Կքննարկվի Վրաստանում տիրող իրավիճակը. Միշելը դիմել է ԵՄ անդամ երկրներին
Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական նիստում եվրոպացի առաջնորդները կքննարկեն ընտրություններից հետո Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերի նամակում, որը նա ուղարկել է ԵՄ անդամ երկրների ղեկավարներին։
«Մենք կքննարկենք նաև ընտրություններից հետո Վրաստանում տիրող իրավիճակը և հետագա ուղին»,- ասվում է նամակում։
Վաղը` նոյեմբերի 8-ին, Բուդապեշտում կայանալիք Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ առաջնորդները կքննարկեն անդրատլանտյան հարաբերությունները և ՄԱԿ-ին աջակցելը:
«Մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ շատ կարևոր են, և մենք պատրաստ ենք խորացնել դրանք։ Ռազմավարական օրակարգին համապատասխան՝ մենք պետք է շարունակենք իրականացնել մեր առաջնահերթությունները և ակտիվորեն աշխատել ուժեղ և ինքնիշխան Եվրոպա կառուցելու ուղղությամբ»,- նշում է Շառլ Միշելը։
Բացի այդ, այսօր Բուդապեշտում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կմասնակցեն 47 պետություններ, այդ թվում՝ Վրաստանը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն եվրոպական անվտանգության մարտահրավերները, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, Մերձավոր Արևելքում էսկալացիան, անօրինական միգրացիայի և համաշխարհային առևտրի հարցերը։
Կարծիքներ