«Հրապարակ». Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո Ակադեմիայի հետ քննարկումներ չեն արվել

«Հրապարակ». Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո Ակադեմիայի հետ քննարկումներ չեն արվել

«Բարձրագույն կրթու­թյան եւ գիտության մասին» օրենքի նախագծի համաձայն, Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը փոփոխության է ենթարկվելու, եւ Ակադեմիան դառնալու է հիմնադրամ, մինչդեռ ներկայում այն ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է:

Կարգավիճակի առնչությամբ Ակադեմիան իր առարկությունները ժամանակին ներկայացրել էր, սակայն դրանք չընդունվեցին: Օրերս էլ, մեզ հետ զրույցում Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը տեղեկացրեց, որ օրենքի լրամշակված տարբերակում Ակադեմիան ունենալու է հիմնադրամի կարգավիճակ, ավելին․ «Հիմնադրամի կարգավիճակը թույլ է տալիս վայելել բոլոր այն հնարավորությունները, ինչը որ կա հիմա, բայց, միեւնույն ժամանակ, հասկանալի իրավական դաշտում գտնվել, ու այդ հարցի վերաբերյալ, ըստ էության, ոչ մի առարկություն չկա այլեւս, որովհետեւ բոլոր մտահոգությունները փարատված են՝ իրավակազմակերպական այդ ձեւի հետ կապված»։ 

ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք իրենց բոլոր մտահոգությունները փարատված են, եւ գո՞հ են, որ Ակադեմիան այսուհետ իր կարգավիճակով լինելու է հիմնադրամ։ «Ոչ, գոհ չենք, Ակադեմիայի դիրքորոշումը չի փոխվել, իսկ Ակադեմիան ունի հստակ արտահայտված դիրքորոշում, որը ձեւակերպվել է դեռ անցած տարվա ապրիլի 3-ին տեղի ունեցած ԳԱԱ ընդլայնված ընդհանուր ժողովում: Մեր դիրքորոշումն այս ընթացքում չի փոխվել»: 

Մնում է տարակուսել, թե ինչ հիմքերից ելնելով էր մեզ հետ զրույցում նման համոզմունք ու տեսակետ հայտնել Ս. Հայոցյանը: Հատկանշական է, որ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ թե՛ նախարարը, թե՛ Կոմիտեի նախագահը նշեցին, որ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են ունեցել շահագրգիռ կառույցների, այդ թվում` ԳԱԱ-ի հետ: Սակայն, ինչպես նկատում է Ա. Իշխանյանը, վերջին մեկ տարում քննարկումներ, որպես այդպիսին, չեն եղել. «Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո Ակադեմիայի հետ քննարկումներ չեն արվել, համենայնդեպս` պաշտոնական մակարդակով: Ակադեմիայի տարբեր ներկայացուցիչների, նկատի ունեմ` ակադեմիական ինստիտուտների տնօրենների հետ Գիտկոմում եղել են հանդիպումներ, այդ մասին մենք տեղյակ ենք, բայց պաշտոնական որեւէ քննարկում՝ Ակադեմիայի նախագահության հետ, չի եղել»: 

Կարգավիճակի հետ կապված՝ Ակադեմիայի հիմնական մտահոգությունը կառավարման մոդելի փոփոխությո՞ւնն է, այս դեպքում` կիսով չափ նշանակովի հոգաբարձուների խորհուրդը, թե՞ կան այլ մտահոգություններ եւս։ «Հիմնական՝ չասեմ, քանի որ մի քանիսն են մեր մտահոգությունները, բայց մեկը, անշուշտ, դա է: Առաջնահերթ մեր մտահոգությունն այն է, որ գիտահետազոտական ինստիտուտներն Ակադեմիայի կազմից հանվելու են: Իսկ բոլոր գիտահետազոտական կազմակերպությունները մեկ հովանոցի տակ հավաքելն անգամ փիլիսոփայորեն ճիշտ չէ մեզ նման երկրի համար, որն աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում է գտնվում, որովհետեւ այս պահին բազմաբեւեռ աշխարհ է ձեւավորվում, արդեն իսկ գոյություն ունեն տարբեր կենտրոններ, եւ այս իրավիճակում մեկ հովանոցի տակ գտնվելը վտանգում է ողջ համակարգը: Առաջին առարկությունը դա է: Մենք նաեւ ասում ենք, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ լինի միայն մեկ իրավակազմակերպական ձեւ: Դիվերսիֆիկացիան` իրավակազմակերպական ձեւերի  բազմազանությունը, կարեւոր երեւույթ է: Եվ 2-րդ․ ինստիտուտներն ամբողջությամբ տանել բուհեր՝ նշանակում է դարձնել այն առաջին հերթին սպասարկող կրթությանը»,- ասում է Իշխանյանն ու ընդգծում, որ գիտությունը նաեւ այլ առաքելություններ ունի` անվտանգության խնդիրներից մինչեւ տնտեսության զարգացմանն աջակցելը: 

«Օրինակ, անվտանգային մշակումների համար գտնվել բուհական համակարգում թույլատրելի չէ: Անգամ ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այդ մասին ասաց ԱԺ-ում, որ կա նման մտահոգություն: Այո, ենթադրենք, Ամերիկայի նման մեծ երկրում հնարավոր է որոշ մշակումներ անել որոշ համալսարաններում ու բուհերում, բայց հիմնականում այդ ամենն իրականացվում է համալսարանական, բուհական համակարգից դուրս` ազգային լաբորատորիաներում, անվտանգային նկատառումներից ելնելով, եւ որոնք կցված չեն որեւէ բուհի ու դրանից դուրս են գործում: Ինչո՞ւ, որովհետեւ այդ մշակումներն իրականացնող կազմակերպությունները պետք է գործեն այլ իրավական դաշտում: Պայմանական ասած, եթե դուք, օրինակ, անում եք մշակումներ միջուկային ֆիզիկայի ոլորտում, ապա, բնականաբար, չպետք է ուրանի ձեռքբերման համար ընդհանուր գնումների օրենքով գործեք կամ տենդեր հայտարարեք, թե մենք ուզում ենք գնել ուրան: Դա կլինի միանգամայն անլուրջ բան: Իսկ բուհական համակարգում գործելու պարագայում դուք միշտ պետք է շարժվեք այդ համակարգում գոյություն ունեցող գնումների մասին օրենքով: Սա ես բերեցի պայմանական օրինակ, բայց դա կարող է վերաբերել նաեւ ինչ-որ չիպերի....։ Այսինքն, շատ կարեւոր է ունենալ դիվերսիֆիկացիա, իսկ Ակադեմիայի առաջարկած տարբերակով կա առնվազն 3 իրավակազմակերպական ձեւ. մեկը` բուհերի կազմում գործող գիտահետազոտական կազմակերպություններ, 2-րդը` գիտահետազոտական կազմակերպություններ Ակադեմիայի կազմում եւ գիտահետազոտական կազմակերպություններ, որոնք գործում են այդ 2 համակարգից դուրս, ինչպես, օրինակ, ներկայում Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան է, որը ո՛չ Ակադեմիայի կազմում է, ո՛չ բուհերի»,- ասում է զրուցակիցս ու եւս մեկ անգամ ընդգծում, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, եւ դիվերսիֆիկացիան խիստ անհրաժեշտ երեւույթ է:

ԱԺ-ում՝ նախօրեին, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հայտարարեց, որ ԳԱԱ համակարգում գործող 34 գիտական կազմակերպություններից մի քանիսը դուրս է եկել ֆինանսավորման ցանկից: Մի շարք ինստիտուտների ֆինանսավորումն էլ կրճատվել է: Թե որն է խնդիրը, Ա. Իշխանյանը նշեց, որ մանրամասներին տեղյակ չէ եւ չգիտի, թե ինչով է առաջնորդվել Գիտության կոմիտեն: Իսկ Կոմիտեն, ըստ Հայոցյանի, առաջնորդվել է այս սկզբունքով. «Միջազգային հրապարակումներ` մեկ գիտաշխատողի հաշվով, պրիմիտիվ չափում՝ որոշակի շեմ է դրված, որից ներքեւ գտնվողների համար կիրառվում են որոշակի բանաձեւով կրճատումներ»,-նշել էր նա մեզ հետ զրույցում: 

Այս առնչությամբ Ա. Իշխանյանն ասում է` չգիտի, թե ինչով է պայմանավորված նման շեմ սահմանելը. «Ենթադրենք, այսպես կարող էին դնել այդ շեմը, որ իջեցնում ենք ֆինանսավորումը, եթե մեկ գիտաշխատողին ընկնում է 15 կամ 76 հոդված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում կամ 0.5` կես հոդված...., հիմա, ինչով են առաջնորդվել, կամ ինչով է պայմանավորված եղել շեմը` ես չգիտեմ»:

Գիտնականներն ահազանգում են նաեւ, որ հայոց լեզվի հեղինակության հարցը Հայաստանի գիտության ոլորտում վտանգված է, քանի որ նույն նախագծի շրջանակներում եւ նոր ատեստավորման պահանջների համաձայն, գիտնականները պետք է ունենան «Սկոպյուս» եւ «Վեբ օֆ սայնս» միջազգային ամսագրերում տպագրված աշխատանքներ, իսկ սա, շատերի գնահատմամբ, հայոց լեզուն դուրս է մղում գիտական ասպարեզից։ Սակայն այս հարցում եւս Ս. Հայոցյանը խնդիր չի տեսնում, քանի որ, ըստ նրա, գիտության միջազգային լեզուն անգլերենն է, իսկ հայերենով գիտություն անելը նշանակում է կամաց-կամաց գնալ դեգրադացիայի ու գետտոյացման:

Այս դիտարկմանն ակադեմիկոս քարտուղարը որոշ չափով համաձայն է, բայց ավելի մեծ չափով` համաձայն չէ. «Որովհետեւ մենք բոլոր դեպքերում ունենք մեր լեզվի պահպանման ու զարգացման խնդիրը, հետեւաբար, եթե հայերենն արտամղվի գիտական գործունեության ոլորտից, ապա մենք ունենալու ենք լեզվի զարգացման խնդիր: Ուստի, ամբողջությամբ բացառել հայալեզու գիտական հրապարակումները, իմ խորին համոզմամբ, սխալ է: Այլ բան է, որ մենք զուգահեռ ունենք 2-րդ խնդիրը, այն է` աշխարհին ներկայանալու խնդիր ունենք, մեր գիտական միտքը, մեր տեսակետը ներկայացնելու, որը հաճախ համակցված է քաղաքական հարցադրումների հետ, այսինքն՝ միջազգայնացման խնդիր կա, հետեւաբար, որոշ չափով անհրաժեշտ են նաեւ միջազգային հրապարակումներ: Մենք, օրինակ, այս պահին ունենք խնդիր մեր արեւելյան հարեւանի հետ, որն այսօր ակտիվ պրոպագանդա է վարում, եւ այդ շրջանակներում հակադարձելու անհրաժեշտություն կա: Հետեւաբար, նաեւ սա պետք է քաջալերենք` միջազգային հրապարակումների հանգամանքը, իսկ, ընդհանուր առմամբ, 2 ուղղությունն էլ պետք է զարգացնել»: