«Հրապարակ»․ Ով-ով՝ Փաշինյանն իրավունք չունի արդար ընտրությունից խոսելու

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր եւ «Քաղպայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում պնդում էր, թե Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության դեմ «խաղ կա, եւ հնարավոր է Հայաստանում իշխանափոխության հասնել ընտրությունների ճանապարհով», դրա համար հարկավոր է 2017-ի խորհրդարանական ընտրություններում ունենալ 6 հազար դիտորդ, որոնք կլինեն բոլոր ընտրատեղամասերում եւ կբռնեն ընտրակեղծարարների ձեռքը:
Կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանի ասած սխեման չի աշխատում՝ 6 հազար, թե 16 հազար դիտորդ լինեն, իշխանությունը, որպես կանոն, վերարտադրվում է, եւ 2017 թվականին ՀՀԿ-ն ստացավ 700 հազարից ավելի ձայն, իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության եկավ ոչ թե ընտրությունների, այլ՝ փողոցի միջոցով ու հիմա փորձում է իշխանությունը պահել՝ անկախ ընտրությունների արդյունքներից եւ երկրում առկա դժգոհությունից։
Այն, որ նախկինում էլ ընտրակեղծարարությունների լայն տեսականի է եղել՝ ե՛ւ վարչական լծակներ են կիրառել, ե՛ւ լցոնումներ են արել, ե՛ւ փող են բաժանել, որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Իսկ 2018-ից հետո մաքուր ընտրություններ անելու խոստումներով իշխանության եկած անձը հիմա ընտրակեղծարարության եւ իշխանությունը պահելու բազմաթիվ խորամանկ միջոցներ է մտածում, որոնք շատ չեն տարբերվում մինչեւ 18 թիվը կիրառված միջոցներից, իսկ երբեմն էլ ուղղակի գերազանցում են։ Սկզբում թվում էր, թե Փաշինյանը, այնուամենայնիվ, չի գնա ընտրական իրավունքի հետ կապված խախտումների, կհարգի ընտրողի կարծիքը, բայց դա տեւեց այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունների արդյունքներն իր օգտին էին։ Նա անգամ մոռացավ, որ խոստացել էր՝ եթե գա մի օր, եւ հայ ժողովուրդը չցանկանա, որ ինքը վարչապետ լինի, ինքը չի լինի վարչապետ: Սակայն կամաց-կամաց տրանսֆորմացվեց այս իշխանությունը եւ ապացուցեց, որ ընտրություն կեղծելն էլ է «նորաձեւ»:
2021 թվականի ապրիլին` արտահերթ խորհրդարանական ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ, ընտրակեղծարարությունները բացառող Փաշինյանը տվեց առաջին ընտրախախտման մեկնարկը: «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորեւ անվանվում է նախընտրական քարոզչություն»։ Սա հատված է ՀՀ Ընտրական օրենսգրքից։ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, եւ վերջ։ Ընտրությունների արդյունքներն այլեւս չեն կեղծվելու։ Ընտրակաշառք չի բաժանվելու, եւ վերջ»։ Սա էլ հատված է Նիկոլ Փաշինյանի 2018-ի մայիսի 8-ին Ազգային ժողովում ունեցած ելույթից, երբ «Ելք» դաշինքի կողմից առաջադրվեց վարչապետի թեկնածու։
2021-ին՝ ընտրություններից 2 ամիս առաջ սկսված նախընտրական քարոզչությունն այս իշխանությունը հայտարարեց օրինական։ Չհրաժարվելով վարչապետի պաշտոնից՝ Փաշինյանը սկսեց մարզային այցեր կատարել եւ պետության կառավարումը թողած՝ զբաղվեց նախընտրական քարոզչությամբ։
Նրա քարոզչական թեզերի մեծ մասը կարող է ընկալվել որպես ընտրողներին ուղղված կաշառք, որովհետեւ օրենսգիրքը կաշառք է համարում նաեւ խոստումը, իսկ Փաշինյանը խոստանում էր կրճատել ժամկետային զինծառայությունը, ստեղծել ակադեմիական քաղաք եւ այլն։ Նա այդ օրերին ասում էր․ «Հայաստան համահայկական հիմնադրամին 1992-2018-ը՝ 26 տարվա ընթացքում, արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն։ 2018-ից հետո «Հայաստան» հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար։ Իհարկե, դրա մի զգալի մասը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը։ Որ իշխանությանը չվստահեին, էդ միջոցները չէին նվիրաբերի հիմնադրամին»։
Մանիպուլյացիայի մեծ վարպետը շարքային քաղաքացի-ընտրողների մոտ փորձում է ստեղծել տպավորություն, թե այդ գումարների հավաքագրումն իր նկատմամբ վստահության արդյունք է։ Ըստ նրա` կարեւոր չեն մյուս գործոններն ու պատերազմը, որի հետեւանքների համար ինքը պատասխանատվության ու մեղքի ամենամեծ բեռն ունի:
2021-ի հունիսի 20-ին` արտահերթ ընտրությունների շրջանում էլ բավականին տարօրինակ պրոցեսներ տեղի ունեցան․ նախ՝ ազատ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը սահմանափակվեցին: Իսկ քվեարկության օրը՝ քվեարկության ավարտից հետո, անակնկալ կերպով մի շարք ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են տեղի ունեցել ե՛ւ 2021-ին, ե՛ւ Գյումրու ընտրությունների օրը։
Հաջորդ գործիքը, որը լայնորեն կիրառում է այս իշխանությունը, ադմինիստրատիվ ռեսուրսի լայնորեն կիրառումն է՝ բոլոր գերատեսչություններին, պետությունից աշխատավարձ ստացողներին, համայնքային աշխատողներին հստակ հրահանգ է իջնում՝ քվեարկել իշխանության օգտին, հակառակ դեպքում՝ լավ չի լինի, աշխատանքից կզրկվեք, սուբվենցիայից ու տենդերից կզրկվեք եւ այլն։
Մեկ այլ գործիքակազմ էլ է կիրառվում՝ այլ վայրերից ժամանակավոր բնակիչներ բերել՝ տվյալ տարածքում քվեարկելու, որը հատկապես եղավ Գյումրու ընտրությունների ժամանակ՝ Ջավախքից ավտոբուսներով մարդ էին բերում Գյումրի։
Սրանց մի մասը, իհարկե, հին փորձարկված մեթոդներ են, բայց Փաշինյանը նաեւ բոլորովին նոր տեխնոլոգիա է ներմուծել հայաստանյան քաղաքական կյանք՝ հիմա ոչ թե նախընտրական խախտումներն են շատ կամ քվեարկության օրը կիրառվածները, այլ հետընտրական կեղծիքները, ճնշումները, օրինական իշխանությունն ընտրված ուժից ու անձից խլելը: Դրա վառ օրինակը, ավելի ճիշտ՝ նախադեպը, Վանաձորի ընտրություններն էին, ապա՝ Ալավերդու, Ախուրյանի, Վարդենիսի ՏԻՄ ընտրությունները։ Ժողովրդավարական արժեքների մասին ճառող վարչապետն ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ընտրություններից հաշված օրեր անց բանտարկեց եւ օրենքի փոփոխությամբ քաղաքապետ կարգեց վանաձորցիների կողմից չընտրված մեկին՝ կրիմինալ անցյալով Ակային, որը լոյալ է իր իշխանությանը, եւ, ըստ էության, Վանաձորում չընտրված ՔՊ-ն է 2021-ից հետո կառավարում:
2023-ին Երեւանի ավագանու ընտրություններից հետո նույնպես «նորաձեւ» խախտումների արդյունքում ձեւավորեցին իշխանություն Երեւանում եւ լեգիտիմացրին Դոգին՝ նրա խմբակցության ձայներով ընտրելով Տիգրան Ավինյանին ու «Հանրապետություն» կուսակցության հետ գործարքի գնալով: Դրանից Հետո Փաշինյանն արդեն Ալավերդիում մոտավորապես արեց այն, ինչ Վանաձորում՝ մեկ տարբերությամբ․ Ալավերդու ընտրված քաղաքապետին անվստահություն հայտնեցին մանդատագողության արդյունքում՝ ուղղակի ընդդիմությունից մի երկու հոգու իրենց կողմը գրավելով եւ պաշտոններ տալով: Նույնն արեցին Ախուրյանում՝ արդեն պաշտոնավարող քաղաքական ուժից խլելով իշխանությունը։ Ընդ որում, այդ խլելու ժամանակ գործադրվում են պետական բոլոր լծակները, ուժային կառույցները։
Այնպես որ, ով-ով՝ Փաշինյանն իրավունք չունի արդար ընտրություններից խոսելու։
Կարծիքներ