Իշխանությունում արտահերթ ընտրությունների շուրջ կոնսենսուս չկա

Իշխանությունում արտահերթ ընտրությունների շուրջ կոնսենսուս չկա

Նիկոլ Փաշինյանն արդեն տեւական ժամանակ է՝ քննարկում է առանց վարչապետի հրաժարականի Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակելու (լուծարելու) հնարավորությունը։ Գործող Սահմանադրությամբ՝ խորհրդարանն արձակվում է, եթե վարչապետի հրաժարականից կամ պաշտոնը թափուր մնալուց հետո երկու անգամ ԱԺ-ն չի կարողանում վարչապետ ընտրել: Միայն դրանից հետո է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել։ Փաշինյանի կաբինետի սրտի իրավաբանները՝ ի դեմս Վահե Գրիգորյանի, հասցրել են հարցը քննարկել, իրավական լուծումները գտնել, այն է՝ Սահմանադրության անցումային դրույթում փոփոխություն կատարելով՝ հարցը լուծել խորհրդարանում՝ երկու երրորդի քվեարկությամբ, ինչպես արեցին Սահմանադրական դատարանի դեպքում, այս տարվա ամռանը։ Նախագիծը, ըստ ամենայնի, խորհրդարան կներկայացնի նոր Հայաստանի մեկ այլ սրտի «իրավաբան»՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով էլ պաշտոնապես կլինի դրա հեղինակը։  

Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ․ բանն այն է, որ արտահերթ ընտրությունների գնալ-չգնալու հարցում ոչ միայն ընդդիմության հետ, այլեւ իշխանության ներսում կոնսենսուս չկա։ Թիմի վերջին հավաքներից մեկի ժամանակ, մեր տեղեկություններով, բախում է եղել Փաշինյան-Արարատ Միրզոյան-Ավինյան եռյակի միջեւ։ Վերջին երկուսը դեմ են արտահերթ ընտրություններին եւ ցանկանում են ամեն գնով պահպանել իշխանությունը, քանի որ վստահ չեն, որ հաջորդ  իշխանությունում կունենան նման ազդեցիկ պաշտոններ ու լծակներ, իսկ այսօր խորհրդարանում յուրաքանչյուրը մեկ տասնյակից ավելի պատգամավոր ունի։ Նրանք կողմ են իշխանության ներսում վարչապետի փոփոխությանը, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ուզում նրանցից որեւէ մեկին փոխանցել աթոռը, անգամ՝ ժամանակավորապես։ Կա՛մ ինքն է լինելու վարչապետ, կա՛մ՝ այս երկիրը վարչապետ չի ունենալու։ 

Ավինյան-Միրզոյան զույգի համախոհները բավականին շատ են, կարելի է ասել՝ «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջությամբ։ Մարդիկ, որոնք չեղած տեղից պատգամավոր են դարձել եւ մանդատի շնորհիվ բարեկեցիկ կյանք են վայելում, չեն ուզում վտանգել իրենց բարեկեցիկ կյանքը, քանի որ հասկանում են՝ հաջորդ խորհրդարանում տեղ զբաղեցնելու շանսերը շատ փոքր են։ Ուստի նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի չքվեարկեն խորհրդարանը ցրելու նախագծի օգտին։ Հատկապես որ հաջորդ խորհրդարանում ոչ թե 132, այլ 102 պատգամավոր կլինի, այն պարզ պատճառով, որ որեւէ ուժ այլեւս 70 տոկոս ձայն չի կարողանա ստանալ, եւ բոնուսային ճանապարհով խորհրդարանի կազմը չի մեծացվի։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ հաջորդ ցուցակ այսօրվա կազմից քչերին կընդգրկի։ Ուստի այսօրվա պատգամավորները՝ վարչապետի սցենարին մասնակցելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն փողոցում։

Ասում են՝ Փաշինյանը փորձում է յուրաքանչյուրի հետ «լեզու գտնել»՝ խոստանալով, որ տվյալ անձը չի տուժի, բայց «Իմ քայլում» սա դարձել է անեկդոտի թեմա, ու ոմանք կատակում են․ «Տես Նիկոլն անցնելո՞ւ է, որ մեզ էլ հետը տանի»։ Փորձում են նաեւ շանտաժ կիրառել, սակայն, ասում են, քչերն են այլեւս վախենում Փաշինյանից։ Ի դեպ, առանց վարչապետի հրաժարականի ԱԺ ինքնալուծարման սահմանադրական դրույթը փոխելու համար հարկավոր է 80 ձայն։ Տեղեկացանք նաեւ, որ խորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը Փաշինյանն առաջարկել է հուշագիր ստորագրել արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ, որի գլխավոր դրույթն այն կլինի, որ սրանք կմտնեն կոալիցիա՝ պաշտոններ կստանան եւ համատեղ կգնան արտահերթ ընտրությունների, պայմանով, որ իր հրաժարականից հետո խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի նոր թեկնածու չառաջադրի։ Սակայն թե՛ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, թե՛ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը չեն համաձայնել այդ պահանջին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշված նախագծի մասին ասաց, թե մեկնաբանություն չունի։ «Եթե լինի նման նախագիծ, դուք այդ մասին կիմանաք»,- նետեց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատգամավորներից ոմանք առհասարակ ասացին, թե տեղյակ չեն նման նախաձեռնության մասին։ Արարատ Միրզոյանի թիմի անդամ Արմեն Խաչատրյանը չթաքցրեց, որ «մի շարք խնդիրներ» է տեսնում, որոնց լուծումից հետո միայն կարող են ընտրություններ լինել։ Խնդիրներին այսպիսի ձեւակերպում տվեց․ «Պետք է երաշխիքներ լինեն, որ այդ ընտրությունները լինելու են արդար եւ թափանցիկ»։ Հիշեցրինք, որ արդար եւ թափանցիկ ընտրությունների երաշխավորն իրենք են լինելու՝ իշխանությունը, իսկ նախորդ ընտրություններից հետո Փաշինյանն ամեն առիթով պարծենում է, որ Հայաստանում առաջին անգամ արդար ու թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել։ «Հա, ճիշտ է, բայց ներկայումս մի շարք իրողություններ են փոխվել եւ եղել՝ պատերազմ եւ այլն, զենք-զինամթերքի շրջանառություն կա այսօր, մտահոգությունները պետք է փարատվեն, որ վստահ լինենք՝ ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ։ Բացի այդ, դատական համակարգի հետ կապված գործ կա անելու»։ Դատական համակարգն ի՞նչ կապ ունի ընտրությունների հետ, հատկապես, որ ՍԴ-ն իշխանությունն «իրենով» է արել։

«Դե, ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ պետք է բոլոր հավասար պայմանների երաշխիքներն ապահովված լինեն»։ Այդ դեպքում ինչպե՞ս է Փաշինյանը հայտարարում արտահերթ ընտրությունների մասին։ «Դե, ասաց՝ եկեք քննարկենք։ Հիմա կքննարկենք այս բոլոր հարցերը»։ Իսկ թե ինչ ժամկետում է հնարավոր վերացնել այդ «խնդիրները», պատգամավորն ասաց՝ կդժվարանամ պատասխանել։