Փաշինյանը Երեւանի կենտրոնը կմաքրի աղքատներից

Փաշինյանը Երեւանի կենտրոնը կմաքրի աղքատներից

Հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը կարգելի աղքատներին կամ նպաստառուներին՝ Երեւանի կենտրոնում քայլել: Երեւանը կարող է գոտիավորվել, եւ հատուկ ոստիկանական ուժերը կվերահսկեն սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող քաղաքացիների տեղաշարժը քաղաքի տարբեր հատվածներում. աղքատները կապրեն բացառապես ծայրամասերում, հարուստները՝ կենտրոնում, հնարավոր է, որ լինի միջանկյալ տարածք՝ միջին կարողություն ունեցողների համար: Սա կարվի հարուստների իրավունքները պաշտպանելու համար, որ նրանք տհաճություն չունենան՝ փողոցում տեսնել աղքատ եւ անապահով խավի ներկայացուցիչների, առավել եւս՝ կողք-կողքի քայլել նրանց հետ:

«ՀՀ-ում այսօր կարող ենք ունենալ դեպք, երբ մարդն ունի բնակարան, որը շուկայական արժեքով կարող է արժենալ 300-500 հազար դոլար, բայց պետությունից ստանում է նպաստ, սա որեւէ տրամաբանության մեջ չի մտնում»,- խորհրդարանում 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարում է Փաշինյանը: Քանի որ Հայաստանի խորհրդարանը կազմված է հիմնականում ապահով խավի ներկայացուցիչներից կամ, ավելի ճիշտ՝ արտահայտում է հարուստ խավի շահերը, որեւէ մեկը չի հակադարձում, թե որ տրամաբանությամբ կամ՝ նայած ում տրամաբանությամբ:

Հայաստանը սրանից 30 տարի առաջ սոցիալիստական պետություն էր, երբ պետությունը մարդկանց անվճար բնակարան էր տրամադրում՝ անկախ նրանց սոցիալական դրությունից: Քաղաքի կենտրոնում բնակարան էին ստանում սոցիալական ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ՝ հասարակ ուսուցիչներ, բանվորներ, ինժեներներ, ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: Երբ պետությունը մարդուց վերցնում էր նրա բնակարանը՝ տեղը շենք կառուցելու համար, նրան փաշինյանական կամ նախափաշինյանական իշխանության նման չէր քցում ու ստիպում իր իրավունքները պաշտպանելու համար ցույց անել կամ տարիներով դատարանների դռները մաշել, ինչի ականատեսն ենք Ֆիրդուսի թաղամասի դեպքով, այլ համարժեք բնակարան էր տրամադրում` նույն կենտրոնում, որի շուկայական արժեքը հիմա կարող է լինել 300-500 հազար դոլար:

Ինչո՞ւ Փաշինյանը չի համակերպվում այն մտքի հետ, ինչո՞ւ է Փաշինյանի տրամաբանությունը մերժում այն իրողությունը, որ որեւէ աղքատ եւ սոցիալապես անապահով մարդ կարող է Երեւանում բնակարան ունենալ եւ ապրել այդ բնակարանում: Փաշինյանական տրամաբանությամբ՝ աղքատ եւ սոցիալապես անապահով մարդը պետք է անպայման վաճառի իր բնակարանը եւ այդ գումարով բնակարան գնի ծայրամասում, իսկ մնացած գումարով հոգա իր սոցիալական կարիքները, որ փաշինյանական իշխանությունը նրա վրա փող չծախսի, նպաստ չտա, այդ փողը եւս ուղղվի անորակ ու մեկ տարի էլ չձգող ասֆալտապատմանը, պարգեւավճարներին, ոստիկանական ուժերի ավելացմանը եւ իշխանական այլ կարիքների բավարարմանը:

Իրականում, Փաշինյանին եւ իր իշխանությանը չի գոհացնում այն փաստը, որ աղքատները ոչ միայն բնակվում են քաղաքի կենտրոնում, այլեւ նրանց երեխաները հարուստների երեխաների հետ նույն մանկապարտեզն ու դպրոցն են հաճախում, իրենք ստիպված են ամեն օր հանդուրժել նրանց ներկայությունը նույն շենքի շքամուտքում, վերելակում կամ բակում: Ինչո՞ւ պետք է որեւէ աղքատի երեխա գնա նույն դպրոցը, ուր հաճախում են ՔՊ-ական էլիտայի ներկայացուցիչները: Հավանաբար, նորահարուստների երեխաներն իրենց ծնողներին բողոքում են, թե իրենց տհաճ է, երբ դասարանում աղքատ եւ նպաստառու ծնողի երեխա կա՝ վատ հագնված: Եթե քաղաքի կենտրոնը մաքրվի աղքատներից, կենտրոնի դպրոցներն ու բակերը եւս կմաքրվեն աղքատներից:

Աղքատները մի վատ հատկություն էլ ունեն. նրանց որոշ ներկայացուցիչներ անկանխատեսելի են, հնարավոր չէ ճնշել, նրանց վրա ազդեցության շատ քիչ լծակներ կան: Ովքեր են հարուստները` պաշտոնյաներն ու չինովնիկները, բիզնեսի ներկայացուցիչները: Պաշտոնյաները, բնական է, չեն ընդվզելու իրենք իրենց իշխանության դեմ, իսկ բիզնեսի ներկայացուցիչներն իշխանության բռում են, նրա հլու կամակատարը: Եթե կենտրոնում ապրեին միայն պաշտոնյաներ, չինովնիկներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ, Փաշինյանը հանգիստ կարող էր դուրս գալ փողոց, շրջել լայն հասարակության մեջ, առանց վախենալու լուսանկարվել իր հպատակների ֆոնին: Հիմա իրեն նման բան չի կարող թույլ տալ, որովհետեւ որեւէ աղքատ մարդ նրան կարող է դավաճան ու թուրք, հողատու ու ազգուրաց կոչել: Հիմա ի՞նչ անել նման մարդու հետ: Կարելի է սոցիալական նպաստը կտրել, կալանավորել, աշխատանքից ազատել, բայց դրանից էլ անիմաստ աղմուկ է առաջանում, անախորժություն:

Ամենահեշտ տարբերակն այդ մարդկանցից բնակարանը խլելն է, ասենք՝ օրենքի ուժով: Եթե աղքատ ես, ուրեմն չես կարող բնակարան ունենալ քաղաքի կենտրոնում: Վաճառիր բնակարանդ որեւէ ՔՊ-ականի կամ ՔՊ-ամերձի: Առաջին քայլն արդեն արվել է. էապես բարձրացվել են կենտրոնի գույքահարկերը, որպեսզի աղքատները չկարողանան վճարել եւ կամավոր լքեն իրենց բնակության վայրերը: Եթե դա էլ չազդի, եւ որոշ աղքատ ու սոցիալապես անապահով ընտանիքներ շարունակեն կառչած մնալ իրենց բնակարաններից, անպայման Փաշինյանը կգտնի նրանց ունեզրկելու միջոցներ: 

Փաշինյանն իր նույն ելույթի ժամանակ նշում է՝ անընդունելի է, որ Մաշտոցի պողոտայում ապրողը նպաստ ստանա: Մնում է հրապարակի բոլոր այն փողոցների ցանկը, որտեղ բնակարան ունեցողները կզրկվեն նպաստից: Հայտարարում է, որ 26-30 հազար դրամ նպաստ ստացողները 400 հազար դրամ վարկ են փակում: Նա դա ներկայացնում է  որպես ակնհայտ անհամապատասխանություն ցույց տրվող եկամուտների եւ փաստացի ծախսերի միջեւ: 2018 թվականին էլ որոշ դոլարային միլիոնատերեր հայտարարում էին վարկ ու ապառիկ ունենալու մասին եւ դա անում էին սոցիալապես անապահով ձեւանալու եւ հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու համար: Թե՞ այն, ինչ կարելի է ՔՊ առաջնորդներին, արգելված է շարքային քաղաքացիներին:

Ավետիս Բաբաջանյան