Օրենքն ինչպես կանդրադառնա մասնավոր եւ պետական հավաքածուների վրա

Օրենքն ինչպես կանդրադառնա մասնավոր եւ պետական հավաքածուների վրա

ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով: Համաձայն հիմնավորման՝ վերջին տարիներին նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ ընդունվել են մի շարք ՀՀ օրենքներ, որոնք կարգավորում են մշակութային ժառանգության բնագավառները: Անհրաժեշտություն է առաջացել նաեւ կարգավորել թանգարանների ոլորտը. մասնավորապես, հստակեցված չեն մշակութային ժառանգության անբաժանելի մաս կազմող ՀՀ թանգարանային հավաքածուի, ինչպես նաեւ յուրաքանչյուր թանգարանի հավաքածուի օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման (անկախ սեփականության ձեւից) խնդիրները: 

Օրենքի նախագծում կարգավորվել են ոչ միայն պետական թանգարանային հավաքածուի, այլեւ ոչ պետական թանգարաններին առնչվող հարաբերությունները: Հստակեցվել են պետական uեփականություն չհանդիսացող մշակութային արժեքները ՀՀ պետական թանգարաններում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների սեփականատերերին պետական աջակցության ձեւերը, ինչպես նաեւ թանգարանների հավատարմագրման եւ կարգավիճակ ստանալու ընթացակարգը:

Ոլորտի մասնագետների կարծիքով, միակ ռիսկը մասնավոր հավաքածուներով թանգարաններն են․ արդյոք նոր օրենքը չի՞ խոչընդոտի նրանց գործունեության շարունակականությանը եւ նոր հավաքածուով համալրմանը, հատկապես երբ այդ հավաքածուներն այլ երկրից են գալիս։ Ինչ վերաբերում է պետական հավաքածուներին, ապա մինչեւ օրենքն էլ, ամբողջ պետական հավաքածուն համակարգում էր պետությունը, եւ այդ մասով օրենքը մեծ ազդեցություն չի ունենա։