Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, դեմ է առհասարակ ողջ մարդկությանը. Մտավորականները` Արմեն Գրիգորյանի մասին

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, դեմ է առհասարակ ողջ մարդկությանը. Մտավորականները` Արմեն Գրիգորյանի մասին

Պրոդյուսեր, ռեժիսոր Արմեն Գրիգորյանը մայիսի 18-ին կալանավորվեց` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ։ Գրիգորյանի ընկերներից ոմանք, համարձակ կերպով դատապարտեցին կատարվածը, իսկ ահա օրինակ նրա ամենամտերիմ ընկերներից` երգիչ Արամոն, չցանկացավ ոչինչ ասել իր ընկերոջ կալանավորման մասին: Արամոն նշեց, որ մեքենայի ղեկին է, խոսել չի կարող:

 

Հրանտ Թոխատյանն ասաց. «Արմենն իմ լավագույն ընկերն է, միլիոն տարվա ընկերս է: Ես նրան շատ լավ գիտեմ, նրա կրթությունը և նրա ինչ և որտեղ խոսելը: Նա կարող է էմոցիոնալ ֆոնի վրա ասել ինչ-որ մի բան: Եթե դա լիներ եզակի դեպք այս երկրում, ես կմտածեի, ձևն այդպես է, դե ինչ-որ մարդիկ վիրավորվել են և այլն: Բայց նման նվաստացուցիչ դեպքեր էնքան շատ են եղել այս վերջին տարիներին: Ամեն տեսակի խոսք ասում են արցախցիներին, մեռան նրանց կպնելով, մնացած շրջանների մարդկանց ևս պիտակավորում են: Վերջերս ազգությամբ մի եզդի տղա ևս իրեն մի նման բան թույլ տվեց, բայց չգիտես ինչու նրան ներվեց, Արմենին` ոչ: Նույն հոդվածն է, ի՞նչ տարբերություն: Ստացվում է, որ բոլորին կարելի է արտահայտվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, իսկ Արմեն Գրիգորյանին` չի կարելի: Չփորձեցին անգամ մարդուն հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել: Սա քաղաքական հետապնդում է պարզապես, մարդուն լռեցնելու փորձ: Այլ ձևով սա բացատրել հնարավոր չէ: Նշանակում է` ինչ-որ մեկին պետք էր Արմենին ասպարեզից հանել: Խանգարում էր նա ոմանց, ինչպես օրինակ Ավետիք Չալաբյանը, կամ Իգոր Խաչատուրովը: Եթե իշխանություններին հաջողվեց Արմենին երկու ամիս կալանքի տակ պահել, ապա պետք է թույլ չտալ, որ հաջողվի դատապարտել նրան: Գործող իշխանությունները, եթե իրենց մտքին մի բան դնում են, անպայման հաջողացնում են, ուղղակի պետք է դրան վերջ տան օր առաջ:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն էլ ասաց.
«Արմեն Գրիգորյանին կալանավորելն ուղղակի էշություն էր: Այդպես էլ պետք է լիներ: Ո՞վ էր որևէ լավ բան սպասում սրանցից: Հայաստանում, ինչպես նաև աշխարհում ասյօր չկան ժողովրդավարական արժեքներ: Չե՞ք տեսնում ինչ է կատարվում: Մարդը շատ է խոսում, լռեցնում են պարզապես: Սրանց իշխանություն անվանելն անգամ ծիծաղելի է արդեն ինձ համար…»:

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն ասաց. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, դեմ է ժողովրդավարական բոլոր արժեքներին: Արմեն Գրիգորյանը պարզապես ասել է իր կարծիքը, նա չի արել նման կոչ: Այն, ինչ կատարվում է այսօր` քաղաքական հետապնդում է ուղղակի: Ես հույս ունեմ, որ օրվա իշխանություններին չի հաջողվի Արմենին դատապարտել: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի մեր ընկերը ազատության մեջ հայտնվի: Նույն գործով սորոսականն ազատ շրջում է, չունի ոչ մի խնդիր»:

Ռեժիսոր, դրամատուրգ, գրող Վահրամ Սահակյանցն ասաց.«Ասելիքս մինչև վերջ գրական լեզվով չեմ կարող ձևակերպել: Այն ամենն, ինչ տեղի է ունենում այսօր, դեմ է առհասարակ ողջ մարդկությանը: Ի՞նչ ենք այսօր տեսնում: Ծեծ-ջարդ, մարդկանց են ճանկռում: Կոտրում են ձեռքերը, թքում մարդկանց վրա: Ձերբակալում են ու չգիտես էլ ինչեր են անում: Սա կոչվում է հակամարդկային քայլ: Նման դեպքեր չեն լինում Ադրբեջանում, Վրաստանում և առհասարակ նման բան հնարավոր չէ տեսնել հետխորհրդային երկրներից և որևէ մեկում` բացի Հայաստանից»: