Ծածուկ այցելություններ․ Մարտի 1-ը թաքուն են հիշում 

Ծածուկ այցելություններ․ Մարտի 1-ը թաքուն են հիշում 

Նախկինում իշխանությունը նախապես տեղեկացնում էր լրատվամիջոցներին, որ այսինչ օրը, այսինչ վայրում է լինելու, որպեսզի լրագրողները, օպերատորները նախապես ժամանեն դեպքի վայր, լուսաբանեն միջոցառումը, նկարահանեն, հարցեր տան։ Հիմա այդ ամենն անում են ծածուկ՝ առանց տեղեկացնելու, սեփական լուսանկարիչների ուղեկցությամբ՝ առանց լրատվամիջոցների։ Հասկանալի է, որ անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառվում եւ այլեւս Փաշինյանն ազատորեն չի շրջում երկրում, բայց սա նշանակում է, որ այլեւս ժողովրդի իշխանություն չունենք, այլ ունենք կաբինետներում եւ ծառայողական մեքենաներում թաքնվող վախվորած իշխանավորների մի խումբ, որոնք որեւէ կապ չունեն հասարակության հետ։

Այսօր Մարտի 1-ի հերթական տարելիցն է եւ մենք միայն պաշտոնական լրատվությունից տեղեկացանք, որ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարտի 1-ի զոհերի հուշակոթողի մոտ։ Այդ մասին նրա պաշտոնական էջում երկու տող է հայտնվել՝ լուսանկարների հետ, որտեղ ոչ կինը կա, ոչ թիմակիցները։ Մարդը մեն մենակ այցելել է հուշակոթողի մոտ ու ծաղիկներ դրել՝ իր պարտքը կատարելով։

Ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրությունը ստացանք, որ․

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք
մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»:

Այսօր այլ այցելուներ էլ կլինեն հուշակոթողի մոտ, որովհետեւ Մարտի 1-ի հետքը մեզանում խորն է եւ այդ իրադարձություններին շատերն են առնչվել։ Բայց միայն ՀԱԿ կուսակցությունն է նախապես տեղեկացրել, որ այսինչ ժամին լինելու է արձանի մոտ՝ հիշելու եւ հարգելու զոհերի հիշատակը։