Արձանագրել են, որ ժողովրդավարությունը կորցրել է կարեւոր կղզյակ՝ հանձին ԼՂ-ի

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին հրապարակել է Nations in Transit 2024 ամենամյա զեկույցը, որի շրջանակում զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հարձակման միջեւ՝ Արցախում կատարվածը որակելով «էթնիկ զտում»: Փորձագետների գնահատմամբ՝ Հարավային Կովկասում Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որն այնտեղ ապրող ավելի քան 120 հազար էթնիկ հայի ստիպեց փախչել: Ըստ զեկույցի՝ 2022 թվականի փետրվարին Կրեմլի ներխուժումն Ուկրաինա ամենեւին էլ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական վարչակարգի վերջնական հարձակման հիմնական պատճառը չէր: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:
- Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է պատրաստել: Ծանո՞թ եք, ի՞նչ զեկույց է այն, ի՞նչ է ներկայացնում իրենից:
- Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ Nations in Transit 2024 զեկույցը, ուր զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողությունների ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման միջեւ՝ վերջինիս վերաբերյալ օգտագործելով «էթնիկ զտումներ» տերմինը: «Ուկրաինան ոչնչացնելու համար Մոսկվայի մղած պատերազմը եւ Ադրբեջանում իշխող ռեժիմի ռազմական նվաճումն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն ի հայտ բերեցին «ավտորիտարիզմի էքսպանսիայի» մահացու հետեւանքները»,-ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 տարեկան զեկույցում:
Ես ուզում եմ հիշեցնել, որ ավելի վաղ՝ այս տարվա փետրվարի վերջին, Freedom House-ը հրապարակել էր «Ազատությունն աշխարհում» զեկույցը, որտեղ նշված էր․ «Վիճելի տարածքներում ապրող մարդիկ հաճախ դառնում են բազմակարծության նկատմամբ ավտոկրատների թշնամանքի, ինչպես նաեւ նրանց ծավալապաշտական օրակարգի զոհերը: Սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը հանգեցրեց տեղական ինքնակառավարման մարմինների լուծարմանը եւ ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանմանը, ինչը շատ օտարերկրյա դիտորդներ որակեցին որպես էթնիկ զտում: Արդյունքում, նախկինում մասամբ ազատ տարածքը զգացել է աշխարհի ամենամեծ միավորների անկումը 2023 թվականին՝ ընդհանուր կորցնելով 40 միավոր»։ Այսինքն՝ իրավապաշտպան այս կազմակերպության զեկույցները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի զավթումից հետո մեր տարածաշրջանում ավելի է ամրապնդվել բռնատիրությունը, իսկ ժողովրդավարությունը կորցրել է կարեւոր կղզյակ՝ հանձին Լեռնային Ղարաբաղի։
- Կարո՞ղ ենք այն, որպես հայանպաստ զեկույց, միջազգային հարթակներում օգտագործել:
- Ես չեմ որակի սա որպես հայանպաստ, սա օբյեկտիվ ու անաչառ գնահատական է՝ հենված փաստերի վրա։ Սա կարելի է ու պետք է օգտագործել մեր արտաքին դիվանագիտական շփումներում, քանի որ այս կառույցի զեկույցներն արժանահավատ են, վստահելի ու հեղինակավոր։
- Ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ:
- Ըստ իս, սա միջոց է՝ ցույց տալու, որ երբ Արեւմուտքը սկսում է սիրաշահել բռնապետերին կամ կուլ գնալ նրանց կամայականություններին ու վտանգավոր քայլերին, դրանով իսկ նպաստում է ժողովրդավարության անկմանը։
Եթե նայում ես դեպքերի հաջորդականությանը, հասկանում ես, որ նույն դեմոկրատական աշխարհն իր լռությամբ ու չեզոքությամբ օգնեց Ալիեւին կամ առնվազն չխանգարեց իր հանցավոր գործողություններում։ Փաշինյանն Արեւմուտքում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինչից հետո էլ սկսվեց Լաչինի բլոկադան, որի վերջնակետը եղավ սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ հարձակումը։ Ադրբեջանը մինչ օրս որեւէ պատիժ չի կրել կամ որեւէ հստակ քաղաքական գնահատականի չի արժանացել այդ դեպքերի համար։ Փաստացի, ժողովրդավարության ջատագովների անգործության պատճառով եւս մեկ ավտորիտար անկյուն ավելացավ աշխարհում, իսկ մենք զրկվեցինք մեր հայրենիքից։ Սա կարեւոր գործիքակազմ է հենց արեւմտյան գործընկերների հետ շփումների շրջանակներում, որպեսզի հասնենք քաղաքական հստակ գնահատականների, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, տեղի է ունեցել էթնիկ ատելության հենքի վրա՝ հանգեցնելով այնտեղ դարերով ապրող հայ բնակչության էթնիկ զտման ու բռնի տեղահանման։
- Բայց առաջին հայացքից այս զեկույցը հայանպաստ է թվում: Արեւմտյան այս կառույցն իսկապե՞ս Ադրբեջանի հանդեպ նման կտրուկ վերաբերմունք ունի:
- Կրկնեմ՝ դա ոչ թե հայանպաստ զեկույց է, այլ՝ օբյեկտիվ։ Այո, այս իրավապաշտպան կազմակերպությունը շատ խիստ ու հստակ գնահատականներ է հնչեցնում բռնապետական վարչակարգերի, այդ թվում՝ Ադրբեջանի վերաբերյալ։ Դրա համար էլ այն շատ հաճախ թիրախավորվում է Ադրբեջանի կողմից։
Կարծիքներ