Նիկո՛լ, վաղը դու գնալու ես, ասելու են՝ 2․5 տարի քեզանից ենք ստացել ժառանգություն․ Փոստանջյան

Նիկո՛լ, վաղը դու գնալու ես, ասելու են՝ 2․5 տարի քեզանից ենք ստացել ժառանգություն․ Փոստանջյան

Հարցազրույց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ։

-13 կուսակցություն պահանջում էր հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ։ Ի՞նչ կարող է տալ այս շտաբը այս օրերին, եւ արդյոք Փաշինյանը կգնա՞ այդ քայլին։

-Կարծում եմ՝ հրատապ է, անհրաժեշտ է, օրհասական է, որովհետեւ մենք տեսնում ենք՝ ինչպիսի կորուստներ ունենք եւ ռազմաքաղաքական տիրույթում ինչ է տեղի ունենում, հետեւաբար՝ եւ հասկանում ենք, որ պատերազմի 24-րդ օրն ենք հատում։ Եվ այս պատերազմը լինելու է երկարատեւ, որպեսզի պատերազմը ունենա հաղթական ավարտ, ապա պետք է ունենա այդպիսի մի օպերատիվ շտաբի գործունեություն , որտեղ պետք է ներգրավված լինեն տարբեր ոլորտի փորձառու մասնագետներ։ Այն, ինչ ունի կառավարությունը, այդ ուժերը բավարար չեն, այդ ուժերը պետք է համալրվեն։ Եթե կառավարությունը կարող է գործել սովորական ռեժիմով, ապա ռազմական դրության եւ երկարատեւ պատերազմի ժամանակ, պետք է ներգրավված լինեն փորձառու ռազմական գործիչները, մենք իրենց այնտեղ դեռ չենք տեսել, իրենց հմտությունները այնտեղ պետք է ներդրվի, որ ունենանք մեծ հաջողություն։ Սա ուղղակի պատերազմ չէ հետսովետական Ադրբեջանի հետ, այս պատերազմի հետեւում կանգնած են տարբեր աշխարհաքաղաքական խաղացողներ։Պարոն Փաշինյանը հավաքեց կուսակցություններին, փակ հանդիպում ունեցավ, այնտեղ ինքը բավականին մտահոգիչ փակագծեր էր բացել եւ ասել էր՝ ես պետք է անկեղծ ելույթ ունենամ ուղերձով հանրության առջեւ։ Ւր անկեղծ ելույթի մեջ կային 3 կարեւոր հստակ կետեր․ մենք ունենք տարածքային կորուստներ, մարդկային մեծ քանակի զոհեր եւ այնպիսի վիճակ է ստեղծվել, որ վարձկանները ներթափանցել են մեր հայրենի հողը։ Դրանից հետո ծնվեց այդ հայտարարությունը, այն մարդիկ, ովքեր ասում էին՝ Նիկոլը ի զորու է լինել գերագույն գլխավոր հրամանատար, նրանք ուղղակի թիկունքից խփում էին հենց Նիկոլին, որովհետեւ այս պարագայում պետք է սթափ գնահատել իրավիճակը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ էր, որ արտահայտվեց եւ ասեց, որ պետք է Նիկոլը ինքը տանի այս ամբողջ բեռը։ Ամբողջ բեռը թողնելով Նիկոլի վրա, ասում են՝ դու պարտվի Նիկոլ։ Անտեսել այն մեկնած ձեռքը, ուղղակի քաղաքական մանկամտություն կլինի։ Մենք պետք է հիմա հասկանանք, որ պատերազմը երկարատեւ է լինելու, այսքանով չի ավարտվելու։ Այն, ինչ եղել է 30 տարի սեղանին, դրանք, ամեն ինչը ավարված են։ Այն, ինչ ունենք քաղաքական դաշտում եւ դրանից դուրս, դրանք պետք է բոլորս կոնսոլիդացնենք, ստեղծենք այդ շտաբ մարմինը։ Հիմա տարածաշրջանում դա է տեղի ունենում, պետք է հասկանանք, որ այլեւս 24 օր է տարածաշրջանում որոշումներ է ընդունում Թուրքիան։ Այդ գազազած շանը բաց են թողել, նրան թույլ են տվել, այս ամենը գալիս է հուշելու, որ սպասելու ժամանակ չունենք։ Մեզ պետք է հիմա կոնսոլիդացիա, ես դա հասկանում եմ։ Այս պահին պատասխանատվության հարց է, ո՞վ պետք է հիմնադրի եւ թշնամու դեմն առնի՝ իր աշխարհաքաղաքական նպատակներով։ Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք։

