Եթե Հայաստանը լիներ իրական ժողովրդավարական պետություն…
«GALLUP»-ի հայաստանյան գործընկեր կազմակերպության վերջին հարցման արդյունքներում առկա էր մի կարևոր նրբություն (վերջին բառն, ինչպես հայտնի է, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ձեզ հայտնի անձի բառապաշարում), որը հավուր պատշաճի չգնահատվեց: Խոսքը սոցիոլոգիական հարցման՝ պետության քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի պատասխանների նշանակության մասին է: Ինչը վստահաբար օգտագործվելու է այս իշխանության դեմ` ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին հրաժարական պարտադրելու գործընթացում: Կամ` պետք է օգտագործվի, քանի որ դրանք դուրս են գալիս սովորական և ամենօրյա հարցադրումներին տրվող առօրյա պատասխանների շրջանակից:
Առաջին հարցին («Հնարավո՞ր եք համարում արդյոք «Խաղաղության պայմանագրի» կնքումը մինչև տարեվերջ») բացասական պատասխան է տվել հարցվածների 64,6 տոկոսը: Դա ավելին է, քան հասարակական խնդիրներում օգտագործվող «Ոսկե հատվածի» արժեքը (կազմում է 61.8), ինչը նշանակում է հասարակության ամբողջական հավանությունը որևէ երևույթին: Ինչն, իր հերթին նշանակում է, որ հայաոստանյան հասարակությունը չի հավատում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի քաղաքականության գլխավոր ուղղության իրականացմանը: Եթե Հայաստանը լիներ իրական ժողովրդավարական պետություն, ապա դա բավարար էր, որպեսզի վերջինս հրաժարական ներկայացներ: Բայց դե Հայաստանն ո՜ւր, ժողովրդավարությունն ո՜ւր…
Երկրորդ. հարցման երկրորդ կարևոր՝ «Հայաստանը պե՞տք է գնա նոր զիջումների Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար» հարցին բացասական պատասխան է տվել հարցվածների 90 տոկոսը: Ասելով, որ «մենք այլևս ոչինչ չունենք զիջելու»: Սա ուղղակի սպանիչ ցուցանիշ է պետության ղեկավարության համար: Եվ եթե մենք, որքան էլ դա անբնական հնչի, վերացարկվենք պատերազմից, պատերազմի զոհերից, Արցախի էթնիկ զտումից ու կորստից, նման ցուցանիշ արձանագրած իշխանությունն իր ողջ կազմով պետք է մեղա գար սեփական ժողովրդի առաջ: Ու այնքան ժամանակ, որքան ինքը ղեկավարել է, քավեր իր մեղքը հասարակական աշխատանք կատարելով: Ճիշտ այնպես, ինչպես դա նախատեսված է Քրեական օրենսգրքով դատապարտվածների որոշ կատեգորիաների առումով:
Երրորդ հարցին («Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ ՍԴ-ն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրվական ուժ չունեցող համարեց») բացասական պատասխան է տվել հարցվածների 72,8 տոկոսը: Ի՞նչ է ցույց տալիս այս հանգամանքը: Որ հասարակությունը՝ թեկուզ պասիվ ձևով, չի ընդունում, նախ ՍԴ այդ անօրինական որոշումը (25-30 տարի առաջ որպես լրագրող ՍԴ որոշումներն արձանագրելով՝ երբեք չէի մտածի, որ մի օր ականատես կլինեմ պետականամետ այդ կառույցի անօրինական ոոշմանը): Երկրորդ, ՍԴ որոշումը մերժելով ՝ հանրությունը մերժում է նաև (ճիշտ է՝ դեռևս պասիվ ձևով) նման որոշում ընդունած՝ Սահմանադրության խախտումով ձևավորված ՍԴ գործող կազմը: Ասեմ, որ նախկինների օրոք, որպես ընդդիմադիր, հարգանք եմ տածել այսօրվա ՍԴ ինքնահռչակ «նախագահ» Գրիգորյան Վահեի նկատմամբ: Փաստորեն սխալվել եմ:
Եվ վերջապես չորրորդ և, իմ կարծիքով, ամենակարևոր հարցադրումը. «Ի՞նչ եք կարծում, որն է ՀՀ-ի ամենակարևոր խնդիրը»: Այս փակ հարցին, ինչպես երևում է, տրվել է երկու պատասխան (քանի որ տոկոսային գումարն ավելի է 100-ից): Ինչևէ, հարցվածների 76,2 տոկոսը մատնանշել է անվտանգության և սահմանային հարցերը։ Սա կրկին մանացույց է անում, որ ՀՀ տարածքի մակետն անընդհատ ցուցադրող անձն այս հարցում ևս կրել է լիակատար ֆիասկո (լիակատար ձախողում): Ի դեպ, միջնադարյան Իտալիայում արվեստի գործի ձախողված կատարողի (լիներ երգիչ կամ դերասան) վզից, որպես խայտառակության նշան, կախ են տվել ինչ-որ շիշ (նյութը քաղված է Վիքիբառարանից): Կարծում եմ, որ արդար կլիներ, եթե այդ անձի վզից մինչև կյանքի վերջը կախվեր նրա կողմից ցուցադրվող մակետը: Որպեսզի ինքն ու իր շրջապատը գիտակցեին, թե հասարակության կարծիքով որն է մեր երկրի ամենակենսական խնդիրը: Իսկ ինքը փորձում է հայաստանցիներին համոզել, որ Հայաստանի առաջնային խնդիրների շարքից են քաղաքական կայունությունը (կարևորել է հարցվածների ընդամենը 19,4 տոկոսը), տնտեսական զարգացման հարցերը (կարևորել է 16,4 տոկոսը), աշխատանքային և սոցիալական խնդիրները (կարևորել է 9,6 տոկոսը)։
Կարծիքներ