Փաշինյանը պատրաստվում է քաղաքական բախումների՞

Փաշինյանը պատրաստվում է քաղաքական բախումների՞

Երբ իշխանության գալուց ի վեր փաշինյանական իշխանությունը սկսեց պարգեւավճարներ շռայլել իր թիմին՝ հաշվի չառնելով անգամ հասարակության մեջ առաջացած դժգոհություններն ու բողոքները, հեռատես մարդիկ կարող էին կանխատեսել, որ վարչապետն ինչ-որ բանի համար նախապես, պետական բյուջեի հաշվին, կաշառում է իր թիմակիցներին: Պարգեւավճարները շարունակվեցին անգամ համավարակի ամենալարված օրերին, հետո՝ պատերազմի ժամանակ: Այսօր արդեն պարզ է, թե վարչապետն ինչի համար էր կաշառում իր թիմին. պատերազմի ամենաողբերգական ու նվաստացուցիչ ավարտից հետո պարտվողական քաղաքականությունն իր հետ միասին շարունակելու, իրեն չլքելու, իր դեմ դուրս չգալու եւ իր հրաժարականը չպահանջելու համար: Եվ քանի որ թիմի անդամները հիմնականում փողոցից եկած երբեմնի գործազուրկներ են, ոմանք՝ տարբեր ՀԿ-ականներ, ովքեր իրենց գոյությունը պահելու համար անգամ թշնամուց էին պատրաստ դրամաշնորհ ստանալ, չեն հրաժարվի պարգեւավճարներից եւ չեն դրսեւորի հայրենասիրական սկզբունքայնություն: 

Օրերս հոդված էինք հրապարակել՝ «Ոստիկանության աշխատողներին ծանր օրեր են սպասվում» վերնագրով: Ներկայացրել էինք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ոստիկանների աշխատանքը ծանր է լինելու՝ պետք է վարչապետի անվտանգությունն ապահովեն մարզերի մարդաշատ քաղաքներում: Հրապարակումից 3 օր անց կառավարությունը որոշեց ավելացնել պարեկային ծառայության աշխատողների աշխատավարձերը՝ մոտ 100 տոկոսով: 
Երկիրը կանգնած է ֆինանսական լրջագույն խնդիրների առաջ. Շտապօգնության աշխատողների աշխատավարձերն արդեն ուշացումներով են տալիս, պատերազմից հազարավոր հաշմված երիտասարդներ ունեն բուժօգնության կարիք, նրանց ընտանիքները գտնվում են սոցիալական ծանր իրավիճակում, մեր սահմանապահներից շատերը գիշերում են «ցելոֆանի» տակ, անգամ նորմալ վրաններ չունեն, նրանցից շատերի աշխատավարձն ուշանում է, տվածներն էլ երբեմն ամսական 70 հազար դրամ է: Անգամ պատերազմական իրավիճակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը չբարձրացան:

Մեր բժիշկներն անցած տարվանից՝ համաճարակի տարածումից մինչ օրս աշխատում են գերլարված վիճակում: Իսկ դիահերձարանների աշխատողներն աշխատում են ուղղակի դժոխքի միջով անցնելով՝ ամեն օր մի քանի զոհվածի չորացած ու քայքայված մարմնի մասերից նմուշառում վերցնելով: Բայց դա էական չէ կառավարության համար, նրանց աշխատավարձերը նույնպես չեն բարձրանում: Փաշինյանը որոշել է, որ հենց պարեկային ծառայության աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրանան, քանի որ դա վերաբերում է իր անձի պաշտպանությանը: Իսկ Փաշինյանի համար իր անձի անվտանգությունը «գերագույն արժեք» է: Սրանից կարելի է երկու եզրահանգում անել. կա՛մ Փաշինյանն այնպիսի քայլեր է անելու, որ զայրացած հասարակությանն առիթ տա նոր գրոհ ձեռնարկել իր կեցավայրի վրա, կա՛մ ինքն է սկսելու ուժեղացնել բռնությունները իր հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ: Երկու դեպքում էլ Փաշինյանը պարեկային ծառայության աշխատողներին նախապատրաստում է բախումների… ցավոտ ու ճակատագրական բախումների…