Որոշեցի նոր մրցույթ հայտարարել, որ վերջ տրվեն շահարկումներին և ասեկոսեներին

Որոշեցի նոր մրցույթ հայտարարել, որ վերջ տրվեն շահարկումներին և ասեկոսեներին

Մենք անդրադարձել էինք «Իջեւան» ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթին ու դրան հաջորդած իրադարձություններին («Իջեւանում բոլոլա է լինելու ու ահավոր բազար»): Տեղեկացրել էինք, որ մրցույթին մասնակցած 2 թեկնածուներից հաղթել էր Էրիկ Գրիգորյանը: Իսկ պարտված Վազգեն Մարգարյանը բողոքարկել էր մրցույթի անցկացման ընթացակարգը՝ այն հիմնավորմամբ, թե իր եւ մրցակցի միջեւ ապահովված չեն եղել հավասար պայմաններ. իրեն հարցաշարը կիսատ են տվել: Դրա մեղավորը Մարգարյանը համարում էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ում մասին ասել էր. «Մարզպետն էլ է եղել ՀՀԿ-ական, նա նոր Հայաստանի կադր չի: Ես հավատացել եմ այս իշխանությանը, եկել եմ՝ իդեալական, սպիտակ հաշվապահություն եմ ստեղծել… Իմ վրա նույնիսկ 6-րդ վարչություն են բերել, ոչինչ չկարողացան գտնել… Ես զարմանում եմ այս մարզային չինովնիկների վրա, որոնք հին ձեւով աշխատում են՝ առանց մտածելու, որ մի օր կարող է գան-հավաքեն-տանեն՝ իրենց կաշառակերության համար: Այս մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ փողի մեռած են… Ժողովուրդը սրա անունը «թամադա» է դրել, մենակ սիրուն խոսում է, ոչինչ չի անում»: 

Այս խոսակցության ձայնագրությունը պահպանված է, մինչդեռ Մարգարյանը  հարցազրույց է տվել ու ասել, թե ««Հրապարակ» թերթի  լրագրողուհին մի քանի հարցեր է տվել, հետո խեղաթյուրել է հոդվածը՝ ի վնաս ինձ, մարզպետի վերաբերյալ բաներ է վերագրել, որոնք ես չեմ ասել։ Չեմ ասել, որ ՀՀԿ անդամ է եղել։ Ես մի անգամ հատուկ հայտարարություն եմ  տվել, որ նախկին մարզպետ Պավլիկ Ասատրյանն ինձ աշխատանքից ազատել է իբր խմածության համար, ես այդ ինֆորմացիան ասել եմ հատուկ մի մարդու համար, որ այդ լուրը հասնի իրեն, այդ լուրը «Հրապարակը» զետեղել է։ Ես դրանով համոզվեցի, որ «Հրապարակը» Ներսիսյան Վարուժին սպասարկող թերթ է, որովհետեւ միայն նա գիտեր այդ ինֆորմացիան։ Այնպես են արել, որ իմ եւ մարզպետի հարաբերություններն ավելի լարեն մրցույթից հետո, որ հաջորդ  մրցույթում իմ դեմ ավելի ագրեսիվ լինեն»։


Մարգարյանը մեզ հետ զրույցում ոչ դրական լույսի ներքո էր հիշատակել Տավուշի բոլոր մարզպետներին, անգամ՝ հանգուցյալներին: Ինչ վերաբերում է նրա «խմածության» մասին ինֆորմացիան ինչ-որ մեկի ասելով հրապարակելուն, ապա հարկ է նշել, որ այդ մասին տարիներ առաջ հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում, իսկ «Հրապարակն» ընդամենը հղում էր արել այդ հոդվածին: Իսկ այն փաստը, որ մարդն իր խոսքից հրաժարվում է, արդեն ինչ-որ բան ասում է նրա մասին: 

Մարգարյանի պահանջով՝ առողջապահության նախարարությունը հանձնաժողով էր ստեղծել՝ քննելու ԲԿ տնօրենի մրցույթի ընթացքը: Հանձնաժողովը, սակայն, որեւէ խախտում չի արձանագրել: Սակայն, որքան էլ զարմանալի է, մարզպետի որոշմամբ նշանակվել է նոր մրցույթ: Թե ինչու է օրինական կարգով անցկացված մրցույթը չեղյալ համարվել, անհասկանալի է: Մենք գրել էինք, որ Մարգարյանը ոչ միայն մարզպետին է մեղադրում կաշառակերության մեջ, այլեւ սպառնում է «խոսել», այն էլ՝ վարչապետի եղբոր եւ որդու՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մասին: Ի՞նչ պետք է խոսեր Մարգարյանը, եւ արդյոք հենց դա՞ է դեր խաղացել, որ նոր մրցույթ է նշանակվել: 

Մենք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանից փորձեցինք ճշտել, թե ինչ հիմքով է նոր մրցույթ նշանակվել։ Նա ասաց. «Ես՝ ինքս, համոզված եմ, որ ամեն ինչ՝ հարցաշարը, տրամադրվել է պարոն Մարգարյանին, բայց քանի որ ընթացակարգով սահմանված չէր ստացական տրամադրել կամ արձանագրել տրամադրումը, դա այսօր շահարկվում է: Որպեսզի որեւէ մեկի կողմից որեւէ խնդիր, որեւէ շահարկում չլինի, որոշեցի նոր մրցույթ հայտարարել, որ վերջ տրվեն շահարկումներին եւ ասեկոսեներին: Ես համոզված եմ, որ մեր հանձնաժողովը եւ մեր պատասխանատու ստարաբաժանումների ներկայացուցիչներն ամեն ինչ արել են օրենքի սահմաններում: Բողոքարկման հանձնաժողով ձեւավորվեց, սահմանված կարգով եկան-ուսումնասիրեցին, եւ եզրակացությունը նույնպես այդպիսին է եղել: Մինչ այս որեւէ գրավոր հիմք չկար այդ տեղեկատվությունն ամբողջությամբ տրամադրելու վերաբերյալ: Ընթացակարգով դա սահմանված չի եղել: Հիմա իմ կարգադրությամբ սահմանել ենք հատուկ ընթացակարգ, որ նմանատիպ մրցույթներում համապատասխան տեղեկատվության, հարցաշարերի տրամադրումը լինի արձանագրությունով, եւ դա այսուհետեւ կվերաբերի նման բոլոր մրցույթներին»:  

- Եթե գործող ընթացակարգի խախտում չի եղել, եւ մրցույթը համարվել է չեղյալ կամ անվավեր, ապա հիմա այնպիսի տպավորություն է, որ Դուք նոր մրցույթ հայտարարել եք կա՛մ Վազգեն Մարգարյանի ամբիցիաները բավարարելու համար, կա՛մ տեղիք եք տվել նրա հոխորտանքին: Նա մի կողմից Ձեզ էր մեղադրում կաշառակերության ու շատ փող սիրելու մեջ, մյուս կողմից սպառնում էր ինչ-որ բան գաղտնազերծել Փաշինյանների ընտանիքի մասին: 

 - Բացարձակ, ամբիցիաները եւ հոխորտանքները կապ չունեն մեր գործողությունների հետ: Իմ գործողությունների հետ կապ ունի այն, որ ես 100 տոկոսով վստահ եմ իմ անձնակազմի եւ հանձնաժողովի օրինականության, օբյեկտիվության վրա եւ պատրաստ եմ եւս մեկ անգամ մրցույթ անցկացնել ու եւս մեկ անգամ ապացուցել, որ մենք մեր գործողությունների օրինականության շրջանակներում ենք: Ճիշտ է, դրա արդյունքում մենք եւս մեկ ամիս կկորցնենք, բայց կապացուցենք մեր աշխատանքի օրինականությունը՝ հանուն նրա, որ որեւէ մեկի մտքով չանցնի, որ մենք կարող ենք մեզ ապօրինություններ թույլ տալ: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, զրպարտանքներին, ապա ես դրա համար դիմել եմ դատախազություն, ոստիկանությունը զբաղվում է: Կարծում եմ՝ քննվում են վկաները: Ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները եւս մոտ ապագայում իրենց պաշտոնական հրապարակումները կանեն այդ հարցի հետ կապված: Իսկ ճնշումների մասին որեւէ խոսք չկա, նման բան չի կարող լինել: Ինչ վերաբերում է ասեկոսեներին, մարդիկ շատ բան կարող են ասել, հնարավոր է՝ հատուկ են ասում, հնարավոր է՝ ո՛չ հատուկ: Ես չեմ ուզում տեղի տալ որեւէ ասեկոսեի: Կան օրենքներ, մենք շարժվում ենք միայն դրանով: Այդ ասեկոսեները չեն պատկանում հանրության մեծամասնությանը, իսկ այն փոքր մասը դեռ պատրաստ չէ, որ որեւէ մրցույթ այս երկրում կարող է անցկացվել հավասար պայմաններով՝ անկախ այն բանից, թե ով ում համագյուղացին է։ Սա մեր նախորդ մշակույթի իներցիայի արդյունք է եւ հանրային ընկալման ժամանակ պահանջող գործընթաց: Երկրում կատարվել են էական փոփոխություններ: Մեր սկզբունքն է՝ սառնասրտորեն եւ հաստատակամորեն այդ փոփոխությունները տանել առաջ: Մենք պատրաստ ենք նորից անցնել այդ գործընթացի միջով, որ որեւէ մեկը մանիպուլյացիաներով չառաջնորդվի: