Ըստ իս՝ Վրաստանը շահագրգռված չէ ոչ ՀՀ-Թուրքիա, ոչ ՀՀ-Ադրբեջան սահմանների բացմամբ

Ըստ իս՝ Վրաստանը շահագրգռված չէ ոչ ՀՀ-Թուրքիա, ոչ ՀՀ-Ադրբեջան սահմանների բացմամբ

Վարչապետի խոսնակը «Արմենպրեսի» միջոցով հերքեց Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է Նիկոլ Փաշինյանի՝ իրեն հանդիպելու առաջարկը: «Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների»: 

Ինչպես նկատում ենք՝ Մանե Գևորգյանի հերքման մեջ ավելի շուտ հերքվում է այն, որ դա արվել է վերջին շրջանում հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ լինելու հայտ ներկայացրած Վրաստանի վարչապետի միջոցով։

Իսկ, առհասարակ, ոչ միայն չի հերքվում հայ-թուրքական երկխոսությանը Հայաստանի պատրաստակամությունը, այլև պատասխան մեսիջ է հղվում․ արդյունավետ աշխատանքի պարագայում Հայաստանը պատրաստ կլինի նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների: Մանե Գևորգյանն ասում է` «արդյունավետ աշխատանք», Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք», որն արդեն խոսնակը հերքում է, ինչպես նախկինում Փաշինյանը՝ միջանցք չէ, ճանապարհ։

Այնուամենայնիվ, ո՞վ է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որին Նիկոլ Փաշինյանը փոխանցում է նման նուրբ հանձնառություն, լավ գիտենալով, որ առաջին հայացքից, սա ռուսական կողմին դուր չի գալու։ Հարցին, թե ինչու «առաջին հայացքից», կանդրադառնանք ստորև, իսկ հիմա «Վրացական երազանքից» առաջադրված Ղարիբաշվիլու մասին, որը վարչապետի պաշտոնում է արդեն 2-րդ անգամ (առաջին պաշտոնավարումը՝  2013-2015 թթ.)։

Զրուցել ենք Սամցխե-Ջավախք վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Այվազյանի հետ։ Ըստ վերլուծաբանի՝ նա 2012-ին Վրաստանում Բիձինա Իվանիշվիլու իշխանության գալուց հետո մեկն է մշտապես փոփոխվող վարչապետերից։ Ասաց՝ նույնիսկ թիվն էլ չգիտենք, լինում է, որ տարին 2-3 վարչապետ են փոխում, ու մարդիկ նույնիսկ ազգանունները չեն կարողանում հիշել/ և այն անձը, ում իշխանությունից իբրև թե հրաժարական տված Իվանիշվիլին «հանձնարարել է այս գործերը»։

«Վրաստանում «արևմտամետ-արևելամետ» հասկացությունները մի քիչ բարդ են։ Իշխանությունը լրիվ կենտրոնացած է Բիձինա Իվանիշվիլու ձեռքում, որքան էլ հերքում է, որ այլևս կապ չունի «Վրացական երազանքի» հետ, բայց դա իրականությանը չի համապատասխանում, այդպես չէ։ Նա արագ-արագ վարչապետեր է փոխում։ Հենց մեկը որևէ բան է անում, որ իրենց դուր չի գալիս, արագ փոխում են, և հիմա Ղարիբաշվիլին նույն գիծն է պահպանում, ինչ Բիձինա Իվանիշվիլին։ Իսկ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունն էս առումով հստակ չէ մինչ օրս․ ինքը արևմտամետ գործի՞չ է, թե՞ ռուսամետ։ Ընդդիմությունն իրեն մեղադրում է ռուսամետության մեջ»։

Չմոռանանք, որ Բիձինա Իվանիշվիլին իր ահռելի կապիտալը կուտակել է ոչ այլուր, քան Ռուսաստանում։ Իսկ իր գործի «շարունակող» Ղարիբաշվիլու շուրջ էլ Վրաստանի «ուղղափառ» արևմտամետների շրջանում եղել են նրա՝ ռուսամետության կասկածներ։ Դրանք հատկապես սրվեցին, երբ Ղարիբաշվիլին այս տարվա հուլիսի  28-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց Վրաստանում ներքաղաքական իրավիճակի հանդարտեցման նպատակով ընդդիմության հետ համաձայնագրի չեղարկման մասին, որը ստորագրվել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ամեն դեպքում, Ղարիբաշվիլու համեմատությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «զտարյուն» արևմտամետ է։ Եվ Էդուարդ Այվազյանն էլ չի բացառում, որ չնայած Վրաստան-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 2008-ից բացակայությանը, ներքին կարգով ռուս-վրացական կոնտակտներ շատ էլ հնարավոր են։ Եվ եթե այս ամենը դիտարկում ենք հայ վերլուծաբանների այն վարկածի հետ, որ Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, համաձայնագիրը փոխզիջում է ՌԴ-ի և Թուրքիայի միջև, ապա շատ բաներ տեղն են ընկնում։

Մանավանդ «Հրապարակի» բացառիկ տեղեկատվության ֆոնին, որ Մոսկվայում կարծես թե հաջողվել է պայմանավորվել` սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում, անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների, և, ուշադրություն, առանց Սյունիքի միջանցքի։

Ինչը պաշտոնապես հաստատվեց այսօր, երբ փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբի անդամներ՝ ՀՀ և ՌԴ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեցին,որ նման միջանցք չի լինելու, որը Թուրքիայի հետ սահմանի բացման նախապայմանն է։ Այսինքն՝ սահմանի բացում չի լինելու։ Եվ այս ամենի ֆոնին, ուշադրություն, Վրաստանում բնակվող մեր հայրենակիցը չի կարծում, որ Վրաստանի համար տնտեսապես շահեկան է հայ-թուրքական սահմանի բացումը։ «Հետո էլ նաև Ադրբեջանի հետ, որովհետև այս պահին Վրաստանը տրանզիտային պետություն է, որը բավականին մեծ փողեր է աշխատում նրանից, որ Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի սահմանը փակ է»,-ասաց Էդուարդ Այվազյանը։ Իսկ Վրաստանի շահագրգռվածությունն ակտիվ միջնորդական ջանքեր ստանձնելու հարցում հնարավոր է, որ արևմտյան սցենար է, Վրաստանի կողմից քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։ 

«Եվ դրա համար էլ հնարավոր է նման դիմում կամ խնդրանք։ Կամ ուղղակի խոսք է եղել, որ Վրաստանը կարող է ստանձնել նման դեր, ամենայն հավանականությամբ, Հայաստան-Թուրքիա ֆորմատում, եթե կարողանա»,- ասաց Այվազյանը՝ հիշեցնելով, որ Վրաստանը նման դեր փորձում էր ստանձնել նաև հայ-ադրբեջանական ձևաչափում։