Հենման կետը առողջ, չնվաստացված, սև-սպիտակի չդասակարգված բյուրոկրատական համակարգն է

Հենման կետը առողջ, չնվաստացված, սև-սպիտակի չդասակարգված բյուրոկրատական համակարգն է

Արդեն տևական ժամանակ է, ինչ հետհեղափոխական Հայաստանում քաղաքական որոշումներ ընդունողները երկրի կառավարման համակարգի տրամաբանության մեջ փորձում են բաժանարար գծեր անցկացնել: Այս երևույթն այնքան է խորացել, որ նույնիսկ հեղափոխական էլիտայի ներկայացուցիչները, տրվելով հեղափոխականության և պատեհապաշտության ալիքին, ինչպես նաև անտեսելով հասարակության կողմից իրենց պատվիրակված սահմանադրաիրավական գործառույթները, փորձում են խեղել պետության սահմանադրաինստիտուցիոնալ տրամաբանությունը և սկզբունքները:

Վերոհիշյալ երևույթի ամենաթարմ վկայությունն է ՀՀ հանրային խորհրդի շուրջ ծավալված կասկածելի դիսկուրսը` անտեսելով ՀՀ Սահմանդրության 161-րդ հոդվածը: Համաձայն վերջինիս, Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Հասկանալի է նաև, որ հեղափոխական շրջանակների քաղաքական ինքնապահպանման կենսական ուղին միշտ մնալու է հեղափոխական օրակարգը, ինչն այլևս դարձել է սպառնալիք սահմանադրականությանը: Հերթական անգամ ցանկանում եմ նշել, որ այս գործելաոճով հեղափոխականները քաղաքական երկար կենսունակություն ունենալ չեն կարող: Եթե չսկսեն հենվել բյուրոկրատական ապարատի մասնագիտական, այլ ոչ թե հեղափոխական ներուժի վրա, ապա նրանց կործանումն անխուսափելի է: Ներկայումս հենց բյուրոկարատական մասնագիտական ապարատի և հեղափոխականների ներքին տարբերություններն ու բախումներն են դարձել առավել ակնհայտ և ռիսկային: 
Արդեն պատահական չէ, որ կառավարող քաղաքական ուժի կողմից գործող բյուրոկրատիան բնութագրվում է խիստ բացասական և ծայրաստիճան հակասական որակումներով:

Իրենց իսկ կողմից նենգափոխված օրակարգով հետևողական քայլեր են իրականացվում արհեստավարժների և բանիմաց հանրային ծառայողների թիմը քայքայելու և կասկածելի կենսագրություն ունեցող կամ ընդհանրապես չունեցող թիմակիցներով լցնելու ուղղությամբ: Դրանով, մի կողմից, փորձ է արվում ձևավորել վախի մթնոլորտ (կրճատումներ, կարգավիճակի իջեցում, գործառույթների սահմանափակում), իսկ մյուս կողմից՝ իրական դարձնելով հեղափոխական թիմի արտոնյալ քաղաքական շերտ դառնալու հավակնությունները (բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, մեր դեմ խաղ չկա): 

Ի՞նչ է սա, եթե ոչ, քաղաքական դիրքի չարաշահում և քաղաքական կոռուպցիա` ի վնաս փորձառու արհեստավարժների: Հեղափոխական էլիտան հետևողական քայլեր է իրականացնում բյուրոկրատական մանագիտական թիմին իրենից վանելու և հեռացնելու ուղղությամբ: Պետական կառավարման համակարգում յուրայինների և օտարների փնտրտուքը, սեփական անճարակությունն ու սխալ քայլերն արհեստավարժ ծառայողների վրա բարդելը ոչ թե նպաստում են առկա հիմնախնդիրների լուծմանը, այլև խորացնում են դրանք ու հանգեցնում նորերի առաջացմանը: Միայն հեղափոխական էլիտայի ու յուրայինների աշխատանքի գնահատման հատուկ մոտեցումների կիրառումն ու դրանով պայմանավորված հայաստանյան չափանիշներով աստղաբաշխական պարգևատրումների իրականացումը խորը դիսբալանս են առաջացնում քաղաքական էլիտայի ու բյուրոկրատական ապարատի միջև: Դա այն դեպքում, երբ արհեստավարժների թիմը կամ բյուրոկրատիան է կոչված ապահովելու պետական կառավարման համակարգի կայունությունն ու արդյունավետությունը: 

Հանրապետությունում պետական մարմիններում ընդգրկված գրեթե 20 000-ի հասնող աշխատողները ոչ միայն մասնագիտական, այլ նաև մարդկային լուրջ ռեսուրս են հետհեղափոխական Հայաստանում կուտակված խնդիրների լուծման համար: Անկասկած կարևոր է, որ մեզանում բյուրոկրատիան՝ որպես կառավարման հատուկ ենթահամակարգ, իրականացնի այնպիսի գործառույթներ, որոնք ներդաշնակորեն կլրացնեն քաղաքական համակարգը: Մինչդեռ, ներկայիս կառավարության գործունեության մեջ բյուրոկրատիային բնորոշ է դարձել տրոհվածությունը, հատուկ և մասնավոր շահերը, կիսատ-պռատ գիտելիքների հիերարխիան, գաղտնիությունը, հեղափոխական լիդերի հեղինակության անվան տակ խարդավանքները: Արդեն իսկ նկատելի է արհեստավարժների շրջանում վախի և պատասխանատու որոշումներից խուսափելու մեթոդների, քաղաքական անառողջ կարիերիզմի առաջին բացասական ազդակներն ու նախանշանները: Ամենաթարմ դրսևորումներից են քաղաքական պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում ԺՊ կարգավիճակով պաշտոնյաների նշանակումը: Հասկանալի պատճառներով նրանք որևէ կերպ չեն կարող ստանձնել ամբողջական պատասխանատվություն իրենց գերատեսչությունների պատասխանատու և երկարաժամկետ քաղաքականության մշակման և իրագործման համար:

Բյուրոկրատիան, արդյունավետ կազմակերպվելու և ժողովրդավարական մշակույթը կատարելագործելու փոխարեն, աշխատում է ոչ թե միասին և հանուն գիտելիքահենք որոշումների, այլ` ինքնապահպանման ռեժիմով. պարզապես նույն տարածքում կամ մեկ սենյակում: Հեղափոխական առաջնորդը, նախարարները, պատգամավորները և նրանցից յուրաքանչյուրը` իրենց իսկ սեփական շահերի շրջանակում, քանի որ առիթը հենց իրենք են տվել, ապա առանց զղջման` անարդյունավետ են օգտագործում արհեստավարժների ներուժը: Հետևաբար, նման պայմաններում բյուրոկրատիայի կորպորատիվ ոգին որոշ չափով հիշեցնում է համախոհների դավադրություն, որտեղ բոլորի միասնությունը շատ հարաբերական է, բայց ներքին պայքարը կայուն: Այդ նպատակով, հեղափոխական առաջնորդը, նախարարները, պատգամավորները և նրանցից յուրաքանչյուրը ձգտում են բոլորին համոզել, որ տնտեսական և քաղաքական որոշակի խնդիրների լուծման ուղղությամբ իրենց առաջարկած միջոցները ծայրաստիճան անհրաժեշտ են հասարակությանը: Եվ, որ առանց դրանց իրականացման անհնար է երաշխավորել պետական կարևոր առաջադրանքների կատարումը: Իրականում, նման վերաբերմունքը բացասաբար է անդրադառնում բյուրոկրատական ապարատի որակյալ գործունեության վրա: Կառավարման ստորին օղակները լավ գիտեն ավելի բարձր օղակների թույլ կողմերը, նրանց գիտելիքների ցածր մակարդակը և հենց այդպես էլ փորձում են աշխատել նրանց հետ: 

Հասկանալով, որ վերին օղակներն այլևս ստեղծագործորեն ամուլ են և չգիտեն կամ չեն հասկանում ստորին օղակների ուժեղ կողմերը: Դա նրանց համար բավականին անհարմար, բայց անվտանգ տարբերակ է, քանի որ վերևները չեն հասկանում, որ իրենց պետք են հենց նման արհեստավարժ և քաղաքականապես չեզոք ենթականեր: Հակառակ դրան, հեղափոխականները կարևորում են այն, որ վերջիններս ցանկացած պահի պատրաստ են իրենց հնազանդվել և կուսակցաքաղաքական դիվիդենտ բերել: Այս դեպքում հեղափոխաններն ամեն կերպ փորձում են ազատվել ցանկացած պատասխանատվությունից: Նրանք անընդհատ ամեն ինչ անում են հակառակ գործող կանոնների` հետևելով հեղափոխական առաջնորդի բազմաթիվ ցուցումներին: Այս պոպուլիստական աշխատանքի հետևում թաքնված է այն զանգը, որը հնչում է յուրաքանչյուր արհեսատավարժ ծառայողի ականջին. բարեկեցությունից զրկելու վախը:

Զրկվելով պատասխանատվությունից՝ բյուրոկրատիան հնարավորություն չունի այն փոխանցել ուրիշներին՝ լինի դա իշխանության ամենաբարձր օղակները կամ համապատասխան օրենքներն ու կանոնակարգերը: 

Եզրափակելով, պետք է նշել, որ առողջ մասնագիտական ներուժ ունեցող բյուրոկրատիան չի կարող երկար դեգերել հեղափոխականների պետական կառավարման համակարգում, եթե նրանք չհասկանան, որ իրենց մասնագիտական հենման կետը հենց նույն առողջ, չնվաստացված, սև-սպիտակի, նախկինի-նորի միջև չդասակարգված և արժևորված բյուրոկրատական համակարգն է: Հեղափոխականների մարտահրավերներին դիմագրավելու և հակազդելու միակ տարբերակը բյուրոկրատիայի ամրությունն է:

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան