Ադրբեջանին կարող են միայն պարտադրել՝ գտնել ու պատժել այդ անձանց, ուրիշ ոչինչ

Ադրբեջանին կարող են միայն պարտադրել՝ գտնել ու պատժել այդ անձանց, ուրիշ ոչինչ

Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը մինչեւ 2018-ը զբաղվել է ռազմագերիներին առնչվող խնդիրներով՝ փոխանակումից մինչեւ տեղեկատվական պատերազմ։ Նա փաստահավաք աշխատանքի հարուստ փորձ ունի, «Հայատյացությունը՝ Ադրբեջանում» գրքի հեղինակն է, կարելի է ասել՝ ատելության մասնագետ է, այն ատելության, որը հորդում է Ադրբեջանից, որի մասին ոչինչ չի ասում խաղաղության քարոզիչ իշխանությունը։ Դրա վերջին դրսեւորումն էլ հայ ռազմագերիների գնդակահարության կադրերն են։ Արդյոք սպառե՞լ ենք ռազմական հանցագործներին պատժելու իրավական  բոլոր մեխանիզմները, զրուցել են այս թեմայով։ 

- Նախկինում Ձեր աշխատանքը կոնֆիդենցիալ էր, շատ բաներ չէիք բացահայտում, այնուամենայնիվ, ինչո՞վ էիք զբաղվում նախագահականում, եւ այդ աշխատանքը հիմա  ի՞նչ մակարդակի վրա է։  

- Ռազմագերիների հարցերը միշտ պահվում են հանրությունից փակ, որովհետեւ դրանք գործողություններ են, որոնք միտված են նաեւ թշնամու քայլերը խափանելուն։ Դրանք ռազմական գաղտնիքին հավասար հարցեր են, բայց մեր աշխատանքը կոնֆիդենցիալ չի եղել երբեք։ Մենք բաց ենք եղել մեր բոլոր անելիքների առումով եւ ամեն տարեվերջին հանրությանը ներկայացրել ենք մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը։ Դա ստացել է կայքերում հրապարակումների, գրքերի, բուկլետների տեսք։ Իսկ ոչ տեսանելի դաշտում մնացել են կոնսուլտացիաները համապատասխան մարմիններին, որոնք եկել են կոնկրետ հարցադրումներով, պատասխանները ստացել են եւ դրանք, որպես փորձագիտական կարծիք, ներառել են իրենց զեկույցների եւ այլ աշխատանքների մեջ։ Մենք զբաղվել ենք «Հայատյացությունը՝ Ադրբեջանում» պրոբլեմատիկայով, հասկանալով, որ միջազգային հանրությունն այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը, եւ ինչ է սպասվում հայերին, եթե հանկարծ, Աստված ոչ անի՝ հայերն ինչ-որ ձեւով առնչվեն այդ պետության հետ։ Մենք, իմ ստորաբաժանումը եւ մեր կոլեգաները զբաղվում էինք փաստերի հավաքագրմամբ, համապատասխան բացատրությունների ներկայացմամբ, եւ այդ ամենը պետական այրերն արդեն փոխանցում էին հաջորդ մակարդակի կոմպետենտ մարմիններին՝ պետական պաշտպաններին, դատապաշտպաններին, միջազգային իրավագետներին։ Խոսքը մինչեւ 18 թվականին է վերաբերում, 18-ից հետո այդ աշխատանքն արվում էր ոչ թե պետական  մակարդակում, այլ՝ հասարակական, քաղաքացիական։ Արման Թաթոյանն էր դրանով զբաղվում, անկախ իրավաբանական գրասենյակները, որոնք աղերս չունեին իշխանության հետ, իսկ իշխանական կողմի իրավաբանական ներկայացուցիչները, բացի ամպագոռգոռ հայտարարություններից, ոչ մի ռեալ օգուտ չեն բերել։ Նրանք երբեւիցե նման նյութերի հետ չեն աշխատել, չեն պատկերացնում, թե ինչ աշխատանք է կատարվել, ինչպես են գերիներին հետ բերել։ 

- Մենք օգտագործե՞լ ենք Ադրբեջանին պատասխանատվության կանչելու բոլոր հնարավորությունները, միջազգային հանրությանը դիմելու ուղիները, մեր իշխանության քայլերն ադեկվա՞տ են կատարվածին։ 

- Մեր խնդիրն է՝ ամրապնդել մեր սահմանները, ամրապնդել անվտանգությունը եւ թույլ չտալ, որ Ադրբեջանը հնարավորություն ունենա ներխուժել մեր տներ, քաղաքներ, 2018 թվականին եկան ուժեր, որոնք անտեսեցին այդ ամենը, եւ Լենա Նազարյանի հանրահռչակ՝ «Մենք բացում ենք խաղաղության դարեշրջան»-ը, եւ «Եթե Ալիեւը չի բացում այդ դարեշրջանը, մենք միակողմանի կբացենք», բերեցին նրան, որ մենք ստացանք պատերազմ, խայտառակ պարտություն, արժեզրկում, պետականության կորուստ ու համապատասխան վարքագիծ մեր գերիների նկատմամբ։ Այնինչ Ադրբեջանն ուզում էր հասնել մեր վզներին, մեր կոկորդներին, անխոչընդոտ կրծել մեր կոկորդները, իսկ խոչընդոտը պետք է լիներ հայոց պետականությունը, բայց չեղավ։ Այդ հնարավորությունն Ադրբեջանին նվիրել են ՀՀ իշխանությունները եւ կոնկրետ անձինք։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նրանց համար առաջնահերթություն վայելող պետությունն Ադրբեջանն է, որովհետեւ նա ունի էներգակիրներ, որոնց կարիքն ունի այսօրվա միջազգային հանրությունը, կոնկրետ՝ Եվրոպան։ Որովհետեւ, վստահաբար, Ճապոնիայի կարծիքն այդ հարցի շուրջ ոչ մեկին չի հետաքրքրում։ Եվրոպան լուռ է, որովհետեւ Ադրբեջանի հետ ունի պրոյեկտներ, որոնք լուծելու են Եվրոպայի կենցաղային խնդիրները։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ մենք ունենք հեղինակազրկված իշխանություն, որին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, ու չեն պատրաստվում Փաշինյանի հետ նստել բանակցել կամ նրա հայտերը բավարարել, որովհետեւ Փաշինյանը նրանց համար կլոր զրո է, ինչպես նաեւ նրա ղեկավարած պետությունը, որին նա հասցրել է ոչնչացման եզրին։ 

- Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ ներկայացուցիչը հայտարարություն արեց։ Եթե նրանք համոզվեն տեսանյութի իսկության մեջ, կպատժե՞ն ռազմական հանցագործներին, թե՞ հայտարարությամբ կսահմանափակվեն։ 

- Նախ՝ ապացուցելու ոչինչ չկա։ Եթե մեկն ասում է, որ ինքն ապացույցների կարիք ունի, ուրեմն նա ուզում է ժամանակ՝ հասկանալու համար, թե ինչ անի։ Դրա ապացուցելը 1 րոպե է պահանջում, որպեսզի հասկանան, թե ով է առաջինն այդ կադրերը հրապարակել, իսկ դա ադրբեջանական օգտատերերն են։ Երկրորդ․ ոչինչ չի արվելու գոնե այս պահին, այս իրավիճակում։ Հետագայում դա կարող է օգտագործվել Ադրբեջանի դեմ, որ նրան շանտաժ անելով՝ որոշակի գործողություններ պարտադրեն, ընդամենը։ Բացի դա, իմ հիշելով՝ Ադրբեջանը չի հանդիսանում միջազգային ռազմական տրիբունալի անդամ, ու նրան ոչինչ չեն կարող պարտադրել։ Կարող են պարտադրել՝ գտնել այդ մարդկանց եւ պատժել, ուրիշ ոչինչ։ Բայց Ադրբեջանը դա չի անելու։ Մենք ունենք հաստատված փաստ, երբ որ քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինվորները Քյարամ Սլոյանի կտրած գլուխը գյուղերով անցկացնում էին, իսկ գլուխը կտրողը, որը որ բռնել էր Քյարամի գլուխը, դրանից մի քանի օր հետո Իլհամ Ալիեւի կողմից պարգեւատրվեց  կոչումով եւ մեդալով։ Ադրբեջանական իշխանությունները խիստ խրախուսում են նման վարվելակերպը եւ ոչ ոքի չունեն պատժելու։

- Իրատեսակա՞ն է, որ ադրբեջանցիները պատասխան տան  այդ սարսափելի հանցագործության համար, թե՞ ամեն ջանք անիմաստ է, եւ այլեւս ոչինչ չենք կարող փոխել։ 

- Առաջին հերթին պետք է պատժել ՀՀ իշխանություններին, որոնք խորը թիկունքը սարքեցին ռազմագիծ, պատերազմից հետո անցած երկու տարում չբարեհաճեցին կահավորել դիրքերը, որ մեր տղաները լինեն պաշտպանված, որոնք չգնահատեցին պատերազմի վտանգը․ անձամբ ես դեռ 20 թվականին եմ ասել, որ պատերազմը վերսկսվելու է ՀՀ տարածքում։ Իսկ ադրբեջանցիներին պատժողը մենք ենք՝ մեր զորքը, մեր բանակը, մեր պետությունը, ու այդ նույն տեղում, որտեղ որ իրենք գնդակահարել են մեր գերիներին։ Իսկ երբ որ դիակները կսկսեն Բաքու վերադառնալ, մենք կիմանանք, որ պատժել ենք։ Ուրիշ պատիժ գոյություն չունի, բացի ռազմական հաղթանակից։ Սլոյանի կադրերը հրապարակելուց հետո նրանք անպատիժ մնացին։ Ճիշտ է, հետո հասկացան, որ պրոբլեմների է բերելու, ու վերացրին դրանք, բայց դա բերեց նրան, որ այսօր էլ նրանք չեն ամաչում իրենց արածից։ 

- Փաշինյանը տեսանյութին արձագանքեց թվիթերում գրելով, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի, հետաքննություն վարի եւ այլն։ Որպես պետության ղեկավարի արձագանք՝ սա ինչպե՞ս եք գնահատում։ 

- Ինչպես եղել է դեղին մամուլի գրչակ, այդպիսին էլ մնացել է։ Նա լավ գիտի, թե ով ինչ ու ինչքան է իրեն պարտք, բայց չգիտի երկրի ղեկավարի իր գործառույթը։ Նա չի  հասկանում, որ ունի խոսնակի ինստիտուտ, որ գոնե խոսնակի միջոցով պետք է պատասխանի, որ պետք  է պաշտոնական նամակներ հղի։ Նա բանակին պետք է համապատասխան հրահանգ տա, պետք է քայլեր ձեռնարկի, որ նման բան չկրկնվի, պետք է կիրառի որոշակի պատժամիջոցներ, նա չգիտի, թե ինչ պետք է անի։ Բայց շատ լավ գիտի, թե ով իրեն ինչ է պարտք։ Միջազգային հանրությունը սա պետք է անի, ՀԱՊԿ-ն նա պետք է անի, ընդդիմությունն էն պտի անի։ Ընկեր, բա դու ի՞նչ պտի անես։ Աշխատավարձ ստանաս ու կնկադ մեր հաշվին ուղարկես ճամփորդությունների՞։ Նա ո՛չ հոգով,  ո՛չ գործով չի համապատասխանում այն դիրքին, որը, դժբախտաբար, զբաղեցնում է։ Իսկ միջազգային հանրությունն իր պրոբլեմներն ունի։ Նա չպետք է Փաշինյանի փոխարեն լուծի Փաշինյանի ստեղծած խնդիրները։