Ֆրանսիան դրանով քաջալերում է մեր պայքարը հանուն Հայաստանի ու Արցախի․ Մուրադ Փափազյան
Ֆրանսահայ գործիչ, ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը դեկտեմբերի 3-ին, պարգևատրվել է Ֆրանսիայում ամենաբարձր մեդալով՝ Պատվո լեգեոնի մեդալով: Մեդալը Փափազյանին հանձնել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։
«Երբ ելույթ ունեցա այդ օրը, ասեցի, որ այս պարգևը միայն ինձ համար չէ` բոլոր ընկերներիս համար է, ինձ հետ աշխատած բոլոր անձանց համար է՝ հայկական ճակատում իմ պայքարի, թե իմ մասնագիտական գործունեության ճակատում։ Այդ գիշերը ինձ հետ էին թե իմ մանկության, թե երիտասարդության, թե այսօրվա ընկերներս, որոնց հետ պայքարում ենք, կային նաև ֆրանսիացի շատ հայտնի ժուռնալիստներ, որոնց հետ նաև աշխատում եմ: Կային նաև մասնագիտական գործունեությանս հետ կապված մարդիկ»,-ասաց Փափազյանը:
Ֆրանսահայ գործչի պարգևատրմանը ներկա է եղել շուրջ 300 հոգի, որոնց թվում նաև LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի տնօրեն Անտուան Առնոն, Ալեքսանդր Բոմպարդը՝ Carrefour-ի նախագահն ու տնօրենը, Յաննիք Բոլլորեն՝ Havas-ի նախագահը և այլք:
Մուրադ Փափազյանը նշում է, որ շատ դրական մթնոլորտ էր տիրում և իր ելույթում ինքը խոսել է հիմնականում հայկական պայքարի մասին, և Ֆրանսիայում շատ ազդեցիկ մարդիկ` հենց Փափազյանի աշխատանքի շնորհիվ հայկական հարցի կողմնակիցներ ու համակիրներ են դարձել:
«Ինձ պարգևատրել են առաջին հերթին, կարծում եմ, որպես ֆրանսահայ: Ես քառասուն տարի է, որ աշխատում եմ Հայաստանի, Հայ դատի, Արցախի համար, այսպիսով ուզեցին գնահատել, որովհետև շատ կարևոր աշխատանք է սա Ֆրանսիայի համար և նաև որպես ֆրանսիացի, ես 35 տարի է, որ աշխատում եմ և իմ օժանդակությունն եմ բերում ֆրանսիայի տնտեսության և ֆրանսիական ընկերությունների հաջողությանը: Իրենց համար կարևոր է, որ համայնքային ներկայացուցիչը այդպիսի ներդրում ունենա Ֆրանսիայի տնտեսական կյանքի մեջ»,-ասաց Փափազյանը:
Հարյուրավոր անձինք գրել են Փափազյնանին՝ սոցիալական հարթակներում, Հայաստանից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից շնորհավորանքներ է ստացել:
«Բոլորը ինձ նույնն են ասում, ասում են՝ Դուք ստացաք այդ պարգեւը, բայց դա նաև մերն է` ճիշտ է: Ես սիրով կիսում եմ դա, և հետաքրքրական է, որ ժողովուրդը այդպես է ասում՝ շնորհավորում ենք, պրն Փափազյան, նաև Ձեր միջոցով մենք պատիվը ստացանք: Եվ ես շատ սիրով կիսում եմ այդ տպավորություններն ու զգացումը, որովհետև մեր կյանքը միայն մեր անձնական կյանքը չէ, մեր կյանքը միշտ հավաքական կյանք է եղել և շարունակում է լինել հավաքական կյանք։ Գիտեք` ինչպես եմ պայքարում ի նպաստ Հայաստանի և շատ հստակ ձևով Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ եմ պայքարում, և երբ որ Ֆրանսիան ինձ այդ պատիվն է տալիս, նշանակում է, որ երկրորդում է մեր պայքարը: Սա կարևոր նշան է, որ խորքը, ձևը երկրորդում են մեսիջները, պայքարի իմաստը և այդպիսով գնահատում ու քաջալերում են, որ շարունակենք մեր պայքարը»,-ասաց Փափազյանը:
Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանին ՀՀ ԱԱԾ-ն զրկել էր Հայաստան մուտք գործելու իրավունքից` իբրեւ թե Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու համար: Երկար` մոտ մեկ տարի տեւած դատական պրոցեսից հետո միայն Փափազյանը ստացավ Հայաստան ժամանելու իրավունք: Դատարանն, ի դեպ, նման վճիռ կարող էր նաեւ չարձակել, եթե Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անձամբ այդ մասին չխնդրեր Նիկոլ Փաշինյանին:
Կարծիքներ