Աջակցե՛նք պաղեստինցիների և լիբանանցիների արդար պայքարին. Էրդողանի կոչը

Աջակցե՛նք պաղեստինցիների և լիբանանցիների արդար պայքարին. Էրդողանի կոչը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան ցեղասպանություններից մեկը»։

Էրդողանը մասնակցել է Ստամբուլում անցկացվող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության «Տնտեսական եւ առևտրային համագործակցության» մշտական ​​հանձնաժողովի 40-րդ նիստին։

Ըստ Էրդողանի՝ իսրայելական գործողությունների հետևանքով նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր Գազայում մոտավորապես 50 հազար մարդ է զոհվել։

Նա  կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին «մի կողմ դնել հակասությունները և աջակցել պաղեստինցիների ու լիբանանցիների արդար պայքարին»։

Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել առևտրատնտեսական հարաբերություններին՝ նշել է․ «Եգիպտոսի տարածքով Գազա ենք հասցրել ավելի քան 85 հազար տոննա օգնություն։ Մենք այն երկիրն ենք, որն ամենաշատ օգնությունն է ցուցաբերում Գազային։ Ի պատասխան Գազայի ցեղասպանության՝ մենք ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Մենք հրաժարվել ենք 9․5 միլիարդ դոլարի առևտրից»։