Հիմա հասկանում եմ այն, ինչ չէի հասկանում
Այսօր Աղավնոյի, Սուսի, Բերձորի շուրջ լացուկոծը դադարել է։ Հիմա հասկանում եմ այն, ինչ չէի հասկանում, երբ տատիս փեշը բռնած՝ թաղումների էի գնում։ Ինչքան էլ մայրս նախատում էր նրան, որ փոքր եմ, չի կարելի, տատս ասում էր՝ կյանքն ու մահը ընկերներ են, երկուսին էլ փոքրուց պիտի ճանաչել։ Գյուղում շատ քիչ էր լինում, որ ջահել էր մահանում։ Ջահելի մահը ուրի՜շ էր։ Ողջ գյուղը սուգ էր մտնում, մարդիկ մատների թաթերի վրա էին քայլում ու գյուղամեջ խիստ անհրաժեշտության դեպքում էին դուրս գալիս։ Ինչքան էլ փակում էինք դռները, ողբը ողջ գյուղով մեկ տարածվում էր։ Տատիս հետ այդպիսի մի տուն էինք գնացել։ Հարազատներն այնքան էին լացել, որ էլ ձայն չէին կարողանում հանել։ Միայն բերաններն էին բացում ու խփում գլխներին։ Ներս մտնողներն էին նրանց փոխարեն ողբում։ Մահացողի մայրը ուշաթափվեց, քույրերը վատացան, իսկ ես վախեցած հարցրի տատիս՝ իրենք կմեռնե՞ն․․․ -Հեսա կդինջանան, - ասում էր տատս։
- Ե՞րբ կհանգստանան,- հարցնում էի։
- Վեր տինեն վեղի տակ, կդինջանան։
Մտածում էի՝ ախր ո՞նց կարելի է հանգստանալ, երբ մարդուն դնում են հողի տակ։ Մտածում, մտածում էի, ու պատասխանը չէի գտնում։ Թեև տեսնում էի, որ հողի տակ դնելուց հետո, մարդիկ գալիս ու նստում՝ հաց էին ուտում, զրուցում ու ամենակարևորը՝ էլ չէին լացում։ Այսօր Աղավնոյի, Բերձորի, Սուսի մասին այնքա՜ն քիչ բան կար։ Մի քանի օրյա լացուկոծը դադարել էր։ Հանկարծ հիշեցի տատիս խոսքերը՝ որ հողի տակ դնեն, կդինջանան։ Հանձնե՞լ ենք հողին։ Հանձնել ու նստել ենք հացի սեղանի շու՞րջ․․․
Կարծիքներ