«Իմ քայլի» ավագանու անդամներն առաջարկում են փակել 2 մարզադպրոց

«Իմ քայլի» ավագանու անդամներն առաջարկում են փակել 2 մարզադպրոց

Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներ Լեւոն Հովհաննիսյանը, Արմեն Գալջյանը եւ Արման Անտոնյանը հերթական աղմկահարույց նախագիծն են բերել, որով առաջարկում են լուծարել Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցը եւ Երեւանի Կենտրոնի Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցը։  

Իշխանական ավագանու անդամներն իրենց հիմնավորումներում նշում են, թե մարզադպրոցները չունեն իրենց սեփական մարզադահլիճը, աշակերտներն իրենց մարզումներն անցկացնում են մեկ այլ մարզական ակումբի՝ Երևանում համապատասխան պայմաններով այլ մասնագիտացված տարածքներում։ Հետո հավելում են՝ լուծարվող կազմակերպությունների գործող բոլոր մարզական խմբերը կտեղափոխվեն նոր ստեղծվող կազմակերպության ներքո, որոնք կգործեն սեփական տարածքում: 

Նախագիծը ներառված է նոյեմբերի 30-ին կայանալիք ավագանու հերթական նիստի օրակարգում։

Մարզադպրոցների ղեկավար կազմերը խիստ դժգոհ են առաջարկած նախագծից, ասում են՝ նման բան չի կարելի անել։

«Աթլետիկայի մարզադպրոցի» փոխտնօրեն Վարազդատ Միրիջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ 216 աշակերտ ունեն, այն ամենազարգացած մարզադպրոցներից մեկն է․ «Մարդիկ զարգացնում են սպորտ, իսկ իրենք քանդում են, պատկերացրեք՝ 216 երեխա, հիմա կորոնա է, հասկացանք, մի 30-40 հոգի նորմալ չի գալիս, հասկանալի է։ Ես 67 տարի է աշխատում եմ այս բնագավառում, այ սենց այլանդակություն չեմ տեսել։ Գիշերը պառկում են, մտածում են՝ ոնց կարան վատություն անեն։ Զանգում են երեխաների տները, հետաքրքրվում են՝ դուք պարապմունքի գնո՞ւմ եք, բա ինչքա՞ն եք փող վճարում։ Բայց մենք պետք է փող վճարենք, որ այդ երեխաները գան թեթեւ աթլետիկա պարապեն»։

Հարցին, թե որտեղի՞ց են զանգահարում, նման հարցեր տալիս երեխաներին, պատասխանեց․ «Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության բաժիններից, էլ բանուգործ չունեն, հիմա էլ երեխաներին են, հա՞, խառնում ամեն ինչի մեջ։ Սա կոչվում է հանցագործության ճանապարհ։ Ես այսօր եմ իմացել, մեր կոլեգաներից մեկը զանգեց, ասեց, քաղաքապետարանում նստած 2 հոգի հարցեր են լուծում։  Երեխեքը դրանով էին ուրախանում, դա էլ վերացրեք, ամոթ է, ամոթ։ Հայաստանում մութ ու սոված տարիներին սպորտ դպրոց էր գործում, իսկ հիմա փակո՞ւմ են»։

Մեր զրուցակիցը նշեց, որ ունեն խմբեր, որոնք հանրակրթական դպրոցներում են պարապում։ 

«Հա, քանդեք, քանդելը հեշտ է; Քանդեք, էլ ոչ մի բան չեն սարքի։ 1959 թվականի սեպտեմբերի 1-ին այս դպրոցը բացվել է եւ եղել է Երեւան քաղաքի միակ սպորտ դպրոցը»,-նշեց փոխտնօրենը։

Աթլետիկայի մարզադպրոցը ունի 11 մարզիչ։

Մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը եւս բացասական է վերաբերում նախագծին․ «Մենք ունենք մեր դպրոցում 236 աշակերտ, բայց դա վերջնական թիվ չէ, քանի որ ամբողջ տարվա ընթացքում էլի ընդունելություններ են լինում, տարվա վերջ մեր երեխաների քանակը հասնում է մինչեւ 300 աշակերտի։ Փակման համար խիստ բացասական կարծիք ունեմ, ինչպե՞ս կարելի է գործող դպրոցը փակել։ Ես 5 տարվա արդյունքները հանել եմ, որպեսզի ցույց տամ, թե ինչ արդյունքներ ենք գրանցել, քանի սպորտի վարպետներ ենք մենք պատրաստել, ազգային հավաքական թիմերը մենք համալրել ենք բարձրակարգ մարզիկներով, Հայաստանին չեմպիոններ ենք տվել, ինչի՞ համար են փակում դպրոցը»։

Ըստ տնօրենի՝ մարզադպրոցի լուծարման լուրերը հասել են նաեւ երեխաների ծնողներին, վերջիններս ուզում են գործողություններ կատարել, սակայն Բելլա Ղազարյանը թույլ չի տվել։ Լուծարման մասին իմացել են 3-4 օր առաջ։

«Ո՞նց կարելի է այդ ձեւ մոտենալ մարզադպրոցին, փոխանակ սպորտը զարգացնեն։ Մենք նախագիծը բացել ենք ամբողջ անձնակազմով, կարդացել ենք, հիմնավորումը շատ թույլ է, այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում,տեղափոխում են ավելի անմխիթար վիճակում գտնվող մարզադահլիճ, որտեղ հատակը լրիվ վնասված է, մեզ մոտ պարապում են 6-ից 17 տարեկան աղջիկներ՝ մասիկներով։  Ծնողը մտնի նշված մարզադահլիճը՝ էլ չի բերի։ Մենք պարապում ենք լավագույն հանրակրթական դպրոցների մարզադահլիճներում՝ վերանորոգված»,-նշեց Ղազարյանը։

Նախագծի հեղինակներից Լեւոն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ նախագիծը հնարավոր է հանվի օրակարգից․ «Ընդամենը կառավարումն է այլ կերպ արվելու, որեւէ ձեւ երեխաները, սպորտը այս նախագծից չի կարող տուժել, եթե տնօրինության մոտ ինչ-որ դժգոհություն կա, դա չի նշանակում, որ ինչ-որ ձեւով հարվածելու ենք մարզվելուն։ Հնարավոր է շենքային պայմանները բարելավենք՝ թե մարզիչների մասով, թե երեխաների մասով որեւէ փոփոխություն չի սպասվում, կարող է կառավարման մասով ինչ-որ փոփոխոփություն լիներ։ Բայց քանի որ այս պահի դրությամբ նոր ՀՈԱԿ ստեղծելու նախագիծը պատրաստ չէ, հնարավոր է՝ այս նիստով չհասցնենք նախագիծն ընդունել, միգուցե կմնա հաջորդ նիստին»։

Նոր ՀՈԱԿ-ը լինելու է այն տեղերում, որտեղ այժմ գործունեություն է իրականացվում, նաեւ հնարավոր է մեկ շենք ավելանա՝ Կիլիկիա թաղամասի մոտ։

Նախագծին, ըստ մեր զրուցակցի, համապատասխան հանձնաժողովում տրվել է թե դրական, թե բացասական գնահատականներ՝ հավասար։