-Ինչպես կգնահատեք այդ շտաբի ձեւավորման վերաբերյալ որոշ շրջանակների արձագանքը, մասնավորապես, որ դա պետական հեղաշրջման փորձ կարող է լինել։

-Ես ասացի, որ դա քաղաքական մանկամտություն է։ Հիմա մեր պետության փրկության հարցն է դրված։ Անկախ նրանից՝ ում ինչպես են ընկալում, մեծ հարցական  է այդ նախկիններից ովքեր կհամաձայնեին անդամակցել այդ շտաբին։ Նույն Նիկոլը պետք է որոշում կայացնի, այս պահին Ալիեւը դա է պահանջում։ Կարծես թե նրա պահանջները հովանավորվները առաջ են մղում։

-Ընդունենք, որ շտաբը ձեւավորվել է, առաջնահերթ ինչ քայլեր պետք է արվեր։

-Թույլ տվեք այս պահին չխոսել։ Հենց այնպես չէ օրենսդիրը, այդպիսի իրավական հիմքն առկա է, որ պետք է գործի շտաբ։ Այս շտաբը մենք պետք է ունենայինք։ Ընդամենը 1-2 օր առաջ Սյունիքի համայնքապետարանները հայտարարեցին, որ մենք հավաքագրում ենք մեր 20-ից 60 տարեկան տղամարդկանց եւ պետք է զենք բաժանենք, մենք պետք է հասկանանք, որ այս ռազմական դրությունը երկար է տեւելու, միամիտ չպետք  է լինենք։ Աշխարհը 24-րդ օրն է՝ լռում է, քրիստոնեական տաճարը ռմբակոծում են, աշխարհը լռում է։ Տեսեք, մեր ԱԺ-ն այս պահին մատնված է անգործության, սրանք հարցեր են, որոնք լուծում են պահանջում։ Այստեղ չի կարող մի քաղաքական ուժ կամ մի կառավարություն, առանց ազգային կոնսոլիդացիայի այդ գործն անի։ Մեզ լուրջ հաղթանակ է պետք

-Հայտնի է արդեն, որ Արցախի նախկին նախագահները հանդիպել են Փաշինյանի հետ։ Նախկինները, եթե միավորեն իրենց ուժերը այս հարցին լուծում կտրվի՞ կամ իրավիճակ կփոխվի՞։

-Ամեն դեպքում, մենք պետք է այդ գործն անենք։ Այն արդյունքը, որը մենք ազգովի ակնկալել էինք, այսինքն՝ Քուռ-արաքսյան հատված դուրս գալը, դա մեզ չի հաջողվել։ Դեռ ավելին, մենք ունենք տարածքային կորուստներ, ունենք մարդկային կորուստներ ու ունենք որոշ չափով այլ թերություններ, ես հիմա չեմ ուզում բացել փակագծերը։ Որպեսզի այստեղ բեկում մտցնենք, ուրեմն անհրաժեշտ են ուժեր՝ մեր ազգի բոլոր խմբերից։

-Դուք այստեղ խոսում եք ուժերը միավորելու մասին, իսկ Փաշինյանն ասել էր, որ բանակցությունների ողջ փաթեթը ժառանգություն է ստացել  նախկիններից։ Նրա գնահատականները կիսո՞ւմ եք։ Ժամանա՞կն էր այս պայմաններում կրկին հիշել նախկիններին։

-Նիկո՛լ, վաղը դու գնալու ես, ասելու են՝ 2․5 տարի քեզանից ենք ստացել ժառանգություն։ Այս պահին դրա ժամանակը չէ։ Այո, ստացել ենք, այո՛, դա եղել է ոչ հեռատես, նույնիսկ դավաճանական գործողություններ, այո՛, երբ Սերժ Սարգսյանը թուրք-հայկական սիրախաղ էր սկսել, դա կործանարար էր։ Այո՛, այդ ամենը եղել է, դու ունեիր լիարժեք հանրային աջակցություն, ունեիր լիարժեք հնարավորություններ գումարները հավաքելու եւ մղելու դեպի մեր պաշտպանություն, մենք քեզ չենք քննադատում, չենք մեղադրում, ասում ենք՝ պահն  է, բոլորը պետք է իրենց խելքը գլուխը հավաքեն։ Նիկոլի թիմն այս պահի դրությամբ ի վիճակի չէ եւ՛ դիվանագիտական ճակատում, եւ՛ ռազմական ճակատում մարտեր վարել։ Ես ապշած եմ՝ ինչպես կարող են մեր ռազմակա գործիչները ռազմական շտաբ չղեկավարեն։

-Մի քանի անգամ երկրի ղեկավարը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ։ Ինչո՞ւ Ձեզ չեն հրավիրել…

-Ես ներկա չեմ եղել, բայց ասեմ Ձեզ, որ այն կուսակցությունները, որոնք այդ հայտարարությունը տարածեցին, առաջին իսկ օրվանից մենք անընդհատ քննարկումներ ենք իրականացնում եւ այդ քննարկումների արդյունքն է եղել մի հայտարարություններ։

-Աշխարհը, Ռուսաստանը սահմանափակվում են միայն կոչերով եւ հորդորներով։ Ինչո՞ւ մեր բարեկամ երկրները որեւէ հստակ քայլեր այդ առումով չեն անում։ Սա մեր դիվանագիական բացթղումների մասին է խոսո՞ւմ։

-Ես չեմ կարծում՝ այստեղ միայն դիվանագիտական բացթողումն է, ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասի տերը՝ ՌԴ-ն էր, բայց այս պահի դրությամբ, մենք կարող ենք ասել, որ 24-րդ օրն է, որ ինքն իր տեղը զիջել է։ Այստեղ նաեւ աշխարհաքաղաքականությունն է բախվում։

-Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունն հրաժարվել է հանձնել տարածքներ  խաղաղության դիմաց, պաշտպանո՞ւմ եք այս տեսակետը։ Եվ, եթե այո, ապա մենք ինչքա՞ն ներուժ, սպառազինություն ունենք կռվելու Ադրբեջան-Թուրքիայի դեմ։

-Այն, ինչ-որ դրված է սեղանին, մեզ համար ընդունելի չէ, բայց դրա համար Փաշինյանը մենակ իր ուժով ի զորու չէ դիմակայել, բայց ռազմաճակատը միայն դա չէ, ինչպես դուք եք նշում դա սպառազինություն է, դիվանագիտություն է, քաղաքականություն է։
 
-Կոչեր կան Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ։ Նրա հրաժարականը կմեղմացնի կամ կփոխի՞ իրավիճակը։

-Երեւի ինքը պետք է դրա գնահատականը տա։ Իրենից է կախված այս ամենի կյանքի կոչելը, ինքը պետք է առաջ մղի։ Ինքն ասում է՝ կգնամ Մոսկվա բանակցելու, եթե չունենա հենարան, ինքը գնո՞ւմ է թղթե շերեփով բանակցելու։ Այն սխալները, որոնք թույլ ենք տվել, մենք իրավունք չունենք  անընդհատ սխալներ թույլ տալու։