Հայաստանն է Արցախի միակ պաշտպանը

Հայաստանն է Արցախի միակ պաշտպանը

«Ամբողջ աշխարհն էլ շատ լավ գիտի, թե Արցախն ում է պատկանում, եւ Արցախում ինչ ժողովուրդ է ապրում։ Մենք այս կռվում չպետք է կանգնենք, մինչեւ աշխարհը դոդգլուխ թուրքին եւ մյուս շահագրգիռ կողմերին ստիպի, որ բոլորն իրար հետ ընդունեն ու ճանաչեն Արցախը որպես Հայաստան,- ասում է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը,- բայց կապիկություն են անում, ամեն մեկը՝ իր աշխարհաքաղաքական շահերով։ Դրան պետք է վերջ տալ։ Ու որպեսզի աշխարհը համոզվի, որ մենք խաղ չենք անում, պետք է մինչեւ վերջ պայքարենք, մինչեւ թուրքը չստորագրի բոլոր այն պայմանները, որոնք ի շահ Արցախի են»։  

Մեր զինվորների մարտական ոգու դիմաց կռվում է թշնամու անթիվ-անհամար տեխնիկան, այս անհամաչափ ուժերի դասավորությունը դեռ ինչքա՞ն հնարավոր կլինի պահպանել։ «Եթե մենք միասնական ենք, առանց որեւէ մեկի օժանդակության եւ միջամտության, մենք մինչեւ վերջ պայքարող ենք։ Մենք միշտ տանուլ ենք տվել այն ժամանակ, երբ պառակտվել ենք։ Համահայկական միասնականությունը մի ազգ դառնալու խնդրի մեջ է, երբ մեկ ենք դառնում, այդ ժամանակ ոչ մեկը մեր դեմ չի կարող ոչ մի բան անել։ Միասնականության ոգին պետք է պահենք եւ պետք է պահենք ոչ միայն պատերազմելուց, այլ նաեւ պատերազմից հետո, երբ ապրելու մեր ձեւը դառնա այդ հզոր միասնական ուժը, որն այսօր կա։ Ու եթե որեւէ մեկն այսօր դրան խանգարում է, լինի մեր միջից, թե դրսից, իսկույնեւեթ պետք է չեզոքացնել»։

Հրանտ Վարդանյանը համաձայն չէ, որ Հայաստանն այսօր մնացել է մենակ, առանց դաշնակիցների․ «Աշխարհի պետությունները՝ մի բան է, աշխարհի մտածող մարդիկ՝ այլ բան։ Մենք ունենք դաշնակիցներ, ովքեր վաղուց հասկացել են մեր խնդրի իրողությունը։ Նրանք, ովքեր սպեկուլյացիա են արել մեր խնդրի վրա, նրանք մեզ թշնամի են։ Ամեն պետություն իր հարցերն է լուծում, որովհետեւ իր շահերն ունի, բայց մարդկային առումով, աշխարհի գիտակից մարդիկ այսօր շատ լավ հասկանում են, թե բանն ինչում է։ Կարծում եմ, մեր անելիքը՝ պրոպագանդայի մասով, շատ մեծ է, պետք է դրսում ապրողներին հորդորենք, որ իրենց պետությունների, պառլամենտների վրա ազդեն, ոչ միայն սփյուռքի միտինգները, այլեւ ազդեցիկ մարդիկ նույնպես ակտիվանան։ Մենք պետք է ազդենք տարբեր ճանապարհներով՝ դիվանագիտական, մարդկային մակարդակում, անենք ամեն ինչ, որպեսզի հասկանան, որ Հայաստանն Արցախի միակ պաշտպանն է այսօր, ու այլ պաշտպան չի եղել եւ երբեք չի էլ լինի։ Սա գոյատեւման պայքար է եւ ո՛չ հողի համար կռիվ։ Այսօր Արցախը դարձել է մեր դրոշը, որով պայքարում ենք հայի գոյատեւման համար, որովհետեւ 105 տարի առաջ քնած աշխարհի աչքի առաջ մորթեցին մեկուկես միլիոն հայ, իսկ այդ դասը մենք երբեք չենք մոռանում, եւ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, որ քաղաքական սպեկուլյացիաների եւ աշխարհաքաղաքական ինչ-որ ծրագրերի համար կարող են էլի հային զոհասեղանին դնել։ Ափսոսում եմ միայն, որ ոտքերիս անառողջ լինելու պատճառով այսօր խրամատում չեմ»։

Թե բանակցություններ որ դեպքում են հնարավոր, ռեժիսորը խորհուրդ է տալիս բոլորին՝ հետեւել միայն պաշտոնական քայլերին ու որոշումներին եւ ինքնագործունեություն չծավալել․ «Այսօր ինքնուրույն քայլեր կատարող որոշ մարդիկ չեն կարող իրենց անունից դիմել տարբեր պետությունների, ես դրան դեմ եմ եւ չեմ կարծում, որ պատերազմող երկրում կարող է մեկն իրեն թույլ տալ՝ որեւիցե այլ երկրի պետական այրերի դիմել։ Մենք՝ բոլորս, կարող ենք դիմել տարբեր ժողովուրդների, մտավորականների, գործարարների, բայց որեւէ պետության դիմել մեր միջից չպետք է լինի, ոչ մեկը դրա իրավունքը չունի, բացի կառավարությունից, պետական այրերից»։ 
Գործարար Ռուբեն Վարդանյանի՞ն նկատի ունի, ով նախօրեին տեսաուղերձով դիմել էր ՌԴ նախագահ Վ․ Պուտինին՝ խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին։ Հրանտ Վարդանյանն ասաց․ «Ինձ համար կապ չունի, թե ով, ցանկացած մեկն իրավունք չունի Հայաստանի ժողովրդի անունից որեւիցե պետության դիմել, որովհետեւ այդ իրավունքը տրված է պետական այրերին, այլապես սա պառակտում կարող է մտցնել։ Հիմա ես վերցնեմ ու Ճապոնիայի նախագահին ասեմ՝ արի մեզ հասի, որքանո՞վ է ճիշտ։ Ես կարող եմ Ճապոնիայի ժողովրդին ինչ-որ բան ասել, բայց պատերազմող երկրից օգնության համար դիմել մեկ այլ պետության՝ որեւիցե մեկը դրա իրավունքը չունի։ Դա նոնսենս է, այդպես չի կարելի»։

Հաճախ պատերազմների ելքը որոշվում է ոչ թե մարտի դաշտում, այլ քաղաքական գործիչների, դիվանագետների սեղանին․ այս անգամ կհաջողվի՞ մեզ պարտադրել՝ արձանագրելու մեր հաղթանակը։ «Կարծում եմ՝ այսօր մեր դիվանագետներն էլ լծված են այդ աշխատանքին, բացի այդ, գոյություն ունի ժողովրդական դիվանագիտություն, որն այս օրերին ողջ սփյուռքը վարում է, եւ չկա այսօր որեւէ հայ, որ անտարբեր լինի այս խնդրի հանդեպ։ Փառք Աստծո, այսօր շատ միասնական է համայն հայությունը։ Կարծում եմ՝ այսօր բոլորն են աշխատում, չկա մեկը, որ չի աշխատում այդ ուղղությամբ։ Պետք է հավատալ, որ մենք կարող ենք, որ վաղվա օրը մերն է լինելու, ավելին՝ մենք հետ գնալու ճանապարհ չունենք։ Այսօր մեր բանակը ցույց է տալիս, որ շատ կանոնավոր է, ունի կանոնավոր հրամանատարներ, եւ մեր զինվորն այսօր որպես կանոնավոր բանակի զինվոր է պատերազմում։ Այսպիսի կազմակերպված բանակ իրենց կարող են թույլ տալ միայն մեծ տերությունները»: