Տրոյական ձի․ ԼՀԿ-ն հերթական ծառայությունն է մատուցում իշխանություններին

Տրոյական ձի․ ԼՀԿ-ն հերթական ծառայությունն է մատուցում իշխանություններին

Մեր ընդդիմադիր դաշտն իր գլխավոր հակառակորդը համարում է Նիկոլ Փաշինյանին, սակայն այդպես էլ չի հասկացել, որ իր նպատակներին հասնելու բոլորովին այլ խոչընդոտ ունի իրականում, որը գուցե կառավարվում է Փաշինյանի կողմից, բայց իրականում հանդես է գալիս ընդդիմադիրի դիմակի տակ եւ ամենավճռական պահերին իրականացնում է իշխանությունների ծրագիրը՝ խանգարելով երկրի զարգացմանը կամ այն գործընթացներին, որոնք կնպաստեին երկրի զարգացմանը։

Դա Լուսավոր Հայաստան կուսակցությունն է՝ Ազգային ժողովում իր ունեցած 17 մանդատով։ Մենք մատների արանքով նայեցինք այն փաստին, որ Էդմոն Մարուքյանը նպաստեց Սահմանադրական դատարանը կազմալուծելու եւ ՍԴ երեք անկախ ու անկաշառ անդամներին իշխանական դատավորներով փոխարինելու գործընթացին։ Մեզ թվաց, որ ՍԴ-ն կազմաքանդեց Նիկոլ Փաշինյանը՝ այնտեղ տեղավորելով իր համար ընդունելի ու իր կողմից կառավարելի դատավորներին, որոնք հետագայում համապատասխան ծառայություններ կմատուցեն, ինչպես մատուցեցին օրերս՝ Ռ․Քոչարյանի դիմումները մերժելով։ Իրականում այդ պրոցեսի <պապան> ոչ թե Նիկոլ Փաշինյանն էր, այլ Էդմոն Մարուքյանը՝ իր թիմով, որը նպաստեց գործընթացին եւ չմիացավ Բարգավաճ Հայաստանի դիմումին՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու համար։

Հիմա եկել է ավելի վճռական պահ՝ Փաշինյանին եւ գործող իշխանություններին ծառայություններ մատուցելու։ ԼՀԿ-ն այդպես էլ հստակ չմիացավ 17 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած գործընթացին։ Ճիշտ է՝ խոսքով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն երեկ, երբ ընդդիմությունը հրապարակեց իր միասնական թեկնածուի անունը, հերթական անգամ ԼՀԿ-ն ընտրեց «երրորդ ճանապարհը»՝ դավաճանելով ընդդիմությանը եւ կասեցնելով վարչապետի հրաժարականի գործընթացը։

Բանն այն է, որ այսօր ամենառեալ ուղին՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելն է, որի համար հարկավոր է 66 ձայն եւ եթե անգամ ընդդիմության 44-45 ձայնին հնարավոր լինի միացնել այն պակասող 22 ձայնը՝ «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունից պոկելով պակասող ձայները, ապա առանց Լուսավորի ձայների այդ գործընթացը սկսելն իսկ անիմաստ է։

Եւ այս պարզ ճշմարտությունն իմանալով ԼՀԿ-ն երեկ՝ ընդդիմության կողմից Վազգեն Մանուկյանի անունը հրապարակելուն պես հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց՝ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Պարզ է, որ Մարուքյանի շանսերը՝ վարչապետ ընտրվել՝ թեկուզ մեկ օրով, զրոյական են, բայց այստեղ խնդիրը ընտրվելը չէ, այլ գործող իշխանություններին հերթական ծառայությունը մատուցելը՝ խոչընդոտելով իշխանափոխության պրոցեսին։ 
Ի դեպ, Լուսավորն իր դիրքորոշումը չի էլ թաքցնում՝ երեկ Գեւորգ Գորգիսյանի բերանով հայտարարել են՝ «Գտնում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ և նաև նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն»։ Կամուրջները չայրելու պահի հետ միանգամայն համաձայն ենք, ինչ վերաբերում է քաղաքական թիմին, ապա եթե Մարուքյանի համար ընդամենը մի ԼՀԿ է պատասխանատվություն կրելու, ապա Վազգեն Մանուկյանի համար «16 ԼՀԿ» ։

Եւ հայտարարելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ ընտրություններին ԼՀԿ-ն մասնակցելու է իր վարչապետի թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է», սա ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանի երկարակեցությունն ապահովելու եւ հերթական անգամ Տրոյական ձիու դեր խաղալու քայլ։

Սվետա Մարտիրոսյան