Վատիկանում իրականացվել է հանգուցյալ Պապի մահվան իսկության հաստատման արարողությունը

Նախօրեին երեկոյան՝ Երեւանի ժամանակով 21,00-ին, Վատիկանում, համաձայն Սուրբ Աթոռում ընդունված արարողակարգի, իրականացվել է Հռոմի նորոգ հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի մահվան իսկության հաստատման արարողությունը։ Այն իրականացվել է կարդինալ-կամերլինգո Քեւին Ջոզեֆ Ֆարելի կողմից։ Համաձայն ծիսակարգի, կարդինալ-կամերլինգոն մոտեցել է հանգուցյալ Պապի դիակին, արծաթե մուրճիկով երեք անգամ հարվածել է Սրբազան Քահանայապետի ճակատին եւ խնդրել արձագանքել։ Դրանից հետո, կարդինալ-կամերլինգոն արտասանել է լատիներեն Vere Papa mortuus est նվիրական բանաձեւը, որը հայերեն թարգմանվում է «Պապը իսկապես մահացել է»։ Դրանից հետո՝ Պապի դիակը դրվում է դագաղի մեջ։
Սուրբ Աթոռի Մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտարարել է, որ չորեքշաբթի Սրբազան Քահանայապետի դիակը կարող է տեղափոխվել Սուրբ Պետրոսի տաճար, որտեղ հավատացյալները կարող են աղոթել նրա մասունքների առաջ։ Ի դեպ,մ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կլինի առաջինը վերջին հարյուր տարում, ով Հռոմի Պապ լինելով, չի հուղարկավորվի Վատիկանում, այլ Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում։ Հիշեցնենք, որ Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում հուղարկավորված են յոթ Հռոմի Պապեր։ Վերջինը՝ 1903 թվականին այնտեղ հուղարկավորվել է Լեւոն 10-րդ Պապը։
Կարծիքներ