Կորոնավիրուսի անվան տակ կառավարությունը փող է հավաքում

Կորոնավիրուսի անվան տակ կառավարությունը փող է հավաքում

Կորոնավիրուսի վարակից էլ արագ Հայաստանում կարող է սոցիալական բունտ հասունանալ, իսկ բունտի օջախը կարող է լինել հենց պետական համակարգը, որտեղ դժգոհություններ են հանսունանում: Բանն այն է, որ հայրենի իշխանությունը Կենտրոնական բանկում այս պահին առկա տնտեսված 370 միլիարդ դրամ գումարը որոշել է չօգտագործել։ Ավելին՝ պետական ապարատին այս ամիս ոչ միայն կզրկեն պարգեւավճարներից, որին նրանք վերջին մեկ տարում սովորել էին, այլեւ նրանցից շատերին առաջարկել են մասնակցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հանգանակություններին՝ իրենց առանց այն էլ ոչ բարձր աշխատավարձերից մասհանումներ անել հիշյալ հիմնադրամին:

Այսինքն, հին ու բարի ավանդույթները վերադառնում են, երբ «թալանչի» իշխանությունը  տարբեր «հայրենասիրական» ծրագրերի անվան տակ գերատեսչություններում դրամահավաք էր կազմակերպում։ Մի օր «Հայաստան» հիմնադրամին էին գումար փոխանցում, մյուս օրը՝ ապրիլյանի զոհերի ընտանիքներին օգնելու, հաջորդ օրը երեխաների համար էին աբոնեմենտի փող հավաքում, չորրորդ օրը՝ դպրոցում նորոգման համար, եւ վերջում ոչ մեկը չէր իմանում, թե իր տրամադրած գումարն ինչ նպատակի է ծառայել կամ ում գրպանում է հայտնվել։

Մենք տեղեկացանք, որ հրահանգ է իջեցվել բոլոր գերատեսչությունների աշխատակիցներին՝ աշխատավարձերից գումար փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված ֆոնդին: Դրան համատարած մասնակցում են ուժային կառույցները։

Իսկ Ազգային ժողովում, օրինակ, մինչեւ տարեվերջ այլեւս չեն ստանա 30 տոկոս պարգեւավճարները, որն ամրագրել էին բյուջեով: Եթե Հայաստանի պայմաններում բարձր աշխատավարձ ստացող պատգամավորների, նախարարների  կյանքում 30 տոկոս կամ ավելի պարգեւավճարները չստանալը մեծ բան չի փոխի, ապա նույնը չի կարելի ասել 120-140 հազար դրամով ապրող միջին օղակի, օրինակ, ԱԺ աշխատակազմի մասին: Ընդ որում՝ հստակ թվեր են նշվում, օրինակ, ոստիկանության ղեկավար անձնակազմը փոխանցում է 30 հազարական դրամ, միջին պաշտոնյաները՝ 12-15 հազար, իսկ, ասենք, օպերները 8 հազար դրամ պետք է փոխանցեն: 

Ի դեպ, բացի պարգեւավճարների ֆոնդից, խորհրդարանն այդ ֆոնդին է փոխանցել նաեւ չեղարկված ու առաջիկայում չեղարկվելիք գործուղումների համար նախատեսված գումարները եւ ոչ միայն։ «Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։ Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված եւ 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների եւ պատգամավորների պարգեւատրման ողջ ֆոնդը, ինչպես նաեւ ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների եւ այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ»,- տեղեկացրին խորհրդարանից: 

Մինչդեռ որոշ խոսնակներ փորձում էին ամեն կերպ թաքցնել, որ գումար են փոխանցել: Օրինակ՝ ոստիկանության լրատվականի պետ Աշոտ Ահարոնյանը բառացիորեն փոխանցեց. «Վստահ եմ՝ կլինեն ծառայողներ ու պաշտոնյաներ, որոնք փոխանցել են կամ կփոխանցեն, սակայն համակարգված դրամահավաք չի եղել: Դա յուրաքանչյուրի որոշելիքն է»: 

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանն էլ ասաց․ «Այս պահին ես նման ինֆորմացիա չունեմ, հարկ եղած դեպքում կհայտարարենք»։ Փորձեցինք ճշտել՝ ինֆորմացիա չկա, նշանակում է՝ փոխանցում չի՞ արվել։ «Ես նման բան չասացի»։ Դուք՝ որպես նախարարության խոսնակ, փոխանցե՞լ եք։ «Որպես նախարարության խոսնակ՝ ոչ, բայց որպես անհատ՝ այո»,- խուսանավեց խոսնակը՝ չնշելով, թե որքան է փոխանցել «որպես անհատ»: 

Էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Աննա Օհանյանն էլ ասաց, թե նախարարության բյուջեում նման հատկացում չեն ունեցել, որ գումար փոխանցեն։ Իսկ աշխատավարձերի՞ց։ «Աշխատակիցները եթե ունեն ցանկություն, ուրեմն կփոխանցեն»: Մինչդեռ Գլխավոր դատախազության խոսնակ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ 10 մլն դրամ են փոխանցել, իսկ թե յուրաքանչյուրից որքան, չասաց: