Քաղաքապետարանը չի թողնում բժիշկներին աղմկահարույց դեպքով «բերանները բացել»

Քաղաքապետարանը չի թողնում բժիշկներին աղմկահարույց դեպքով «բերանները բացել»

Երեկ ոստիկանությունը աղմկահարույց տեսանյութ տարածեց, որտեղ նշվում էր, որ ձերբակալվել է Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենը՝ աշխատակիցներից մեկից ամսական որպես կաշառք 50 հազար դրամ պահանջելու համար: Ըստ ոստիկանության՝  տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։ Հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից:

Մենք առավոտյան այցելեցինք այդ պոլիկլինիկա, փորձեցինք զրուցել բժիշկների հետ, սակայն նրանք հրաժարվեցին տեսախցիկների առջեւ խոսելուց՝ նշելով, որ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը պետք է թույլտվություն տա: Նրանք նաեւ ասացին, որ թույլտվության դեպքում պատրաստ են իրենց խոսքն ասել երեկվա դեպքի, նորանշանակ տնօրենի մասին:

Մենք փորձեցինք կապ հաստատել առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին ժամեր շարունակ չպատասխանեց, իսկ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը «ցրողական» պատասխան էր տալիս՝ շեշտելով, թե Բաբինյանի հետ իրենք էլ չեն կարողանում կապ հաստատել: Արդեն օրվա վերջում վարչության պետ Իոսիֆ Կուբատյանն ասաց, որ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում, եւ պոլիկլինիկայի գործառույթներից դուրս նպատակահարմար չէ հարցերին պատասխանել:

Ստացվում է, որ քաղաքապետարանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել բժիշկների խոսքին, մինչդեռ վերջիններս պատրաստակամություն էին հայտնել զրուցելու: Այստեղ նաեւ մտահոգություն կա, որ քաղաքապետարանն այդ քայլով փորձում է մոռացության տալ դեպքը, աղմուկից խուսափել: