Ո՞վ է մեղավոր 35-ամյա կնոջ ինքնասպանության փորձի համար

Ո՞վ է մեղավոր 35-ամյա կնոջ ինքնասպանության փորձի համար

Սեւանի բնակիչներից մեկը մեզ տեղեկություն էր հաղորդել, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնից վերջերս դուրս գրված հիվանդներից մեկը՝  Ն․Մ-ն, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել՝ շենքի բարձր հարկից դուրս է նետվել։ Եւ այժմ ծանր վիճակում գտնվում է Սեւանի բժշկական կենտրոնում։ Ահազանգողը համոզված էր, որ կատարվածի մեղավորը Սևանի հոգեբուժարանի տնօրենն է, ով հիվանդներին դուրս է գրում՝ առանց նրանց վիճակը հաշվի առնելու, ստիպողաբար դուրս գրվածներից մեկն էլ Ն․Մ-ն է։

Մեզ նախ փորձեցին մոլորեցնել, թե նման դեպք չի արձանագրվել եւ հիվանդանոցից անգամ ասացին՝ նման հիվանդ չունենք, սակայն մենք կապ հաստատեցինք Ն․Մ-ի քրոջ՝ Լ․Մ-ի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունը եւ պատմեց, որ իրենք ծնողներ չունեն, քույրն իսկապես բուժվել է Սևանի հոգեբուժարանում։ Իսկ այս պահին գտնվում է Սևան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում՝ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

«Ես բժիշկ չեմ, չեմ կարող ասել՝ ինքը դուրս գրման ենթակա էր, թե չէ, փաստը մնում է փաստ, որ մենք ամսի 4-ին իրան այդտեղից վերցրեցինք (հոգեբուժարանից), որովհետև մեզ զանգահարեցին ու ասեցին, որ պետք է դուրս գրեն»,- ասաց Լ.Մ-ն:

Հարցին, թե արդյոք փորձե՞լ է պարզաբանում ստանալ բուժանձնակազմից, թե իր քույրը այնքան առողջ է, որ կարող է դուրս գրվել, վերջինս ասաց. «Ինձ միշտ ասել են, երբ որ ինքը դուրս գրման կլինի, երբ որ ինքը հոգեպես լավ կլինի, այն ժամանակ մենք կզանգահարենք ու իրեն դուրս կգրենք: Իսկ որ տենց հետաքրքրվել եմ, թե չէ՝ չէ»,-ասաց քույրը հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել:
Սևանի համայնքապետարանից մեզ տեղեկացրին, որ այս պահին Լ.Մ- ն ձևակերպում է քրոջ՝ Ն.Մ.-ի նկատմամբ խնամակալության փաստաթղթերը:

Փորձեցինք պարզաբանում ստանալ Սևանի հոգեբուժարանի տնօրենից: Այստեղ վերջերս տնօրենն ազատվել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հարություն Դավթյանը, ով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բժիշկ էր աշխատում։ Նա մեզ ասաց, որ ինքը վերջերս է տնօրեն նշանակվել, իսկ 35-ամյա Ն.Մ.-ին հիվանդանոցից դուրս են գրել նախկին տնօրենի ժամանակ ու հորդորեց կապ հաստատել բուժ. գծով տնօրենի տեղակալի հետ: Երեք օր շարունակ փորձեցինք կապվել սույն տեղակալի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Ուզում էինք հասկանալ, թե Ն․Մ - ն երբ է դուրս գրվել հիվանդանոցից, ի՞նչ առողջական վիճակում է եղել, քանի հիվանդ է դուրս գրվել եւ ով է պատասխան տալու անառողջ մարդկանց ժամանակից շուտ դուրս գրելու եւ նման ծայրահեղ իրավիճակի մեջ դնելու համար, սակայն այդպես մեր հարցերի պատասխանները չկարողացանք ստանալ։

Առողջապահության նախարարությունից էլ որևէ մեկնաբանություն մեզ չտվեցին, պատճառաբանեցին, թե ինքնասպանությունների թեման՝ հատկապես եթե դրանք իրագործում են հոգեկան առողջական խնդիրներ ունեցողները, շատ նուրբ են ու վտանգավոր։