Եթե գնանք Սունդուկյան, երկու ամիս անց մեզնից ոչ մեկը չի մնա այնտեղ

Եթե գնանք Սունդուկյան, երկու ամիս անց մեզնից ոչ մեկը չի մնա այնտեղ

Պարզվեց, Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնն» առանձնահատուկ սեր ունի թատրոններ փակելու հետ: Արդեն երկրորդ թատրոնն է 2018-ից հետո օպտիմալացվում: Նախորդը Կամերային երաժշտական թատրոնն էր, որը փակեցին` հայտարարելով, թե միացնում են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին: Այս անգամ թիրախում «Գոյն» է: 

«Գոյ» թատրոնը Սունդուկյանի թատրոնին միացնելու որոշման նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը` որպես հիմք նշելով, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն: 

«Գոյ» թատրոնի դերասանուհի Մարինե Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում պնդում է, որ «Գոյ» թատրոնը ոչ մի կերպ չի կարելի միավորել Սունդուկյան թատրոնի հետ, քանի որ երկու թատրոններն իրարից խիստ տարբերվում են: Դերասանուհու կարծիքով` վատ է, երբ Հայաստանում թատրոններ օպտիմալացնելն ավանդույթ է դառնում: Նա հույս ունի, որ անպայման ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի իր որոշումը` հետ կկանչի այն. 

«Մեր գործը հիմա վարչական դատարանում է: Փետրվարի 19-ին լինելու են լսումներ: Մենք փորձում ենք ԿԳՄՍ նախարարության հետ երկխոսության գալ: «Գոյ» թատրոնի օպտիմալացումը բավականին մեծ արձագանք է ստացել: Առհասարակ շատ տգեղ է, երբ դերասանները դատի են տալիս իշխանությանը, սակայն հակառակը չենք կարող, որովհետև առանց մեր կարծիքը հաշվի առնելու նման որոշում է կայացվել: Մեզանից ոչ մեկը Սունդուկյան թատրոն չի իջնելու: Մենք հակադիր կողմի թատրոններ ենք` դիմագծով հակադիր կողմերում: Խիստ տարբեր ոճեր ունեն երկու թատրոնները, իրենց ակուստիկան ոչ մի կապ չունի մեր դերասանական դպրոցի հետ, ի վերջո, խիստ տարբեր են երկու թատրոնների ներկայացումների ֆորմատը: Եկեք երկխոսության գանք, ոչ մի դեպքում մենք Սունդուկյանի անվան թատրոնի հետ չենք միանալու: Ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ, ինչպես բոլոր դեպքերում, թատրոն օպտիմալացնելով` դերասանները գործազուրկ են մնում: Քիչ-քիչ դուրս կմնանք այդ դեպքում: Սունդուկյան թատրոնում մեծ կոլեկտիվ է աշխատում, անգամ մեր 30 հոգանոց կոլեկտիվից 20-ը ստաբիլ աշխատանք չի կարող ունենալ` միավորման դեպքում: Մեզ վստահեցնում են, որ մեր ռեպերտուարին ձեռք չեն տա, սակայն այստեղ հարց է ծագում. եթե էլի առանձին մեր թատրոնում խաղալու ենք, էլ կցելը ո՞րս է, ի՞նչ իմաստ ունի այն: Եթե ոչինչ չի փոխվելու, ինչո՞ւ եք նման փոփոխություն անում: ԿԳՄՍ նախարարության հետ պետք է կոմպրոմիսի գալ, սակայն հօգուտ թատրոնի, այլ ոչ թե հօգուտ ԿԳՄՍ նախարարության», - նշում է Մարինե Պետրոսյանը: 

Իսկ ինչո՞ւ թատրոնի տնօրենի ԺՊ-ն ստորագրեց Սունդուկյանի հետ միավորվելու որոշման տակ, ինչո՞ւ հաշվի չառավ դերասանական կազմի կարծիքը. «Այդ տղան գործի էլ չէր գալիս, մենք նրան միայն մեկ անգամ ենք տեսել` տասը րոպեով: Այդ օրը տեսանք ու վերջ: Ինչքան հասկացա, եկել էր ստորագրելու համար, ստացվում է` իր աշխատանքը միայն թատրոնը փակելու որոշման տակ ստորագրելն էր: Թատրոնում իրավաբան ունեինք, անգամ հիմա նա չկա, պետք է ամեն կերպ փորձենք նրան վերադարձնել, որովհետև մնացել ենք անպաշտպան: Թատրոնի տնօրեն Կարեն Սիմոնյանը Վեդիից է, մի երկու սերիալում է խաղացել ու հանդիսավար է աշխատել: Նա ավելի շատ Սունդուկյան թատրոն է գնում, քան մեր թատրոն: Աշխատանքի չի գալիս, որ մեր հարցերն ուղղենք իրեն, պարզենք, հասկանանք, ինչ է կատարվում» - ասում է դերասանուհին:

Իսկ եթե ԿԳՄՍ նախարարությունը չընդառաջի ձեզ, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը. «Թատրոնի ողջ կոլեկտիվը դեմ է Սունդուկյան թատրոնին միանալու գաղափարին: Մենք չենք կարող աշխատել որպես մեկ միավոր: «Գոյ» թատրոնն ազգային կենտրոն է, դաշտ, որը հնարավորություն է տալիս Թատերականը նոր ավարտած ուսանողներին: ԿԳՄՍ նախարարությունը շատ բաներից տեղյակ չէ: Ասում են` միայն դուք չեք, ՊՈԱԿ-ները միավորվելու են, սակայն այս պահին միայն մենք ենք: Փաստաթղթում գրված է` «Գոյ» թատրոնը դառնում է Սունդուկյան թատրոնի թատերական խմբակ: Պատկերացնո՞ւմ եք` մեզ խմբակ անվանելով ինչպես են վիրավորում: Բացի այդ, եթե գնանք Սունդուկյան, երկու ամիս անց մեզնից ոչ մեկը չի մնա այնտեղ, ես դրանում համոզված եմ: «Գոյ» թատրոնի դեմքը պետք է մնա, չի կարելի ամեն բան միանման, նույն տեսակի դարձնել», - եզրափակում է դերասանուհին:

ՀԳ․ Մենք նաև դիմեցինք Կամերային երաժշտական թատրոնի նախկին տնօրեն Հռիփսիմե Առաքելյանին, հասկանալու համար, թե ինչ է նա մտածում թատրոններ միավորելու մասին: Ի վերջո` իր ղեկավարած թատրոնը առաջինն էր, որը կնքեց իր «մահկանացուն»: Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ես ընդամենը երեք տարի եմ թատրոնում եղել և իմ դուրս գալուց հետո այն մեկ ուրիշի ձեռքով փակվել է: Ես այդ դաշտի մասին խոսելը նպատակահարմար չեմ համարում: Այնքան բան եմ ասել, որ հիմա այդ ամենն ինձ համար անցած էտապ է: Այս իշխանությունների կողմից արվող գործողություններն ինձ համար հստակ են ու սովորական: Լավ կլինի անհանգստանան թատրոնում աշխատող մարդիկ: Բոլորը լռում են, հետո այդ ուղտն իրենց դռանն էլ է չոքում: Այնպես որ թող իրենք մտահոգվեն, ինչի՞ մասին է խոսքը: Ես որ այն ժամանակ կռիվներ էի տալիս, որևէ թատրոն մեզ հետ չփորձեց համագործակցել, իսկ այսօր նույն վիճակում իրենք են հայտնվել, թող խոսեն թատրոնում աշխատող մարդիկ, ես այլ ոլորտում եմ աշխատում»: