Ի՞նչ եք ուզում ԵԽԽՎ-ի միջոցով ստանալ Բաքվից, որը ԵԽԽՎ-ին 3 տառով մի տեղ է ուղարկում

Ի՞նչ եք ուզում ԵԽԽՎ-ի միջոցով ստանալ Բաքվից, որը ԵԽԽՎ-ին 3 տառով մի տեղ է ուղարկում

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հակառուսական տրամադրությունները, ինչպեսեւ ենթադրվում էր, երեկ հասել էին գագաթնակետին։ ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի հետ կապված քվեարկությունը, որի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչները դեմ են քվեարկել, վրդովեցրել է մարդկանց։ Այս նուրբ եւ ցավոտ հարցի՝ ռազմագերիների հետ կապված հայկական արձագանքը միանշանակ է։ Մենք ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է ՌԴ-ն այդպես վարվում իր ռազմավարական դաշնակցի հետ, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը բոլոր միջազգային հարթակներում, նույն՝ Ղրիմի հարցում մշտապես քվեարկել է Ռուսաստանի օգտին եւ նրա հետ համակարգված։ Պարոն Կոլերովը հայտարարեց․ «Հայաստանում պետք է ադեկվատ ըմբռնում լինի առ այն, որ քվեարկությունը, որի մասին խոսում եք, փաթեթային էր՝ Ալեքսեյ Նավալնիի հարցը եւս ներառված էր։ Եվ ՌԴ-ն սկզբունքորեն, ոչ մի պարագայում չէր կարող Ալեքսեյ Նավալնիի հարցով որեւէ թեմայով քվեարկությանը կողմ լինել։ Երկրորդ․ եթե Հայաստանում սա չեն հասկանում, չեն տեսնում ու չեն ուզում տեսնել, ապա դաշնակցային հարաբերությունների մասին խոսել իրոք չարժե։ Դաշնակիցը պետք է ունենա աչքեր, պետք է հասկանա, որ եթե ուզում եք, որպեսզի Ռուսաստանն ընտրություն կատարի ձեր եւ իր շահերի միջեւ, ապա ՌԴ-ն միշտ կընտրի իր շահը»։

Ավելին՝ պարոն Կոլերովը շատ պատկերավոր նկարագրեց իրենց պատվիրակության վիճակը, որը, իր ասելով, կանգնած է եղել իրենց շահերի եւ «Նավալնու պարանը սեփական ձեռքերով իր կախաղանին» փաթաթելու հեռանկարի առաջ։ Ցավոք, մեր խոսակցությունը տեղի էր ունեցել մինչեւ հայտնի դառնալը, որ ի սկզբանե ԵԽԽՎ բյուրոն համաձայնություն էր տվել հայ ռազմագերիներին վերաբերող հարցի՝ փաթեթով քվեարկության ներկայացնելուն, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի միջնորդությամբ հարցը դրվել է առանձին քվեարկության, որին էլ դեմ եւ ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանի պատվիրակության անդամները։ Ավելի ուշ պարոն Կոլերովի հետ կապվել չհաջողվեց, սակայն մինչ այդ այս թեմայի շրջանակներում նրան հիշեցրել էինք, որ, ի տարբերություն ՌԴ-ի, 2014 եւ 2018 թթ․ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ղրիմում իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձեւի քվեարկությանը, որի բանաձեւի տեքստում Ռուսաստանը քննադատության էր ենթարկվում թերակղզու բնակիչների իրավունքները խախտելու ու խտրական քաղաքականություն վարելու մեջ, Հայաստանը, հակադրվելով բանաձեւի օգտին հանդես եկած 73 պետություններին, եղել էր 23 դեմերից մեկը՝ Բելառուսի ու Ռուսաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի հետ մի ճամբարում։ Իսկ, օրինակ, Ղրղզստանն ու Տաջիկստանը ձեռնպահ էին մնացել, չէին քվեարկել Թուրքմենստանն ու Ադրբեջանը։ Նա, ի պատասխան, ասաց․ «Նորից Ձեր ուշադրությունն եմ հրավիրում՝ փաթեթով էր այդ հարցը»։

Տեղեկացել էինք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները փորձում են կապ հաստատել ռուս գործընկերների հետ` հասկանալու համար, թե որն է գերիների հարցի քննարկմանը նրանցից մի քանիսի դեմ լինելու պատճառը։ Մարուքյանը հայտնել էր, թե ռուսական պատվիրակությունից իրենց հայտնել են, որ կոմունիկացիայի խնդիր է, առցանց են քվեարկել։ Մարուքյանն առաջարկեց սպասել օրվա ելույթներին, եւ եթե ռուսական կողմից ելույթներ լինեն ու աջակցեն հայկական կողմին, կստացվի, որ տեխնիկական խնդիր էր ընդամենը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ եւս 7-ը ձեռնպահ են մնացել։

Զրուցեցինք նաեւ Ստանիսլավ Տարասովի հետ, որը հայտարարեց․ «Ի՜նչ ԵԽԽՎ, պայմանավորվեք Բաքվի հետ, դուք ԵԽԽՎ-ի հե՞տ եք պատերազմել, թե՞ Բաքվի, իրենց հետ պայմանավորվեք։ Եվ ԵԽԽՎ-մխխվների միջոցով Բաքվի վրա դուրս գալը հիմարություն է»։ Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը պահանջում, որ Հայաստանը «մակ-մուկ»-երում քվեարկի այնպես, ինչպես ՌԴ-ն։ Տարասովն ի պատասխան ասաց, որ դրանք միանգամայն տարբեր բաներ են։ «Դուք պատերազմել եք, դուք ունեք ռազմագերիներ։ Պետք է կարողանալ պայմանավորվել Բաքվի հետ։ Ի՞նչ եք ուզում ԵԽԽՎ-ի միջոցով ստանալ Բաքվից, որը ԵԽԽՎ-ին, ռուսերեն ասած՝ 3 տառով մի տեղ է ուղարկում։ Ե՞րբ է Ադրբեջանը լսել ԵԽԽՎ-ին։ Իսկ մենք այդ ԵԽԽՎ-ից ուզում ենք հեռանալ Ուկրաինայի պատճառով։ Ու ձեր այդ նախարարը, ёлки палки, ինչ-որ մի գավառամիտ ընկեր է։ Պետք է զանգել Բաքու, հանդիպել իր գործընկերոջը, ազգանունը Բայրամով էր, այնպես չէ՞․․․ Ուղիղ պետք է հարցերը լուծել, ոչ թե ռազմագերիներին վերադարձնելու համար սկանդալներ սարքել»։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մշտապես հանդես է գալիս արդարության առաջամարտիկի կերպարում եւ մշտապես Արեւմուտքին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ։ Ս․ Տարասովի բացատրություններից հետո նրան հարցրինք՝ փաստորեն, Ռուսաստանն էլ ունի երկակի ստանդարտներ։ «Ի՞նչ ստանդարտներ, Ռուսաստանի՞ ռազմագերիներն են Բաքվում։ Ուրեմն՝ չեք ուզում նրանց վերադարձնել ու փոխարենը քաղաքական շոուներ եք կազմակերպում եւ դեռ մի բան էլ Ռուսաստանի հետ հարաբերություններ եք պարզում։ Հա, ասենք թե այլ կերպ քվեարկեինք, դա ինչ-որ մի բան փոխելո՞ւ էր՝ ոչ»։

Տարասովը նաեւ հավելեց, որ ռուսական կողմին հայտնի չէ, թե Ադրբեջանի ինչին են պետք հայ ռազմագերիները։ «Բաց թողեք այդ տղաներին, ձեր խնդիրները լուծել եք, նրանք ձեր ինչի՞ն են պետք»,-Ադրբեջանին ուղղված հարց հնչեցրեց Տարասովը։