Խաղաղության պայմանագիրը համարժեք այլընտրանք չի կարող լինել

Հայաստանի իշխանությունների թուրք-ադրբեջանասեր կեցվածքն այնքան ճչացող ու ակնհայտ է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն անգամ լռել չեն կարողանում։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտից հետո, որը օրեր առաջ անրադարձել էր Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանությունն ուրացող հայտարարություններին ու արձանագրել, որ նրա հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն է խոսել այն մասին, որ Երեւանը չի կարող կանգնեցնել Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում վերջին 3-4 տարիների դեպքերի հետաքննությունը։
«Հայաստանը չի կարող կանգնեցնել հանցագործությունների հետաքննությունը, որոնք կատարվել են հայերի դեմ 2021թ. մայիսից»,-X-ում տեսաուղերձով ասել է Օկամպոն։
Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից փոխադարձաբար հրաժարվելու եւ Ադրբեջան հանցագործ պետության հետ «նոր, մաքուր, դատարկ էջից» հարաբերություններ սկսելու նրա պատրաստակամության ֆոնին, որի մասին հերթական անգամ Փաշինյանը խոսեց նախօրեիմ ԱՄՆ-ից, Լուիս Մորենո Օկամպոյի գրառումը, ըստ էության, Հայաստանի գործող վարչակարգի համար հերթական ապտակն ու ամոթն է։
Օկամպոյի հայտարարությունը, մասնավորապես, ՄՔԴ-ում արդարադատության հասնելու հնարավորության մասին է։ Միջազգային քրեական դատարանը իրավասու է քննել ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված, պատերազմական եւ ագրեսիայի հանցագործությունները, այսինքն, այն, ինչ արել ու անում է Ալիեւը։ Այս դատարանում գանգատն անձի դեմ է ներկայացվում։
Մինչդեռ Փաշինյանի իշխանությունը Հռոմի ստատուտի վավերացումը հիմնավորում էր Ալիեւին կատարած հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու հանգամանքով։ Իբրեւ թե այդ գործիքը օգտագործելու էին Բաքվին ագրեսիայի և ռազմական հանցագործությունների՝ ներառյալ 2021-2022 թթ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման համար պատասխանատվության կանչելու, բայց գործնականում, Փաշինյանի իշխանությունը ոչ միայն Ալիեւի դեմ ՄՔԴ բողոք չի ներկայացրել, այլեւ պատրաստվում է միջազգային մյուս ատյաններից հետ վերցնել Ադրբեջանի դեմ հայցերը։
ՄԻԵԴ-ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի` 4, իսկ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում` 1 միջպետական գանգատ ունի։ ՄԻԵԴ-ում ներկայացված գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին եւ դրանից անմիջապես հետո արձանագրված խախտումներին, գերեվարված անձանց դատավարություններին եւ ապօրինի բանտարկության խնդիրներին, ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժմանը, դրա հետեւանքով առաջացրած մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաեւ՝ խախտումներին, որոնք տեղի են ունեցել Արցախի տարածքում, այդ թվում՝ էթնիկ զտմանը։
Միջազգային իրավունքի մասնագետ ՄԻԵԴ գործերով փաստաբան Արա Ղազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է, որ գործադիր իշխանությունը չի կարող հրաժարվել այդ հայցերից, դա կհակասի ՀՀ Սահմանադրությանը։ «Ստացվում է, որ Հայաստանը հրաժարվում է հայցերից՝ ի օգուտ նրա, որ այդ հարցերը կարգավորվեն խաղաղության պայմանագրով, իսկ խաղաղության պայմանագիրը լուծվում է քաղաքական, ոչ թե իրավական գործընթացներով եւ վստահություն չկա, որ Ադրբեջանը այդ պայմանագրում ամրագրված քաղաքական համաձայնությունները կկատարի, հետեւաբար, դա ռիսկային է քաղաքացիների համար, որոնք տուժել են պատերազմից։ Պետությունը կարող է իրենց փոխարեն հրաժարվել իրավական գործընթացներից, բայց խաղաղության պայմանագրով, ի վերջո, չստանա ռեպարացիա՝ փոխհատուցում։ Իրավական գործընթացներով էլ, այն գործերը, որոնք շահել ենք՝ 8 գործ, եւ ապագայում էլ կլինեն նման վճիռներ, Ադրբեջանը չի կատարում, բայց չի էլ հրաժարվում կատարելուց։ Այս պահի դրությամբ դրանք մնում են չկատարված եւ քաղաքացիների իրավունքները բավարարված չեն, բայց գոնե այդ վճիռներով շատ կարեւոր ստանդարտներ են սահմանվում Ադրբեջանի մասին՝ որպես հանցագործ պետության, որպես ռեգիոնում վտանգավոր պետության։ Եթե մինչեւ հիմա դա սահմանվել է անհատական գործերով, ապա ընթացքի մեջ գտնվող գործերով՝ պետական գանգատներով, ավելի կամրապնդվի այն, որ Ադրբեջանը մարդկության դեմ հանցագործություն է կատարել եւ դրանից շատ է անհանգստացած, ուստի եթե Հայաստանը հրաժարվում է այդ գործընթացներից, մենք դրա իրավական գնահատականը չենք ստանա, առավելագույնը, որ կստանանք՝ խաղաղության պայմանագիրն է, որտեղ ամրագրվածը Ադրբեջանը կարող է չկատարել»-բացատրում է մասնագետը։
Նրա խոսքով, շատ կարեւոր է ՄԻԵԴ-ի դիրքորոշումը, այն տեսանկյունից, որ դատարանը հանկարծ չկասեցնի անհատական գանգատների քննությունն` այն հիմքով, որ սպասվում է խաղաղության պայմանագիր կամ անհատական գանգատները միացնի միջպետական գանգատներին, որոնք ապագայում հնարավոր է՝ հետ կանչվեն։ «Մեր անհանգստությունը երկու ուղղությամբ է՝ եւ՛ ՀՀ կառավարության այդ պատրաստակամության, եւ՛ ՄԻԵԴ-ի, որը չի բացառվում` առանց դիմումատուներին հարցնելու ինքը որոշի այդ գանգատները միացնել միջպետական գանգատներին ու հայտարարի՝ քանի որ Հայաստանը հարժարվել է, մենք դրանք հանում ենք գործերի քննության ցուցակից։ Ես գտնում եմ, որ սխալ որոշում կլինի՝ հրաժարվել միջազգային դատական գործընթացներից, ես չեմ կարծում, որ խաղաղության պայմանագիրը այդ իրավական գործընթացին համարժեք այլընտրանք կլինի»,-ահազանգում է Արա Ղազարյանը։
Նա համոզված է՝ եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, Ադրբեջանն այն չի կատարելու, խեղաթյուրելու է հնարավոր փաստաթղթի կետերը, անընդհատ խնդիրներ ստեղծի։ «Քանի դեռ Ադրբեջանում Ալիեւի իշխանությունն է, խաղաղության պայամանագիրը չի կատարվի կամ կկատարվի միակողմանի։ Ադրբեջանն իր վարքագծով փորձում է հարցը լուծել ոչ թե փոխադարձության սկզբունքի հիման վրա, այլ միակողմանիորեն»,-նկատում է Ղազարյանը։
Ինչ վերաբերում է Օկամպոյի հայտարարությանը՝ Արա Ղազարյանը բացատրում է, որ ՄՔԴ-ում քննվում են առավել լուրջ բնույթի հանցագործություններ, քան ՄԻԵԴ-ում կամ նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանում, որոնց դերը, իհարկե, նսեմացնել չի կարելի։
«Օկամպոն խոսում է այն մասին, որ եթե մենք հրաժարվենք ՄՔԴ հայց ներկայացնելու գաղափարից՝ ընդդեմ Ալիեւի, մեծ հնարավորություն կկորցնենք։ Ալիեւն է էթնիկ զտման եւ ցեղասպանության ռազմաքաղաքական որոշումներ կայացրել, բոլորս գիտենք, որ նրա հրամանով է եղել Արցախի բլոկադան, իսկ դա ցեղասպանության տանող ճանապարհ է»,-ասում է Արա Ղազարյանը՝ հավելելով, որ ՄՔԴ գանգատ ներկայացնելու ռեսուրս մասնավոր խմբերը չունեն, դա կարող է անել միայն պետությունը, որն իր քրեական հետապմնդման մարմիններով է տիրապետում փաստակազմին։
«Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին են հասու իրականացված հանցագործությունների վերաբերյալ փաստերը։ Ալիեւի դեմ հայց ներկայացնելու իրավական հիմքերը կան, բայց ապացուցելը, իհարկե, շատ ավելի բարդ է լինելու։ Չեն բացառվում նաեւ ինչ-ինչ քաղաքական գործընթացները, ի վերջո, մենք գործ ունենք միջազգային ատյանի հետ։ Մասնավոր խմբերը՝ Արտակ Բեգլարյանը, Գեղամ Ստեփանյանի հետ դիմել են, բայց, իհարկե, թեկուզ ապացույցների շեմը հաղթահարելու համար հսկայական ռեսուրս է պետք։ Այնտեղ դատախազը հայեցողության մեծ ոլորտ ունի»,-նշում է մեր զրուցակիցը՝ որպես օրինակ բերելով ՌԴ նախագահ Պուտինի դեմ հարուցված վարույթը, այն դեպքում, երբ օրինակ, հրթիռային հարվածների որոշում կայացնողը եւս նա է, բայց այդ դրվագով նախաքննություն է իրականացվում միայն ՌԴ հրթիռային զորքերի հրամանատարի մասով։
Ալիեւի դեմ ՄՔԴ գործիքակազմն օգտագործելու հնարավորության հարցում, որոշիչը քաղաքական իշխանության դիրքորոշումն է լինելու, որը, ինչպես ցույց է տալիս վարվող քաղաքականությունը ոչ «դուխ», ոչ էլ ցանկություն ունի «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ հանցագործությունները միջազգային այս ատյանում ջրի երես հանելու։
Կարծիքներ