Նախկին վարչապետը հողաթափեր, խալաթներ և սնու՞նդ է գողացել

Նախկին վարչապետը հողաթափեր, խալաթներ և սնու՞նդ է գողացել

Մեծ Բրիտանիայի կառավարության գրասենյակը երկրի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախկին նախարար Լիզ Թրասին 12,000 ֆունտ ստերլինգի (15,000 դոլար) վճարման հաշիվ-պարտավորագիր է ներկայացրել՝ պաշտոնավարման ընթացքում ընդունելությունների համար ծառայող Չիվնինգ Հաուսի առանձնատնից անհետացած հողաթափերի, խալաթների, սննդի և խմիչքների համար։

Թրասը հաճախ է միջոցառումներ կազմակերպել Լոնդոնի մերձակայքում գտնվող 17-րդ դարի այդ կալվածքում՝ անցյալ տարվա օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին վարչապետի պաշտոնի համար պայքարի ժամանակ, հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի խոսնակին: 

Թրասը, որն այն ժամանակ արտաքին գործերի նախարարն էր, Չիվնինգ Հաուսում իր խորհրդականների հետ քննարկել է իր քաղաքական ծրագրի իրականացումը, եթե նա ընտրվի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ, իսկ արդյունքում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ, գրում է թերթը։

Հրատարակությունը հիշեցրել է, որ կառավարությունը, որպես կանոն, իր վրա է վերցնում այս առանձնատան պաշտոնական միջոցառումների անցկացման ծախսերը, սակայն չի վճարում այնտեղ կազմակերպվող մասնավոր կամ կուսակցական հանդիպումների համար։ 

Թրասը, ով ներկայումս Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի շարքային անդամ է, մտադիր է վիճարկել իրեն ներկայացված հաշվի չափը, քանի որ այդ հանդիպումներին մասնակցել են նաև բարձրաստիճան պետական ​​ծառայողներ, այդ թվում՝ նախարարական կաբինետի քարտուղարը և քաղաքացիական ծառայության ղեկավարը։ 
«Լիզը միշտ վճարել է Չիվնինգ Հաուսում իր անձնական հյուրերի ծախսերը»,- ասվում է Թրասսի ներկայացուցչի այտարարության մեջ,-«Վերջին վճարը ներառում է նրա անձնական ծախսերը և ծախսերը պետական ​​պաշտոնական միջոցառումների համար, որոնցում ներգրավված են պետական ​​պաշտոնյաներ, ովքեր հանդիպել են Չիվնինգ Հաուսում՝ նախապատրաստվելով իշխանության տարանցմանը»:

Ինչպես ընդգծել է The Times-ը, Թրասը զարմացել է, որ 2022 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցած միջոցառումների հաշիվն իրեն չի հասել մինչև այս տարվա ապրիլ։ Ըստ թերթի աղբյուրների, նախկին վարչապետը պատրաստ է վճարել այդ հաշիվը, բայց եթե այն չպարունակի իր քաղաքական գործունեության հետ կապված ծախսեր։