Այդ՝ այս փուլում, իսկ հետո՞

Այդ՝ այս փուլում, իսկ հետո՞

«Արցախյան հիմնահարցի բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվում է իրավիճակի ապակայունացումը թույլ չտալու եւ ստատուս-քվոն պահպանելու վրա»,-ասում է ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Տեւական ժամանակ է՝ նա կուսակցաշինությամբ եւ քաղաքական գործունեությամբ է զբաղվում եւ նախապատրաստվում գալիք համապետական ընտրություններին, ուստի մի քիչ դժվար է կողմնորոշվել՝ պաշտոնակա՞ն տեսակետ է արտահայտում, անձնակա՞ն, թե իր գլխավոր պահպանողական կուսակցությա՞ն: Այդուհանդերձ, ուշադրություն դարձնենք ձեւակերպման առարկության տեղ չթողնող, միանշանակ բնույթին՝ փորձելով հասկանալ, թե որքանով է  այն իրատեսական: Բայց մինչ այդ նկատենք, որ Կազանում համաձայնեցված փաստաթղթի ստորագրման տապալումից հետո էլ միջնորդները խոսում էին հակամարտության գոտում լարվածություն թույլ չտալու առաջնահերթությունից, բայց 2016-ի ապրիլին Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, եւ ոչ ոք դրա համար նրան չպատժեց: Այստեղից հետեւություն՝ այդ ներկա փուլում է, որ միջնորդները շեշտը դնում են իրավիճակի ապակայունացում թույլ չտալու վրա, բայց դա չի նշանակում, թե բանակցություններ են տարվում ստատուս-քվոն պահպանելու: Քաղաքականության խնդիրը ոչ միայն ներկայի գնահատումն, այլեւ ապագայի հնարավորինս ճշգրիտ կանխատեսումն է: Մասնավորապես, կա՞ ամուր, հայկական կողմի շահերով եւ նրա հնարավոր դերակատարությամբ պայմանավորված երաշխիք, որ մի X պահի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ակտուալացնի «ստատուս-քվոն վտանգավոր է» ձեւակերպումը, որ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի կապակցությամբ իրենց առնվազն չորս համատեղ հայտարարություններում են հնչեցրել:

Կա՞ երաշխիք, որ համանախագահ երկրները կամ նրանցից մեկը լուռ համաձայնություն չեն տա, որպեսզի Ադրբեջանը վերսկսի պատերազմը: Այսօր, այո, տարածաշրջանային անկայունությունը ձեռք չի տալիս ոչ Միացյալ Նահանգներին, ոչ Ռուսաստանին: Իսկ վա՞ղը: Ո՞րն է առաջնահերթություն, խաղաղ կարգավորու՞մը, թե՞ սպառազինությունների մրցավազքն ու հաջորդ պատերազմին նախապատրաստությունը: Դավիթ Բաբայանը շարունակում է նաեւ պնդել, որ առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցության կարգավորման մասին խոսք լինել չի կարող: Դա պետք է ասվեր եւ վճռականորեն պնդվեր 2008-ին, երբ Հայաստանը, շրջանցելով պաշտոնական Ստեփանակերտը, Մայենդորֆում կարգավորման հայեցակարգի մասին Ադրբեջանի հետ գրավոր համաձայնության էր գալիս: Քաղաքականության մեջ մեկ անգամ զիջած դիրքը, որպես կանոն,  չի վերականգնվում, ինչպես որ բաց թողնված հնարավորությունն այլեւս չի վերադառնում: