Ովքեր լիցենզիա ստացան, ցուցադրում են այս իշխանություններին հաճո լուրեր

Ովքեր լիցենզիա ստացան, ցուցադրում են այս իշխանություններին հաճո լուրեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը երեկ կայացած մրցույթի արդյունքում վերջին երկրորդ տեղում էր, ուստի կարող է զրկվել պետական հեռարձակման արտոնագրից, իսկ Հ2-ը կրկին հաղթող չճանաչվեց: «Հրապարակը» մրցույթի արդյունքների հրապարակումից հետո զրուցել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի հետ:

- Պարոն Եսայան, 2020 թվականին տեղի ունեցած մրցույթի արդյունքում «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը միավորների քանակով զբաղեցրեց երկրորդ տեղը, այս անգամ հակառակը տեղի ունեցավ: Հեռուստաընկերությունը լիցենզավորման իրավունք չստացավ: Ինչո՞ւ….

- Նախորդ մրցույթը տեղի ունեցավ 2020 թվականի դեկտեմբերին, այո, բարձր միավորներ էինք ստացել:

- Ինչպե՞ս ստացվեց, որ հենց երկու ընդդիմադիր հեռուստաընկերությունները մրցույթից դուրս մնացին:

- Զարմանալի է, որ դեռ զարմանում եք…. մի իշխանություն, որ Արցախն է հանձնել, պատճառ է դարձել 5 հազար տղաների մահվան, ու ավելին՝ համառորեն մնում է իշխանության ղեկին, դեռ մի բան էլ` իր ներկայացուցիչները կուսակցականացնում են պետական գրեթե բոլոր կառույցները: Հիմա ինչո՞ւ եք զարմանում, որ ՀՌՀ-ն կուսակցականացնելուց հետո մենք ունենում ենք այս պատկերը:

- Հաջորդիվ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեք:

- Կստանանք գրավոր որոշումը եւ միայն դրանից հետո կմշակենք մեր ծրագրերը:

- Ցածրորակ հեռուստասերիալներ ցուցադրող թիվիները ստացան բավականին բարձր միավորներ: Ստացվում է, որ ՀՌՀ-ի ճաշակը կուսաթաղանթի, հարս-սկեսուր հարաբերությունների, սպանությունների ու սեռական ակտի մասին պատմող սերիալների շրջանակներում է սահմանափակվում: Գուցե «Երկիր մեդիան» է՞լ նման գռեհիկ արտադրանքներով սկսի հանդես գալ: Այդ դեպքում գուցե ՀՌՀ-ն ձեզ էլ բարձր միավորներ նշանակի:

- Չեմ ցանկանում խոսել մյուս թիվիների մատուցած պրոյեկտների մասին: Նրանք, ովքեր ստացան լիցենզիա, ցուցադրում են այս իշխանություններին հաճո լուրեր եւ վերլուծություններ: Հաղորդումների որակին էլ չեմ ուզում անդրադառնալ: Երկու օր առաջ սկսել ենք վեց մասից բաղկացած «Արցախ» ֆիլմը ներկայացնել մեր հեռուստադիտողներին, որի առաջին մասը վերաբերում է Արցախի պատմությանը, հնագույն ժամանակներին….

- Ո՞վ է ֆիլմի ռեժիսորը:

- Այն ամբողջությամբ «Երկիր մեդիայի» պրոդուկտն է: Նման ազգային բովանդակություն ունեցող թիվի ես չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա:

- Հնարավո՞ր է Արցախի մասին ֆիլմն է ՀՌՀ-ի զայրույթը շարժել, գուցե Ադրբեջանը փառաբանող ֆիլմ ներկայացնեք, դա նրանց դուր գա….

- Չեմ կարծում…. սա մեզ համար սպասելի որոշում էր: Փոխվել են ՀՌՀ-ի անդամները, այնպես որ, ես զարմացած չեմ….