Ցածր կրքերով ու ոչ պատրաստված անձանցից գեներացվող ատելության խոսքի խորացված հիվանդություն

Ցածր կրքերով ու ոչ պատրաստված անձանցից գեներացվող ատելության խոսքի խորացված հիվանդություն

Մամուլը հետհեղափոխական Հայաստանում կանգնել է և առաջիկա ամիսներին էլ կանգնելու է բավականին լուրջ մարտահրավերի առջև։ Իսկ դրանք ծառանալու են թե՛ օրենսդրական տարբեր նախաձեռնությունների, թե՛ տարբեր գործողությունների տեսքով։

Այս մասին «Հետհեղափոխական մամուլի մարտահրավերները․ սպասելիքներ և մարտահրավերներ» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Նա և ներկաները մինչև բուն քննարկմանն անցնելը ցավակցություն հայտնեցին տաղանդավոր լուսանկարիչ Գերման Ավագյանի հարազատներին ու ընկերներին նրա մահվան կապակցությամբ։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ անցած 2 տարիներին լրագրողների ու խմբագիրների շրջանում բազմաթիվ բաց, փակ և նաև շատ նեղ մասնագիտական՝ ներքին խոհանոցային հարցերի առնչվող քննարկումներ են եղել։ Նա չցանկացավ թվարկել բոլոր այն դեպքերը, որոնք այս երկու տարվա ընթացքում տեղի են ունեցել մամուլի շուրջ, մամուլի հետ , առանձին լրատվամիջոցների հետ՝ նշելով, որ դրանք բոլորին են հայտնի։

Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ այսօր Հայաստանը լրատվության առումով գնում է դեպի Հյուսիսային Կորեա։ Օրինակը՝ իշխանական հայտնի ՊՈԱԿ-ի կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները։ 

Հիշեցնենք, որ Նարեկին առաջադրված է սուտ մատնության հոդված «սև խավիարի» գործով, և քննիչը պահանջում է բացահայտել աղբյուրը: Նարեկ Սամսմոնյանի կայքն այս ընթացքում այլ բացահայտումներով ևս հանդես է եկել, մասնավորապես՝ Աննա Հակոբյանի թանկարժեք վարսավիրի գոյությունն ու գերթանկարժեք «Բոգարտ» կահույքի խանութից կառավարական առանձնատան համար գնված կահույքի վերաբերյալ։ Եվս մեկ բացահայտում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կեղծ թվով հանգանակություն է ներկայացրել հանրությանը։ 

Նարեկ Սամսոնյանն ասում է, որ իշխանությունը սա ահավոր ծանր է տանում։ Նա կարծում է, որ սա շարունակությունն է մեծ շղթայի, որի մեջ այսօր կանք։ 

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով հիմնական զեկուցողներից էր, հիշեցրեց, թե ինչ հիմնական մտայնություն կա իշխանությունների ու նաև լրագրողների շրջանում, որ մամուլն ազատ է, քան երբևէ։ Եվ որ սա հպարտության առարկա է։

«Ես նման հայտարարություններին արձագանքում եմ այսպես՝ ասելով, որ մամուլի ազատության մասին կարող են խոսել միայն լրագրողերը։ Եվ հատկապես՝ խմբագիրները, որովհետև կան դեպքեր, երբ նույնիսկ լրագրողներն ամբողջությամբ չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակում է հիմա գործում լրատվամիջոցը։ Երբ 2018-ի հեղափոխությունից հետո մեր դեմ, հատկապես սոցցանցերում, սկսվեցին հարձակումները, մենք դեռ այն ժամանակ հույս ունեինք, որ դա կարող է կարճ կյանք ունենալ, և ինչ-որ ժամանակ հետո ամեն ինչ կմտնի բնականոն հուն, մարդիկ կհասկանան, որ վիրավորանքներով, հայհոյանքներով, կեղծ PR-ով չի կարելի ապրել և դրանով կառավարել լրատվամիջոցների աշխատանքը։ Բայց պարզվեց, որ մենք շատ ավելի լավատես էինք, քան իրականությունը, որը մեզ ցույց տվեց»։

Արմինե Օհանյանը հիշեցրեց, որ մամուլի դեմ արշավի մասին առաջին անգամ դեռ խմբագիրներով հավաքվել ու ահազանգել են 2018-ի օգոստոսին, երբ սկսվել էր «Ոչ «Հրապարակին»» ֆեյսբուքյան արշավը, որը ղեկավարվում էր «Քաղպայմանագիր» կուսակցության որոշ անդամների կողմից։

Արմինե Օհանյանն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կեղծ է համարում իշխանությունների այն բացատրությունները, որ դրանք ինքնաբուխ ակցիաներ էին, քանի որ երբեք իշխանությունը ժողովրդի կողմից այնքան սիրված չի եղել, որքան հիմա։ Եվ, հետևաբար, թերթը հայտնվում է այդ սիրահարված զանգվածի թիրախում։

«Մենք էլ ասում էինք, որ, նախ, իշխանությունը պետք է դուրս գա ֆեյսբուքներից ու սկսի իրական կյանքով ապրել, մտնի կառուցողական ինչ-որ մի հուն։ Եվ ասում էինք, որ այդ արշավներն այս պահին ձեր օգտին են աշխատում, վաղը կարող են աշխատել ձեր դեմ»։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագրի ախտորոշմամբ՝ այս պահին Հայաստանում կա ցածր կրքերով ու ոչ պատրաստված անձանց կողմից գեներացվող ատելության խոսքի  շատ ավելի խորացված հիվանդություն, որի դեմ այսօրվա պայքարի և՛ մեթոդներն են կասկածելի, և՛ հետևողականությունն ու էֆեկտիվությունը, որ կարող էին լինել, եթե կանխարգելիչ քայլերը ձեռնարկվեին 2018-ից: