Հայաստանից օտարված սփյուռքը թուրքերի երազանքն էր

Հայաստանից օտարված սփյուռքը թուրքերի երազանքն էր

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ադրբեջանցիներին ու թուրքերին ուրախացնելու շատ առիթներ է տվել եւ շարունակում է տալ: Առաջինը հենց արցախյան պատերազմի ժամանակ ազերիների ահ ու սարսափ դարձած զինվորականներին ճաղերի ետեւում պահելն ու կտտանքների ենթարկելն էր: Մանվել Գրիգորյանի մահը՝ վկա: 

Մեր հարեւան թուրքերի համար տասնամյակներ ի վեր մեծ խնդիր է հայկական սփյուռքը՝ իր քաղաքական ու հասարակական տարբեր կառույցներով: Այն 1915-ի եղեռնից ի վեր բարձրաձայնում է ցեղասպանության ճանաչման հարցը: Սփյուռքում է կազմավորվել ու գործել վրիժառուների ԱՍԱԼԱ կառույցը: Սփյուռքը միշտ եղել է ու կա Հայաստանի թիկունքում, ինչի վառ ապացույցը 44-օրյա պատերազմի ժամանակ տարաբնույթ ֆինանսական եւ բարոյական աջակցությունն էր: Սփյուռքահայերն աշխարհով մեկ մեծ աղմուկ էին բարձրացնում ադրբեջանաթուրքական ագրեսիայի եւ մերօրյա ցեղասպանության դեմ: Մի խոսքով, սփյուռքը ծակող փշի նման միշտ կանգնած է եղել Թուրքիայի կոկորդում: Հայերին ցեղասպանած երկիրը որեւէ կերպ չէր կարողանում լռեցնել կամ թուլացնել հայկական սփյուռքին, գոնե՝ թուլացնել Հայաստանի հետ նրա կապերը: Այս հարցում նրանց օգնության հասավ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ով Հայաստանի ներսում հասարակությանը պառակտելուց հետո դուրս եկավ երկրի սահմաններից ու հասավ նաեւ սփյուռքին: 

Հայաստան-սփյուռք կապերն ապահովող տարբեր լայնամասշտաբ միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ նախկին նախագահների օրոք: Այդ միջոցառումները եղել են բավականին լավ կազմակերպված. հրավիրված են եղել սփյուռքի՝ քաղաքական ամենատարբեր ուղղության հարող կառույցներ, եղել են մեծամասշտաբ: Մեր սփյուռքահայ հայրենակիցների նման այցերը եղել են սպասված, անցել են ջերմ մթնոլորտում: Մարդիկ հայրենիք գալիս էին ընտանիքներով, խմբերով, շփվում էին մարդկանց հետ: Ամբողջ Երեւանը զգում էր սփյուռքի շունչը, նրանց հետ շփումներում չկար ոչ մի սահմանափակում թե՛ շարքային քաղաքացիների, թե՛ լրագրողների համար: Իսկ Հայաստանից հեռանալիս նրանք գնում էին նոր վերադարձի հույսով ու ծրագրով: 

Փաշինյանականները որոշեցին տակնուվրա անել ու փոխել նաեւ այս ավանդույթները: Փաշինյանի համար, իհարկե, հեշտ չէ. նա կամ իր կինը որ երկիր ոտք են դնում, մանավանդ՝ պատերազմից հետո, նրանց ճանապարհին հայտնվում են տեղի համայնքի ներկայացուցիչները եւ «դավաճան» կամ այլ անպատվաբեր բացականչություններով նրանց հանդեպ իրենց վերաբերմունքն են ի ցույց դնում: Այսպիսի վերաբերմունքի ՀՀ ոչ մի ղեկավար երբեւէ չի արժանացել, թերեւս` չհաշված Սերժ Սարգսյանին, ով ֆուտբոլային դիվանագիտության շրջանում շրջում էր հայկական գաղթօջախներով եւ հուժկու դիմադրության արժանանում: 

Փաշինյանն այլեւս զգում է, որ ինքն «անցանկալի անձ» է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ սփյուռքում: Իհարկե, սփյուռքը միատարր չէ, այնտեղ կան տարբեր քաղաքական ուղղվածության ու կողմնորոշման մարդիկ: Դեռեւս կան փոքրաթիվ խմբեր, որոնք դեռ հավատում ու սատարում են Փաշինյանին, բայց ոչ թե այն պատճառով, որ այս մարդիկ դավաճան են եւ հողատու, այլ որ վստահ են` այս պարտությունը «նախկինները գցեցին խեղճ հարիֆի գրպանը»: Այս փոքրաթիվ մարդկանցով Փաշինյանը չէր կարող լայնամասշտաբ միջոցառում նախաձեռնել՝ սփյուռքի հետ սերտ հարաբերությունների իմիտացիա ձեւավորելու նպատակով: «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» ազդեցիկ ու հնչեղ անունը ստացած խղճուկ միջոցառումը, որն աննկատ սկսվեց եւ աննկատ էլ անցավ, կիսադատարկ դահլիճում էր ընթանում: Միջոցառումների հիմնական բանախոսները մարդիկ էին, ովքեր այս երկրում երբեւէ քարը քարի վրա չեն դրել, եղածն էլ քանդել են, բայց դեմքի լուրջ արտահայտությամբ դասեր էին տալիս մեր հայրենակիցներին ու սովորեցնում, թե ոնց սիրել հայրենիքը: Իսկ Զարեհ Սինանյանը նրանց մեղադրում էր, թե սփյուռքահայերը Հայաստանում պաշտոն են ուզում: Գուցե Սինանյանը մտավախություն ուներ, թե իր աթոռը կարող է ձեռքից տանեն այլ սփյուռքահայեր: Թե ինչ կազմով էր սփյուռքը ներկայացել «գագաթնաժողովին», դրան «Հրապարակն» անդրադարձել է. նրանց մեծ մասն ապրում է Հայաստանում կամ վերջերս է վերադարձել արտերկրից: 

Իսկ նրանք, ովքեր իրոք ժամանել էին սփյուռքից, հիմնականում հիասթափված հեռացան Հայաստանից: Բոլորին հասկանալի դարձավ, որ Փաշինյանին հաջողվել է  սփյուռքն օտարել Հայաստանից՝ սեպ խրելով յուրային եւ ոչ յուրային սփյուռքահայերի միջեւ: Իսկ սա, անշուշտ, տեսնում է Թուրքիան  ու մեծ բավականություն ստանում: Փաշինյանն արեց այն, ինչը հարյուր տարի չէր կարողանում անել թուրքական որեւէ իշխանություն: