Խաթարված մանկություն. արդյո՞ք մեր երեխաները արժանի են նման կյանքի
Եվան է, 6 տարեկան։
Ծնվել է 2016թ. Արցախում։ Ծննդից 7 օր անց պատերազմ սկսվեց Արցախում։
Երբ Եվան 2 տարեկան էր Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ ու սկսվեց «սկիզբը վերջի» ...
2019թ., Եվան 3 տարեկան էր - Կորոնավիրուս, կարանտին։
2020թ Եվան ընդամենը 4 տարեկան էր, երբ տեսավ ու զգաց մարդկության պատմության մեջ ամենադաժան պատերազմներից մեկը։
2022-2023թ.թ. Եվան 6 տարեկան է, ապրում է Արցախում։ Ապրում է շրջափակման մեջ, տեսնում է դատարկ խանութներ, սովորել է սիրած ուտելիքների բացակայությանը, իմացել է, թե ինչ բան է ժամով լույս ունենալը, իսկ գազը կտրելուց հետո անընդհատ հարցնում է «արդեն գազ կա՞», հարցնում է, քանի որ շատ է սիրում դպրոց գնալ, իսկ գազը կտրվելուն պես փակվում է նաև իր սիրելի դպրոցը։
Եվայի մանկապարտեզը կիսատ էր մնացել, իսկ այսօր էլ դպրոցն է ստիպված դադարներով հաճախում։ Եվան սիրում է պարել ու նկարել, ցավոք այսօր նաև չի կարող զբաղվել իր այդքան սիրելի պարապմունքներով։
Խաթարված մանկություն...
Իր վեցամյա կյանքում Եվան տեսել է կյանքի գրեթե բոլոր վատ ու բացասական բաները։
Արդյո՞ք մեր երեխաները արժանի են նման կյանքի, արդյո՞ք նրանք պարտավոր են պատասխան տալ մեր՝ մեծերիս, սխալների ու մեղքերի համար։ Ո՛չ, ո՛չ ու կրկին անգամ ո՛չ։ Նրանք արժանի են ապրել արժանապատիվ ու անհոգ մանկությամբ։
Ես հարցնում եմ ինձ, քեզ, մեզ բոլորիս. ինչու՞ մենք թույլ տվեցինք, որ մեր երեխաներն այսպիսի մանկություն ունենան, ինչու՞ խաթարվեց նրանց կյանքը, ինչու՞ չկարողացանք արժանապատիվ կյանք ապահովել նրանց համար, ինչու՞..., ինչու՞... ինչուները շատ են...
Մենք նրանց հայրենիք ենք պարտք, մենք նրանց անհոգ մանկություն պարտք մնացինք։
Ես նույնպես մանուկ հասակում տեսել եմ պատերազմ ու բազում զրկանքներ ու միակ ցանկությունս էր, որպեսզի իմ երեխաները չտեսնեյին այդ ամենը, բայց ցավո՜ք....ավա՜ղ...
Երբ գիտակից դարձա հասկացա, որ այդ ամենն ազատության, հաղթանակի համար էր, որ այդ ամենի գնով հաղթանակներ ունեցանք։ Իսկ ի՞նչ են ասելու Եվան ու իր հասակակիցները, երբ գիտակից դառնան... Արդյո՞ք կարողանալու ենք նրանց հարցերին պատասխան տալ, թե՞ գլուխներս լուռ կախելու ենք։
Կարծիքներ