Տաքսիստներն ու վարսավիրները երես են թեքել Նիկոլից․ փոքր մարդկանց մեծ ողբերգությունը

Տաքսիստներն ու վարսավիրները երես են թեքել Նիկոլից․ փոքր մարդկանց մեծ ողբերգությունը

Գեղեցկության սրահներն ու տաքսիները, ինչպես հայտնի է, մեր հանրային կարծիքի ակումուլյացիայի ամենալավ վայրերն են եւ քանի որ սոցիոլոգիական հարցումները մեզանում, որպես կանոն, բացակայում են կամ՝ օբյեկտիվ չեն, ուստի եթե ուզում ես իմանալ, թե մարդիկ ինչ են մտածում մեր երկրում տիրող վիճակի, կառավարության, իշխանությունների մասին, պետք է գնաս վարսավիրանոց՝ ականջ դնես մազ ու մատ սարքող կանանց զրույցներին եւ տաքսու վարորդների հետ զրուցես։

2018-ից հետո Նիկոլ Փաշինյանով ու երկրում տեղի ունեցած փոփոխություններով ամենախանդավառվածը տաքսու վարորդներն էին։ Մի կողմից նրանց տուգանքներն էին ներվել, մյուս կողմից ատելի ՀՀԿ-ականներն էին հեռացվել եւ վարորդները բլբուլ կտրած գովում էին Նիկոլին ու պատմում, թե ինչպես են մի օր Նիկոլի հարեւանի եղբոր որդու քավորին Մասիվից հասցրելց Էրեբունի եւ էդ ընթացքում ոնց են մանրամասն բացատրել, որ «ապեր, Սերժը պետք ա գնա» ու էդ զրույցն էլ «կլիենտը» հասցրել է Նիկոլին եւ նա հեղափոխություն արեց։ Երկար ամիսներ պահանջվեցին մինչեւ տաքսիստները սկսեն խոսել․ «Էնքան սուտ ա ասում, որ մարդ էլ ոչ մի ասածին չի հավատում», իսկ ավելի ուշ՝ «էդքան անմեղ երեխու գլուխը տարավ- կերավ»։ 

Իսկ գեղեցկության սրահներում էյֆորիան ապահովում էին յութուբ լսող, ֆեյսբուք կարդացող վարսավիրները, որոնք, որպես կանոն, միջինից բարձր տարիքի կանայք են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ էլեկտորատը։ Նրանք 18-ից հետո այնպես էին երկրպագում հեղափոխական վարչապետին, որ գոնե երկու տարի վարսավիրանոցներում ֆեների աղմուկի միջից անընդհատ նրա ձայնն էր լսվում՝ լայվերի եւ ուղիղ եթերների վրա նստած վարսավիրները կլանում էին Փաշինյանի ամեն բառը եւ հաճախորդնեը զրկված էին հակառակ տեսակետ ասելու կամ՝ այդ ձայնն անջատելու խնդրանքի իրավունքից՝ նրանք կազմակերպված ծեփում էին իրենց վարչապետին չսիրողի կամ կասկածողի բերանը։ Ու չնայած հեղափոխությունից առաջ էլ նրանք մազ էին սարքում, մատ հարդարում, իսկ հեղափոխությունից հետո շարունակում էին նույն գործով զբաղվել, ավելին՝ գնալով նրանց եկամուտն ու հաճախորդները նվազում էին եւ, թվում է՝ դժգոհությունն էլ պետք է աճեր, բայց այս խավն ամենահավատարիմն էր իր կուռքին։ Մինչեւ վերջերս նրանք դեռ փորձում էին արդարացնել գործող իշխանություններին, բացատրել, թե ինչու է երկիրն այս վիճակում, ինչու պատերազմում պարտվեցինք եւ այլն։ Իսկ երբ արգումենտներն օրեցօր պակասեցին, սկսեցին ասել՝ «դե բոլորն էլ նույնն են՝ ով ընդեղ նստում ա մենակ իրա շահի համար ա մտածում»։ Իսկ ընտրությունների շեմին հոգնած ու հուսահատ արդարանում- հարցնում էին՝ «բա էլ ում ընտրենք, մարդ չկա»։

Սակայն վերջին այցելությունս գեղեցկության սրահ, որտեղ մշտապես զարմանում էի, թե ինչու Նիկոլ Փաշինյանի նկարը չեն կախում եւ առաջը խունկ ծխում, իրավիճակը փոխված տեսա։ Վարսավիրները լուռ էին, հաճախորդներն՝ ակտիվ։ Երկու երիտասարդ աղջիկ բարձրաձայն քննարկում էին ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետի ասած մտքերը եւ որակումների մեջ այնքան համարձակ էին, որ եթե Փաշինյանի շահերը պաշտպանող դատախազ-քննիչներից մեկը լսեր՝ վիրավորանքի հոդվածով տասնյակ քրեական գործեր հարուցելու առիթ կունենար։ Երիտասարդ աղջիկները «հերձում էին» այս վարսավիրանոցի երբեմնի կուռքին եւ 4-5 վարսավիրները, որոնք 2 տարի առաջ ցանկացածի կոկորդը կկրծեին նրա հասցեին գեթ մեկ նման արտահայտության համար, լռում էին եւ անգամ հավանության նշաններ ցույց տալիս։

Իսկ ես կողքից ընկընդրում էի եւ մտածում՝ ինչքա՜ն անցողիկ է մեր ժողովրդի սերն ու համակրանքը եւ որքա՜ն կարճ է սիրուց մինչեւ ատելություն ընթացքը։

Սվետա Մարտիրոսյան