Հուլիսին էլ ձյուն է գալիս․ ռուսներին` թուրքական ռևանշի մասին

Հուլիսին էլ ձյուն է գալիս․ ռուսներին` թուրքական ռևանշի մասին

Wargonzo-ն, «Հրատապ» խորագիր ներքո հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, գրել է, որ Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան: Նշենք, որ նախագծի նույն աղբյուրները դեռ պատերազմից առաջ հաղորդել էին, որ թուրքամետ զինյալները տեղափոխվում են Բաքու։ «Ունենք տեղեկատվություն, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանն» անմիջապես որոշել է վրեժ լուծել և հարձակվել Հայաստանի հարավային որոշ շրջանների վրա։ Այսպիսով՝ պատերազմն անցնում է նոր, շատ ավելի մեծ փուլ»,- ասվում է նախագծի թելեգրամյան ալիքում։ Կա նաև եզրահանգում, որ, այսպիսով, պատերազմը տեղափոխվում է նոր, ավելի մասշտաբային փուլ։ 
 

«Հրապարակը» փորձեց կապ հաստատել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ, սակայն մամուլի պատասխանատուն դեռ չի պատասխանել։ Իսկ մինչ այդ զրուցել ենք ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ։ Հարցին, թե հավանական համարո՞ւմ է այս սցենարը, նա նշեց, որ ոչ այնքան՝ հավելումով, որ «ձյունը հուլիսին էլ է հավանական»։ Երկրորդ․ Վադիմ Դուբնովը wargonzo-ի ձևակերպման հետ, որ ՌԴ-ն հարվածել է, և, հետևաբար, Էրդողանն էլ պատասխանում է, ասում է․ «Քանի որ կասկածելի է առաջինը, և ՌԴ-ն չի հարվածել, ապա շատ կասկածելի է նաև երկրորդը՝ Էրդողանի ռևանշը»։ «Ինչ վերաբերում է հակամարտության գոտում գրոհայինների առկայությանը, ապա, այո, շատ հավանական է, քանի որ պատերազմը վարձկաններին կանչում է։ Նրանք կան, բայց ես նրանց դերն այս պատերազմում չէի դրամատիզացնի, որովհետև այն փոքրիկ «գանգուր» է այս հայ-ադրբեջանական պատերազմի դեկորներում»,- ասում է Վադիմ Դուբնովը։

Պարոն Դուբնովին հարցրինք՝ համամի՞տ է եզրահանգմանը, որ պատերազմը մտնում է ավելի նոր ու մասշտաբային փուլ։

«Ոչ, ոչ պատերազմը, երևի թե մոտենում է Հայաստանից ու Ադրբեջանից քարոզչական բոլոր քայլերի կիրառությանը»։ 

Վերջին մտքի հետ կապված՝ պարոն Դուբնովը մեկնաբանեց․ «Ուղղակի wargonzo-ն միշտ եղել է հայամետ և ոչ այնքան օբյեկտիվ։ Իսկ հակամարտություններ լուսաբանելիս էլ իրեն դրսևորել է որպես ինֆորմացիայի ծայրահեղ ոչ օբյեկտիվ աղբյուր»։ Ինչ վերաբերում է այս տեղեկատվական հարթակի նախկին ճիշտ աղբյուրներին, նշեց, թե այս ժամանակ ֆեյքերի մակարդակով տեղեկատվության ակտիվ փոխանակում էր, և որ բոլորը հասկանում էին, որ պատերազմն ուր որ է՝ կսկսվի։ 

Եթե, այնուամենայնիվ, սա տեղի ունենա, չի՞ նշանակի արդյոք, որ Հայաստանը վերածվում է Սիրիայի, որտեղ ռուս-թուրքական հաշիվներ են պարզվում։ «Նախ, Հայաստանում պատերազմ չկա, չհաշված Ադրբեջանի մի քանի հարվածները սահմանային մի քանի ռազմական դիրքերի ուղղությամբ։ Պատերազմը Հայաստանի սահմաններից է և պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է, ու, չգիտեմ ինչու, մտավախություններ ունեք, որ պետք է վերածվի Սիրիայի, առավել ևս՝ ռուս-թուրքական պատերազմի, մանավանդ որ ո՛չ այս, ո՛չ այն կողմը չի պատրաստվում Ղարաբաղի պատճառով կռվել»։ Մի՞թե, իսկ գուցե Հայաստանը պատերազմում է նաև Թուրքիայի՞ հետ, քանի որ դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Վադիմ Դուբնովն ասաց, թե իր համար գաղտնիք է։ «Սա Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական փոխօգնություն է, որն իրականում ենթադրում է նման հնարավորություն, և այն, որ ասում եք՝ Թուրքիան պատերազմի խմբավարն է, բավականաչափ սուբյեկտիվ գնահատական է։ Իմ գնահատականը՝ դեռ այն է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Իսրայելից, Բելառուսից և զենքի առևտրի բոլոր միջազգային հարթակներից գնել է առավել ժամանակակից զենքեր։ Հայաստանը նման հնարավորություններ չունի, միայն՝ մասնակի»,- ասաց Դուբնովը։
 
ՀԳ․ Մինչ պատրաստում էինք հարցազրույցը, iravunk.com-ը տեղեկացրեց, որ հարված է հասցվել Մեղրիում տեղակայված ռուսական դիրքերից մեկի վրա։ Իսկ ռուսական զորքերն անօդաչու սարք են ոչնչացրել նույն վայրում: