Քաղաքացիական հասարակությունը՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի»

Քաղաքացիական հասարակությունը՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի»

Պատկերացնո՞ւմ եք․ հայաստանյան քաղաքացիական հասարակությունը՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի»: Ես, օրինակ, չեմ պատկերացրել նման մի բան: Ես, որ նախկինների ժամանակ, 17 տարի եղել եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Ավելացնեմ, որ ներսից ճանաչելով այդ խավին, անձամբ ծանոթ լինելով դրա ներկայացուցիչներից շատերին՝ կարծում էի, որ մեռնելու պահին էլ իրենք կշարունակեին երկրպագել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը»: Եվ, բնականաբար՝ դրա առաջնորդին, քանի որ առանց նրա չէր լինի նաեւ այդ «հեղափոխությունը»: Բայց ասվածը չի նշանակում, թե մինչ այդ չեն եղել քննադատություններ, բայց դրանք եղել են, այսպես ասած, հարազատ անձի ուղղորդումներ: Ճիշտ այնպիսի, ինչպիսին տեղի էին ունենում նույնիսկ նախկինների ժամանակ: 

Բայց արի ու տես, որ քաղաքացիական հասարակության 18 կազմակերպություն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ է Վահագն Հովակիմյանի առաջադրումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի պաշտոնում: Ավելացնեմ՝ երբեմնի չհաջողված լրագրողի (խմբագիր Նիկոլի ասելով) կամ, որ նույնն է՝ կիսալրագրողի, հետագայում Ազգային ժողովի «կարկառուն» սահմանադրագետի նշանակումը (դեռեւս ձեւական առաջադրումը, ինչը նույնն է, թե նշանակումը): Կարծում եմ, որ եթե այդ կազմակերպությունների համար «խիստ անընդունելի» է այդ երեւույթը, ապա դա հենց դատապարտումն է, որ կա: Իսկ վերջինիս առաջադրումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում «խիստ անընդունելի» է, քանի որ ինքը տվյալ կուսակցության վարչության անդամ է: Բացի այդ, վերջինս, ըստ հայտարարության, «զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ առնվազն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման օրվանից, եւ պատասխանատու է եղել տարբեր ընտրություններում կուսակցության մասնակցության համակարգման համար»: 

Սակայն «18»-ի հայտարարության մեջ չի նշվում, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանի առաջադրումը եւս հակաժողովրդավարական քայլ է, եթե չի կատարվել կուսակցության շարքային անդամների հետ քննարկումների արդյունքում: Քանի որ կուսակցության անդամի առաջադրումը ԿԸՀ նախագահի պաշտոնում նույնքան լուրջ քայլ է, որքան, ասենք, կուսակցության վարչության անդամների ընտրությունը համագումարում: Կարծում եմ, որ դրանից շատ ավելի լուրջ քայլ է: Իսկ եթե, ինչպես տեղյակ ենք բոլորս, դա կատարվել է ճիշտ այնպես, ինչպես վարչության անդամների «ընտրության» դեպքում (այսինքն՝ կուսակցության առաջնորդի միանձնյա ցանկությամբ), ապա ինչպե՞ս կարող է ներքին կյանքում ոչ ժողովրդավար կուսակցությունը կառուցել ժողովրդավարական իշխանություն եւ հընթացս՝ նման հասարակություն: 

ՀԳ. Իմ կողմից ավելացնեմ, որ մի ժամանակ լինելով իբրեւ թե ընկերս՝ Վահագնը քաղաքական ոլորտում արել է քայլ, որ ես երբեք չէի անի ոչ միայն ընկերների, այլեւ անծանոթների առումով: Նման մարդու ես չէի վստահի ընտրատեղամասային հանձնաժողովի, ուր մնաց թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: