի նպատակ՝ պատկերավոր ասած իրենք հետևյալն են ասում՝ դուք ձեզ կամրջից ազատ անկման ռեժիմով նետեք ներքև, և եթե ողջ հասաք մեջտեղը, այդ ժամանակ ներդրումներ կանենք ձեզ մոտ»։

Վազգեն Պետրոսյանը ընդգծում է, որ մենք պետք է ճիշտ հասկանանք` թուրքը ոչ ցանկություն ունի և ոչ էլ ուզում է հայի հետ առևտուր անել, համատեղ ապրել, ընդհանուր ինչ-որ բան ունենալ։ «Թուրքն ընդամենը մի բան է ուզում և այդ մասին իրենք բազմիցս խոսել են, այդ թվում  Թուրքիայի ողջ պատմության ընթացքում եղած բոլոր ղեկավարները. հայն իր գոյությամբ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար, քանի որ հայի գոյությունը այդ տարածաշրջանում նշանակում է, որ Թուրքիան իր ծավալապաշտական, կայսերական  ծրագրերը չի կարող իրականացնել։ Եվ ոչ միայն Թուրքիան, այլ նաև Արևմտյան պետությունները չեն կարող դա իրականացնել։ Իրենք իրենց ծրագրերը իրականացնելու համար, մանավանդ 21-րդ դարում կարիք ունեն, որ զսպեն ու խեղճացնեն Չինաստանին։ Իսկ Չինաստանին զսպելու և խեղճացնելու համար պետք է  խեղճացնեն Իրանին և Ռուսաստանին, որպեսզի կարողանան վերահսկեն չինական տնտեսությունը։ Այդ իսկ պատճառով իրենք Կենտրոնական Եվրոպայից սկսած մինչև Կենտրոնական Ասիա, և մեր տարածաշրջանը, հզորացնելու են Թուրքիային ամեն կերպ։ Եվ այս խաղերը, որ Թուրքիան տալիս է ՆԱՏՕ-ի` կազմի մեջ, վստահ եղեք, որ դրանք համաձայնեցված է իրենց հետ ընդհանուր ծրագրի մեջ, պարզապես թուրքերը փորձում են հնարավորին շատ այսպես ասած ազդակներ պոկել Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Այդ իսկ պատճառով իրենք գնալու են այդ ուղղությամբ և այստեղ իրենց խանգարում է Հայաստանն ու հայությունը»։

Քաղաքագետի խոսքով Արևմուտքը միշտ էլ հավատացած է եղել, որ հայն իր խելքով, իր ամեն ինչով իրեն պետք է, բայց` առանց Հայաստանի, քանի որ Հայաստանն իր ընդհանուր գլոբալ ծրագրին դեմ է կանգնած։

«Այն, ինչ այսօր տեղի  է ունենում մեր տարածաշրջանում և հիմա Նիկոլ Փաշինյանն իր ամբողջական թիմով գնում է այդ ուղղությամբ։ Եվ  տուրք է տալիս մի բանի, որի արդյունքում հայ ժողովրդից էլ ոչինչ չի մնա, որպեսզի եվրոպական երկրները կամ  Միացյալ  Նահանգները ուզենան օգնեն տնտեսապես հայությանը։ Ո՞ւմ են պետք լինելու Եվրոպայի խոստացած գումարները, երբ որ Հայաստան ու հայություն չլինի»։

Խոսելով Փաշինյանի բրյուսելյան այցից, Վազգեն Պետրոսյանն ասաց,  որ գնաց, ուղղակի, որպեսզի ևս մեկ անգամ վերահաստատի իր, այսպես ասած, «ճորտությունը»՝ Եվրամիությանը և Արևմուտքին։

«Սա շատ վտանգավոր խաղ է մեզ համար, քանի որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որն ակտիվ տարածաշրջան է։ Եվ այդ ակտիվ տարածաշրջանում որևիցե ղեկավար իրավունք չունի քաղաքական կուրսն այնպես փոխել և դուրս մղել Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մեր տարածաշրջանից։ Սա այն հարցն է, որ չի ներվելու մեզ, մեզ չեն ներելու մեծ պետությունները։ Մենք պետք է հասկանանք, որ փոքր պետությունները, որպսեզի չընկնեն մեծ պետությունների ոտքերի տակ, իրենք պետք է լինեն ավելի խելացի, ավելի շրջահայաց, և ոչ թե տուրք տան այս կամ այն պետության խաղերին։ Ամենապարզ օրինակը՝ Բեռլինի Կոնգրեսն էր։ Երբ դուրս եկան Կոնգրեսից ֆրանսիացիները, անգլիացիները, իրենք հայերի վրա ընդհանրապես չնայեցին, հայերին միայնակ թողեցին թուրքի դեմ»։