Ալիեւը բացեց գաղտնիքը

Ալիեւը բացեց գաղտնիքը

Բաքվում թուրքախոս երկրների գագաթաժողովի ելույթում Իլհամ Ալիեւը կարեւորել է, որ կառույցի հիմնադիր հավաքը կայացել է Նախիջեւանում, ապա ընդգծել, որ Նախիջեւանը «մայր-Ադրբեջանից կտրված է, նրանց միջեւ է Զանգեզուրը, որը տրվել է Հայաստանին, եւ թուրքական միասնությունը դրանով տրոհվել է»: Երեւում է, ԼՂ կարգավորման հարցում նրա վերջին հույսը թուրքական համերաշխությունն է, ավելի ստույգ՝ Թուրքիայից ակնկալիքները, որովհետեւ թուրքախոս մյուս երկրները մեր տարածաշրջանից աշխարհագրորեն հեռու են, եւ դեռ հարց է՝ նրանք նույնպես շահագրգռվա՞ծ են Թուրքիա-Ադրբեջան միասնությամբ: Բայց Ալիեւի հայտարարությունը հարկ է դիտարկել այլ տեսանկյունից: Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի Ադրբեջանին «պատկանելու» որեւէ պատմական, առավել եւս՝ իրավական հիմնավորում գոյություն չունի, բացի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության Հռչակագիրը, որով այդ պետության տարածք է հայտարարված «արեւելյան եւ հարավային Անդրկովկասը»՝ նախկին ցարական Ռուսաստանի վարչական բաժանմամբ՝ Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները: 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունելով «Պետական ինքնիշխանության մասին» սահմանադրական ակտը, Ադրբեջանը հռչակվել է ոչ թե Ադր. ԽՍՀ-ի, այլ՝ 1918-20թ.թ. Հանրապետության իրավահաջորդ:

Այսինքն՝ այն սահմաններում, որ հռչակվել են 1918թ. մայիսի 28-ին: Սահմանադրական ակտն, այսպիսով, տարածքային հավակնություններ է ներկայացնում միանգամից երեք երկրի՝ Հայաստանին՝ Սյունիքի մարզի, Վրաստանին՝ Քվեմո-Քարթլիի (Բորչալուի), Ռուսաստանին՝ Դերբենտի շրջանի մասով: Այս իմաստով Ղարաբաղյան պատերազմը ոչ միայն Արցախը, այլեւ Սյունիքը պաշտպանելու իմաստ ուներ: Եւ այն մոտեցումը, որ Արցախը չի կարող Ադրբեջանի մաս կազմել, նաեւ Սյունիքի կարգավիճակի հարցն է լուծում: Թուրքախոս երկրների գագաթաժողովում Ալիեւը փաստացի բացահայտել է Ադրբեջանի պետական քաղաքականության գաղտնիքը: Այն է՝ իր սահմանները համապատասխանեցնել 1918թ. մայիսի 28-ի Հռչակագրով հայտարարվածին: Այս տեսանկյունից հարցին մոտենալիս պետք է խոստովանել, որ չկա Արցախի հարց, կա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման եւ ամրապնդման մարտահրավեր, որին դիմագրավելու համար հարկ է համախմբել հայության ողջ ներուժը: