Ցուցահանդեսում կա ամենակարեւորը` վերաբերմունք այսօրվա կյանքին

Ցուցահանդեսում կա ամենակարեւորը` վերաբերմունք այսօրվա կյանքին

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։ Հոբելյանական ցուցահանդես` ոչ հոբելյանական տարում, որը պետք է դեռ 3 տարի առաջ տեղի ունենար, բայց պատերազմն ու կորոնավիրուսը փոխեցին մեր կյանքի ընթացքը, ու միայն հիմա հնարավոր եղավ այն կյանքի կոչել. «Այդ հանգամանքներով պայմանավորված՝ ձգձգվեց ցուցահանդեսը, ու երեւի դա էլ ուներ իր թաքնված խորհուրդը, որովհետեւ այդ հիվանդության, պատերազմի ընթացքում ես ստեղծեցի մի շարք նկարներ, որոնք նվիրված են պատերազմին, սիրուն, հումանիզմին, մեր հերոսներին։ Այդ ամեն ինչը նկարչի վրա մեծ ազդեցություն է թողնում: Անկեղծ նկարիչը նա է, ով արտահայտում է իր ժամանակը, սա է, պատմության մեջ իր ժամանակն է մնում»:
Փ․ Միրզոյանը նկատում է` լավ ցուցահանդես է ստացվել, ընտրվել է հետաքրքիր էքսպոզիցիա, ներկայացված են քանդակի, գեղանկարի, գծանկարի ժանրերում արված տարբեր տարիների գործեր։ «Այդ ստեղծագործություններում մարդիկ տեսնում են, որ նկարիչն ապրել է, ստեղծագործել է եւ ստեղծել է մի արվեստ, որն իր ժամանակի մեջ մնայուն է: Սա է կարեւորը»,- նշում է Փ․ Միրզոյանն ու մեկնում ցուցահանդեսի կատալոգը, որտեղ ներկայացված են ցուցահանդեսում տեղ գտած բոլոր 75 գործերը։

«Ես գտնում եմ, որ բոլոր ցուցահանդեսները պետք է ունենան նման կատալոգներ, որովհետեւ ցուցահանդեսը վերջանում է, ու հետքը չի մնում, իսկ սա մեծ հետք է,- ասում է նա ու նկատում, որ Ազգային պատկերասրահում վերջին անգամ 10 տարի առաջ էր այդպիսի մեծ ծավալի ցուցադրություն ունեցել։- Կային աշխատանքներ, որ ես ներկայացրել էի նորովի, երբ դու այս մասշտաբի ցուցահանդես ես ունենում, նկարչի համար շատ կարեւոր է, որ նա ինքն իրեն է տեսնում ժամանակի մեջ։ Այդ իմաստով կարծում եմ՝ ստացվել է այս ցուցահանդեսը, որը դեռ մեկ ամիս էլ կցուցադրվի պատկերասրահում»։  

Նկարիչը չի թաքցնում՝ իր համար առանձնահատուկ հաճույք էր, երբ այդքան այցելու էր եկել ցուցահանդեսի բացմանը, իսկ դա հարգանքի մեծ նշան է իր անձի ու արվեստի հանդեպ: «Այս ցուցահանդեսին ներկայացրել եմ մեր կյանքը` վերջին 15-20 տարիներին, շատ նկարներ դուրս են մնացել ցուցադրությունից, որովհետեւ առաջանորդվել եմ նրանով, որ բոլոր նկարները համահունչ լինեն մեկը մյուսի հետ: Դրանցից մեկն անդրադառնում էր Լաչինի միջանցքի շրջափակմանը, 44-օրյա պատերազմի արհավիրքին։ Կա նաեւ մայրության թեման, երկնքի ու երկրի հետ կապը, կարեւորը` վերաբերմունք կա այսօրվա կյանքին, մեր հիմնախնդիրներին, Արցախի խնդրին։ Այդ բոլորը շատ կարեւոր են: Դրանց կողքին նկարել եմ նաեւ սեր, զգացմունք, իսկ գլխավոր նկարը, որ կոչվում է «Վերածնունդ» ու գրքի շապիկին է, դա հենց Հայաստանի վերածնունդն է: Ես համոզված եմ՝ Հայաստանը եղել է, կա ու կլինի: Մենք այսօր մեր ժողովրդին պետք է ցույց տանք, որ ապրում ենք, ստեղծագործում ենք, արվեստ ենք ստեղծում, եւ կուզեի, որ իմ այս խոսքերն ուղերձ լինեին մշակույթի նախարարությանը, կառավարությանը, որպեսզի հավուր պատշաճի ուշադրություն դարձնեն մեր մշակույթին եւ արվեստին»:

Փ․ Միրզոյանն ուզում է իր՝ բավականին մեծ թվով աշխատանքներ նվիրաբերել Ազգային պատկերասրահին ու դրանով նաեւ վերաբերմունք ձեւավորել․ «Ինձ համար շատ զարմանալի է, որ այսօրվա կառավարությունը, պետությունը գումար չի տրամադրում Ազգային պատկերասրահին միայն գնումների համար, որովհետեւ միայն նվիրատվություններով չի լինի, պետք է պատկերասրահը՝ ինքը, նաեւ գնի գործեր ու հարստացնի իր ֆոնդերը: Մերոնք չեն հասկանում ազգային պատկերասրահի, ժամանակակից արվեստի նշանակությունը։ Տեսեք, այսօր բացվում են շատ ցուցահանդեսներ, որոնք վաղը փակվում են: Բոլոր ցուցահանդեսների ժամանակ ժողովուրդը գնում է՝ այդ նկարների ֆոնին նկարվում ու այդ բոլորը լցնում Ֆեյսբուք: Այդ նկարներում դու ամեն ինչ տեսնում ես, բայց չես տեսնում նկարչին, նրա արվեստը, նաեւ հեռուստատեսությունում, լրահոսում դա չի հայտնվում, չկան արվեստաբաններ, որ բերեն քննարկեն այդ արվեստը։ Սա կարեւոր բան է ու մեծ բացթողում: Ես էլի բարձր եմ գնահատում այդ փաստը, որ մարդը ցուցահանդեսի ժամանակ ընտրում է մի նկար ու ուզում է դրա ֆոնին նկարվել, բայց գոնե նրանք, ովքեր իրենց ապրածով իմաստավորել են իրենց կյանքն ու արվեստը, պետք է ուշադրության արժանանան, որի պակասը շատ կա մեզանում»: