Դավադրապաշտական «բացահայտումներ»

Դավադրապաշտական «բացահայտումներ»

Պետությունների ղեկավարների դեմ դավադրություններն այնքան իրական են, որքան բռնապետական է նրանց կառավարման եղանակը, եւ եթե հատկապես արտաքին այս կամ այն ուժին ձեռք չի տալիս նրա կառավարումն ընդհանրապես: Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի նկատմամբ, օրինակ, ամերիկյան հետախուզության եւ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հանգրվանած կուբացի փախստականների կողմից իրականացվել է մի քանի տասնյակ մահափորձ: Տարիներ առաջ ինչ-որ տեղ կարդացել եմ, որ մահափորձերի քանակը հասնում էր նույնիսկ 150-ի: Բայց բոլորն էլ ավարտվել են անարդյունք, ու նա մահացել է բնական մահով՝ ապրելով 90 տարի: 
Բացառությամբ հոկտեմբերի 27-ի եւ ի տարբերություն կուբայական առաջնորդի՝ Հայաստանում իշխանափոխության նպատակով հիմնականում ոչ թե իրական մահափորձեր էին ձեռնարկվում, այլ՝ իշխանությունների կողմից կատարված դավադրապաշտական «բացահայտումներ»: Երբ ՀՀ երրորդ նախագահին, օրինակ, գահընկեց անելու դավադրություններ էին «բացահայտվում», նորմալ մարդուն մնում էր խիստ զարմանալը: Որովհետեւ որեւէ մեկը պետք է անմեղսունակ լիներ, որպեսզի փորձեր հեռացնել թույլ իշխանավորին, եթե, իհարկե, ինքը չէր զբաղեցնելու նրա տեղը: Սակայն նախկինների օրոք Հայաստանն այնքան կայացած երկիր էր, որ ինչ էլ պատահեր Սերժ Սարգսյանին, նրան պաշտոնից զրկողը չէր փոխարինելու տուժածին: Ու այդ պատճառով էլ նրա նկատմամբ մահափորձերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններն արժանանում էին հասարակության գրագետ հատվածի ներկայացուցիչների քմծիծաղին:

Իշխանության հետ միասին դավադրապաշտական «բացահայտումների» ավանդույթը եւս, որպես ժառանգություն, անցավ Փաշինյան Նիկոլին: Բայց ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի դեպքում հանգամանքներն այլ են: Վերջինս ձեւավորել է մեկ անձի բացարձակ իշխանություն՝ դրա անվանումը դնելով ժողովրդավարական: Չնայած այդպիսի իշխանությունը տեսականորեն անգամ չի կարող կոչվել ժողովրդավարական: Սակայն, քանի որ այդ իշխանությունը կյանքի է կոչում արեւմտյան շահերին համապատասխան քաղաքականություն, արեւմտյան աշխարհը թքած ունի նման «նրբության» վրա: Ու, բնականաբար, այն պահպանվում է Արեւմուտքի կողմից: Իսկ Արեւմուտքի կողմից հատկացված գումարների շնորհիվ էլ՝ երկրի ուժայինների ու հատկապես իրավապահ համակարգի կողմից:

Այդ պայմաններում, որքան էլ մեծ լինի հանրության ատելությունն այդ մեկ անձի նկատմամբ, դավադրությամբ նրան գահընկեց անելը կլիներ ֆանտաստիկայի ժանրից, հատկապես՝ ոչ ուժայինների կողմից նախապատրաստվածը: Իսկ թե ինչպիսին կարող է լինել հայկական ուժայինների կողմից ծրագրավորվածը՝ մենք ականատես եղանք երեքուկես տարի առաջ՝ փետրվարի վերջին: Ինչը նշանակում է, որ քմծիծաղով պետք է վերաբերվել բոլոր այն «բացահայտումներին», որ կատարվում են անվտանգության մարմինների կողմից: Ի դեպ, զարմանալի է, որ Ազգային անվտանգության ծառայության անվանման առաջին բաղադրիչը չի փոխարինվել «պետական» բառով: Չէ՞ որ, անվտանգության ծառայություն կարող է ունենալ պետությունը կամ իշխանությունը եւ կամ «մեկ անձը», սակայն ո՛չ երբեք ազգը: 

Ինչեւէ, ուղղակի մեղք են այն մարդիկ, ովքեր, իրենց կամքից անկախ, այս կամ այն ժամկետով կորցնում են ազատությունը՝ վերածվելով հայաստանյան իրավապահների կողմից բեմադրված ներկայացումների դերակատարների: Ինչ վերաբերում է Նիկոլին պաշտոնից հեռացնելուն, ապա դա տեղի է ունենալու ճիշտ այնպես, ինչպես ինքն է եկել իշխանության: Ու դա, ուզի թե չուզի ինքը, կյանքի է կոչվելու Բագրատ սրբազանի կողմից, ով բացահայտորեն իր վրա է վերցրել մեր ժողովրդի արժանապատվությունն ու ինքնասիրությունը վերականգնելու մեծ առաքելությունը: Եվ դրա դեմն առնելու առումով որեւէ ձեւով չեն նպաստելու գործող իշխանության կողմից ժամանակ առ ժամանակ Հայաստանում գեներացվող դավադրապաշտական «բացահայտումները»: