Ոստիկանությունը դիմել է դատարան ու դատին չի ներկայացել
«Բռունցքդ բեր» նախաձեռնության 5 անդամներից երեքին մեղադրանք է առաջադրված ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Օրինական պահանջն էլ ապրիլի 26-27-ին Ազգային ժողովի մոտ բարձրախոս չօգտագործելն էր, ինչը տղաները չեն կատարել։
Այդ օրերին «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները պաստառներ էին փակցրել ԱԺ դարպասին՝ վանկարկելով․ «Երկրի տեր, բռունցքդ բեր, բռունցքդ բեր», «Տավուշն իմ տունն է, հաջորդը քո տունն է», եւ ԱԺ-ից պահանջում էին անվստահություն հայտնել գործող կառավարությանը։
Միքայել Մարգարյանը, օրինակ, խոսափողը վերցրել ու խոսել էր ակցիայի ժամանակ և առաջինը ոստիկանները հենց նրան էին բռնել, ձեռքից խլել էին խոսափողը։ Այն մինչ օրս առգրավված է։ Միքայել Մարգարյանի գործը վարչական դատարանը լսել է հոկտեմբերի 23-ին։ Վճիռը պետք է հրապարակվեր հոկտեմբերի 4-ին, սակայն դեռ չի հրապարակվել։ Հայցվոր կողմը՝ ոստիկանության ներկայացուցիչները, չեն ներկայացել դատարան։ Դատավորը հարցրել է Միքայել Մարգարյանին, թե արդյոք նա դեմ չի՞, որ իր գործը լսվի հայցվորի բացակայությամբ, Միքայելը պատասխանել է, որ ոստիկանները երբեք էլ չեն պատասխանել իր հարցերին, որևէ պարզաբանում չեն տվել ոչ իրեն բերման ենթարկելուց, ոչ էլ հետո, այնպես որ ինքը ակնկալիք չունի, թե այսօր որևէ բան փոխվելու է։
«Մի շատ փոքր դահլիճ էր, որը մեծ վերապահումով կարելի է դահլիճ անվանել, սենյակ էր, էլի։ Հարց-պատասխանը տևել է 10-15 րոպե։ Տպավորությունն այն է` ոնց որ ձևական գործ լինի, մեխանիկորեն ընթացք են տվել, եկել-հասել է դատարան, օրը նշանակված է, դատը պետք է արվի, ամփոփվի, գնա», - ասում է «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամներից Սլավիկ Ալավերդյանը։ Նա Ոսկեպարցի է։
Հաջորդը նրա դատն է լինելու, և թե ինչ ընթացք կունենա, կախված է այս առաջին վճռից։
«Այս որոշումից է կախված, թե ես այնտեղ դատարանում ինձ ինչպես կպահեմ։ Սա մեզ համար ինֆորմատիվ դատ էր, որ մենք տեսնենք, ինչպես են տրամադրված մեր նկատմամբ։ Իմանալով այս որոշումը, արդեն ես ավելի պատրաստված կլինեմ։ Եթե լավը լինի, մեղավոր չճանաչեն, կարճեն, շատ չեմ հակաճառի, բայց եթե Միքայելին մեղավոր ճանաչեն, ապա բողոք ենք ներկայացնելու, գնալու ենք և վերաքննիչ», - ասում է Սլավա Ալավերդյանը։
Այդ օրը նա բարձրախոսից 10 մետր հեռու է կանգնած եղել եւ անցորդներին բուկլետ է բաժանել, քաղաքացիների հետ է զրուցել, և նրան ոստիկանները մեղադրել են բարձրախոսը օգտագործելու փորձի համար։ Սլավա Ալավերդյանի դատը նշանակված է հունվարին։
Կարծիքներ