«Հրապարակ». Հարստացնենք բանկերին՝ թոշակառուների հաշվին

«Հրապարակ». Հարստացնենք բանկերին՝ թոշակառուների հաշվին

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություն, որով նախատեսում են «Հայփոստից» վերցնել կենաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու հնարավորությունը եւ տալ որոշ բանկերի։ Նախագծով նշվում է, որ այդ բանկերն են «միայն սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկերը», այսինքն՝ կառավարությունն ինքն է որոշելու, թե որ բանկերի հետ կնքի նման պայմանագրեր, եւ որ բանկերը պետք է մատուցեն այդ ծառայությունը։ Բացի այդ, բարձրացվում է «Հայփոստի» կողմից կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների եւ նպաստների վճարման ծառայության համար սահմանված ինքնարժեքը։ Ներկայում «Հայփոստի» ծառայության ինքնարժեքը կազմում է վճարվող թոշակի 1․36 տոկոսը, որը սահմանվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, իսկ նախագծով, հաշվի առնելով վարչապետի աշխատակազմի հանձնարարականը, նոր ինքնարժեք է սահմանվել` 1.63 տոկոս, որին գումարվելու է նաեւ ինքնարժեքի 20 տոկոսը՝ որպես շահույթ։

Ստացվում է, որ այս նախագծով շահում են կառավարության կողմից նախընտրելի բանկերը, քանի որ այդ բանկերը նոր հաճախորդներ են ձեռք բերում, շրջանառությունը մեծանում է, «Հայփոստի» կորցրած թոշակառուներն էլ կոմպենսացվում են կանխիկ վճարումների միջնորդավճարի չափի ավելացմամբ։ Թեեւ սա հաճախորդների նոր կորստի է հանգեցնելու, քանի որ թոշակառուները կարողանում են իրենց սուղ միջոցները հաշվարկել, եւ միջնորդավճարի բարձրացումն աննկատ չի անցնի` նրանք ավելի եռանդով կտեղափոխվեն բանկեր, ինչը նշանակում է, որ «Հայփոստն» էական թվով հաճախորդներ կկորցնի: Սակայն, մեծ հաշվով, բոլորը գոհ կմնան այս նախաձեռնությունից, բացի թոշակառուներից, որոնց թոշակների չնչին` 2-3 հազար դրամով բարձրացումները կառավարության համար մեկ տարվա ինքնագովազդի առիթ են դառնում, եւ նույնիսկ միջազգային բարձր ատյաններից է այդ մասին հայտարարվում, բայց տարեցների կյանքի որակն անշեղորեն ընկնում է։ Առավելապես շահելու են, իհարկե, բանկերը, որոնք, բոլորին է հայտնի, այս իշխանության եւ կառավարության մաս են կազմում, ուստի վերջինս ամեն ինչ անում է՝ բանկերին գերշահույթ ապահովելու համար: