ԱԱԾ-ն լրատվամիջոցներին կոչ է անում գիտակցված մոտեցում ցուցաբերել՝ ադրբեջանական քարտեզը տարածելով

ԱԱԾ-ն լրատվամիջոցներին կոչ է անում գիտակցված մոտեցում ցուցաբերել՝ ադրբեջանական քարտեզը տարածելով

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր իբրեւ թե փորձել է ուղղորդել ԶԼՄ-ներին եւ մի հայտարարություն է տարածել՝ ուղղված լրատվամիջոցներին, որտեղ ասվում է

«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և խուճապային տրամադրության ձևավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից: Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու միանշանակ կերպով ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին»։

Այս հաղորդագրությանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե այս հաղորդագրությունը նաեւ տեսանյութի տեսքով չտարածեին՝ ազդու ձայնով ուղեկցված, եւ այդ տեսանյութի մեջ տարածաշրջանի քարտեզի ադրբեջանական տարբերակն օգտագործած չլինեին, որտեղ նշված չեն ազատագրված տարածքները, իսկ Արցախը Ադրբեջանի հանրապետության գույնից քիչ տարբերվող գույնով է պատկերված։
Այսքան գիտակից ԱԱԾ-ն, փաստորեն, չի հասկանում, որ մասնավոր լրատվամիջոցներն ազատ են իրենց գործողություններում՝ կարող են սեփական մեկնաբանություններով հանդես գալ, իսկ ինքը պետական կառույց է, երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն, որը նաեւ պետական քաղաքականության կրողն է եւ իրավունք չունի միլիմետր անգամ շեղվել պետական գծից։