Թուրք դրոշակակիրները չքվեցին

Թուրք դրոշակակիրները չքվեցին

Գերմանիայի Լյուդվիկսհաֆեն քաղաքը մեծ չէ, սակայն պատկառելի մարզապալատ ունեն, եւ բնավ պատահական չէր, որ 1975 թ. այնտեղ կազմակերպվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Տարօրինակ ոչինչ չկար, որ հունահռոմեական ոճի անդրանիկ գոտեմարտերն անցնում էին համեմատաբար անաղմուկ, թեեւ, երբ ասպարեզում մնում էին առավել ուժեղ, փորձառու, բարձր տիտղոսների հավակնորդները, լարվածությունը սրվում էր: Մթնոլորտը ծայրաստիճան բորբոքվեց, երբ հայտարարվեց, որ թեթեւագույն քաշային կարգում (57 կգ) չեմպիոնի տիտղոսը որոշող գոտեմարտում հանդիպելու են ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, ավելի որոշակի՝ Հայաստանի պատվիրակ Վալերի Հարությունյանն ու ստամբուլցի Բիլան Թաբուրը: Հատկապես անզուսպ էին տեղի թուրքերը (ի դեպ, այն ժամանակ ԳՖՀ-ում ապրում էր ավելի քան 3 միլիոն գաղթած թուրք: Հենց նրանք էին զբաղեցրել մարզապալատի նստատեղերի գրեթե կեսը):

Մենք՝ հայերս, ընդամենը 3 հոգի էինք՝ Ռուբեն Վարդանյանը՝ ԽՍՀՄ նախկին չեմպիոն, իսկ այստեղ՝ հրավիրված մրցավար Սերգեյ Թոսունյանը՝ իմ համալսարանական տարիների դասախոսը, 50-ական թվականներին՝ նաեւ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցը Հայաստանում, ապա՝ «Իզվեստիա» թերթի թղթակիցը արտասահմանում, եւ ձեր խոնարհ ծառան՝ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկից» գործուղված թղթակիցը:
Գոտեմարտին րոպեներ էին մնում, երբ ինքնավստահ Թաբուրը մի քանի պաշտոնյաների ուղեկցությամբ դահլիճի աստիճաններով արագ բարձրացավ ու մոտեցավ մեզնից ոչ հեռու նստած՝ հոգեւորական հիշեցնող մեկին: Սա էլ, դժվար չէր կռահել, Ալլահի զորությամբ հաղթանակ մաղթեց իր հայրենակցին:

Հենց այդ ժամանակ էլ, միանգամայն անսպասելի, մի հոծ զանգված վայրենի աղմուկով ներխուժեց դահլիճ՝ ծածանելով թուրքական դրոշը: Կասկած չկար՝ ազգայնամոլներ էին, որ, ներս թափանցելով, սկսեցին վազքով պտույտներ գործել մրցագորգի շուրջ, հնչեցնել ինչ-որ ոգեւորիչ կանչեր: Տեսարանն ահավոր էր, եւ դժվար չէր պատկերացնել մեր ըմբիշի հոգեվիճակը: Նման բարոյական ճնշման տակ բազում դեպքեր են եղել, երբ տեղի են տվել անգամ շատ փորձառու, անվանի վարպետներ: Սակայն պակաս չէին եւ նրանք, ովքեր այսպիսի վայրագությանը ֆիզիկական ուժի եւ տեխնիկական հարուստ հնարքների հետ մեկտեղ դեմ էին տալիս իրենց կամային հատկանիշները՝ արթնացնելով նաեւ թասիբի զորությունը: Այդ օրը նմաններից մեկը դարձավ։ Վալերի Հարությունյանը հենց սկզբից դրսեւորեց այնպիսի կամային վճռականություն, դա զուգակցելով բարդ հնարքների վստահ, անթերի կատարումներով, որ դահլիճն անակնկալի եկավ, իսկ Թաբուրն ընդհանրապես խուճապի մատնվեց՝ ոչ մի կերպ չկարողանալով լիարժեք պատասխան գտնել:

Եվ որքան գոտեմարտին հատկացված րոպեները մոտենում էին ավարտին, չէր կարելի չնկատել, թե ինչպես խեղճացան մեծ սպասումներով լեցուն թուրք հանդիսականները, որ գլուխները կախ՝ սկսեցին լքել դահլիճը: Իրենցից առաջ այստեղից չքվեցին, փախան ազգայնամոլ դրոշակակիրները… Իսկ երբ հնչեց գոտեմարտի ավարտը, դահլիճի մյուս կեսը զբաղեցրած հանդիսականների հետ մենք հոտնկայս ու ջերմ ծափահարություններով ողջունում էինք նորընծա չեմպիոնի փառահեղ նվաճումը: Վալերի Հարությունյանի մարզական սխրանքը բոլորիս համար կրկնակի հաղթանակ էր:


Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ
մարզական լրագրողի հուշերից