Ասում են՝ տար պարսիկի մոտ մորթի, պարսիկը տավար մորթո՞ղ է

Ասում են՝ տար պարսիկի մոտ մորթի, պարսիկը տավար մորթո՞ղ է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն (ՍԱՏՄ) այսօր առավոտյան այցելել են Երևանի Խորենացի փողոցում (Գումի շուկայի հարակից տարածքում) գտնվող մսի վաճառքով զբաղվող կետեր՝ ստուգելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը, չլինելու դեպքում՝ վաճառքի ենթակա մսերն առգրավելու։ Առավոտից Գումի շուկայի մոտ ուղղակի «արյուն էր հոսում»` ծեծ, քաշքշուկ, ինքնահրկիզման սպառնալիքներ, բերման ենթարկվածներ:  

Սա առաջին դեպքը չէ, որ ՍԱՏՄ-ն` կարմիր բերետավորների հետ գնում է գյուղացիների վրա գրոհելու եւ վերջիններիս դիմադրությանը հանդիպելով՝ անցնում  բռնի գործողությունների: Այսօր էլ նույն պատկերն էր, ոստիկանը խեղդելով փորձում էր բերման ենթարկել մսավաճառին, մի մսավաճառ փորձում էր ինքնահրկիզվել, ինչը կանխեցին ոստիկանները։ Ի վերջո, 7 մսավաճառի բերման ենթարկեց ոստիկանությունը, նրանք ձերբակալվել են՝ «խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու կասկածանքով», վստահաբար քրեական գործեր կհարուցեն, որոշներին կկալանավորեն, այդպես՝ մյուսների աչքը վախեցնելու համար։

Գյուղացիները դեմ չեն, որ սպանդանոցներում մորթվեն անասունները, բայց ասում են՝ Հայաստանում շատ քիչ են սպանդանոցները եւ հեռու են իրենց բնակավայրերից: Մսավաճառներից մեկը նշեց․ «Արարատի մարզում սպանդանոց չկա։ Մի հատ կա` չի աշխատում: Ասում են՝ տար պարսիկի մոտ մորթի, պարսիկը տավար մորթո՞ղ է: Մի հատ գառի սպանդանոց կա, մենակ գառ են մորթում, այն էլ պարսիկինն է»: 

Թեեւ ասում էին, որ առգրավված միսը վառելու են, մսավաճառը պնդում էր, որ չեն վառելու․ «Իհարկե, չեն վառի, կտանեն` իրենք կուտեն: Հո ապուշ չե՞ն, որ վառեն»։

«Հրապարակ»-ին ՍԱՏՄ-ից փոխանցեցին՝ մոտ 1 տոննա միս են առգրավել, այն  ենթակա է ոչնչացման` այրման միջոցով։ Միսը «Գումի» շուկայի հարակից տարածքից տեղափոխել է «Վեյսթ Սայքլ» ընկերությունը, իսկ ոչնչացումը կատարելու է «Էկոպրոտեկտ ՍՊԸ»-ն։

Վերջինիս տնօրեն Կարեն Ջանոյանից հետաքրքրվեցինք՝ միսն ինչպիսի՞ պայմաններում են այրում, պատասխանեց․  «Վառարան է, որի մեջ ջերմաստիճանը հասնում է 900-ից 1000 աստիճանի։ Ամբողջովին այրվում է, 1 տոկոսի չափով մոխիր է մնում։ Մեծ վառարան  է, մոտավորապես տասից ավելի երկարությամբ»։ Հարցին, թե հաճա՞խ են լինում մսի ոչնչացման ռեյդեր. ասաց․ «Մի քանի դեպքով լինում է, այնպես չէ, որ ամեն ամիս է կամ ամեն օր է, նախորդ անգամ՝ սեպտեմբեր ամսին, երբ շրջայցեր էին արել խանութներում, նկարել էին եւ ցույց են տվել, եւ վառարանի չափերն էլ կա, այրման եղանակն էլ է եղել»։

Անդրադառնալով մսավաճառի ասածին, թե առգրավված միսը չեն վառելու, ասաց․ «Չեմ ուզում վիճել մսավաճառի հետ, դա իր անձնական կարծիքն է, հաստատ ՍԱՏՄ-ն շրջայց է անում եւ որոշում է, որ այդ միսը վաճառքի ենթակա չի, կարող է` չի բացառվում հիվանդ անասուն լինի, դժվար թե մենք այդ միսը ուտենք, առավել եւս,եթե դա առգրավել է տեսչական մարմինը, մենք իրավունք չունենք դա ուտելու»։

Նա նշեց, որ առգրավված միսն իրենց մոտ է, ինքնահրկիզվող փորձող քաղաքացուն պատկանող մսամթերքին ձեռք չեն տալիս, հարուցված է քրեական գործ։

1 տոննա միսը, ըստ ընկերության տնօրենի, կոչնչացվի 2 օրում։ Պարզ չէ, թե ինչու են ամբողջ միսը ոչնչացնում` եթե համոզված չեն, որ հիվանդ է կամ վնասակար: Կարող էին պարզապես հետազոտել լաբորատորիաներում, համոզվել, որ առողջ միս է եւ գոնե բարեգործության կամ անհատական օգտագործման տրամադրեին մարդկանց: 

Նշենք, որ 2020-ի հուլիսի 1-ից կենդանիների սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր։ Ըստ այդմ՝ գյուղացին այլևս չի կարող իր բակում մորթել սեփական անասունն ու վաճառքի հանել: Դեռ 2020-ին գյուղացիները դժգոհում էին, թե սպանդանոցների անհրաժեշտ քանակ չկա եւ սպանդանոցից օգտվելը թանկացնում է միսը։