Բուն հարցից խոսիր․․․

Բուն հարցից խոսիր․․․

Երբ դեռ փոքր էի, սիրում էի հարևանների կռիվները լսել ու մտքումս որոշել, թե ով է հաղթում։ Պետական շենք էր, կռիվը հա էլ կար, ես էլ մի կռիվ   բաց չէի թողնում։ Երբ արդեն դուրս եկա այդ տարիքից ու աշխատում էի «Զանգեզուր» թերթում, բախտս բերել էր․ մեր նստավայրում տեղակայված էր դատարանի շենքը։ Դատեր, կռիվներ՝ ինչքան ասես։ Երբեմն անաղմուկ գրասենյակից ծլկում ու դատի էի մասնակցում։ Մի լավ խմբագիր ունեինք, գիտեր թուլությունս՝ երբ պետք էի լինում ու ինձ չէին գտնում, ասում էր՝ էդ հիմարը երևի էլի դատ է լսում, գնացեք բերեք։ Մի այսպիսի դատի էի ներկա։ Մեկի տունը, թշնամություն էին արել՝ պայթեցրել։ Իրենք տանը չէին եղել, բայց մի գամփռ շուն էին «պահակ դրել» դռան շեմին։ Տնից համարյա բան չէր մնացել։ Չեն իմացել, որ տերերը տանը չեն, նրանց էին ուզում վնաս հասցնել։ Ինչևէ, այդ գամփռ շանը տարածքին մոտենալու համար թույնել էին։ Տան տերը տունը, ամեն ինչը մոռացած էս դատավորի սիրտը «մղկտացնում էր»՝ շունը, հա շունը։ Ասում էր՝ այդ պայթեցնողին գնդակահարություն պիտի տան, որովհետև անլեզու խեղջ հայվանին թունավորել է։ Դատը համարյա ընթանում էր եվրոպական հումանիստական ոգով։ Եթե նման դատ Եվրոպայում ընթանար, հավանաբար տուն պայթեցնողին կդատեին շուն թունավորելու հոդվածով։ Բայց քանի որ մեր դատավորը մի «լեռնցի մուժիկ էր», գոռում էր՝ բուն հարցից խոսի, քաղաքացի։ Դա էլ թե՝ բուն հարցը  շունն է։ Նա որ լիներ, տունը էդ սրիկան  չէր կարա պայթեցնի։

Մեր իշխանությունն էլ է էդ մարդու նման ։ Տունը ձեռքից առել են, իրեն տնից դուրս են հանել, ինքը ամեն ինչի մասին խոսում է, բացի նրանից, որ իրեն տնից վտարել են։ Իրեն հումանիտար  բառն է հետաքրքրում, որ էդ բառը ասի՝ «եվրոպացիները ուշաթափ լինեն»։ Ինքը դրա մեջ քաղաքականություն չի ուզում տեսնել, որովհետև եվրոպացիները հումանիտար օգնության համար գժվում են, իսկ քաղաքականությունն իրենք են թելադրում։ Արցախը լրիվ կորցնում ենք, մեր  պետականությունն է լրջագույն վտանգի տակ, Նիկոլը մեզ կենտրոնացրել է հումանիտար միջանցքի վրա։ Մեր ,,լեռնցի մուժիկ,, դատավորը լիներ, կասեր՝ բուն հարցից խոսիր, քաղաքացի։ Բուն հարցի՜ց։ Կինո մի տուր, թե  կնիկդ հարկերից խուսափում է։ Խոսիր, տեսնենք՝ էս ի՞նչ դրիր մեր երկրի ու մեր գլխին։