Մեկնարկում է Խաչատրյանի անվան 10-րդ փառատոնը

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 10-րդ փառատոնը

Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սեւակ Ավանեսյանը։ Համերգը նվիրված է թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Սերգեյ Պրոկոֆեւի Սիմֆոնիա-կոնցերտը՝ թավջութակի եւ նվագախմբի համար, Միխայիլ Գլինկայի Իսպանական նախերգանք թիվ 1 «Capriccio Brnillate» արագոնական խոտայի թեմայով, Ալեքսանդր Բորոդինի թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։

Խաչատրյանի անվան հոբելյանական փառատոնը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 20-ը. այն ընդգրկում է 5 համերգ։ Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։

Նշենք, որ երաժշտական այս տոնն ամեն տարի Հայաստանում հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների։ Նախորդ 9 տարիների ընթացքում ելույթ են ունեցել ականավոր արտիստներ Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը, Սերգեյ Խաչատրյանը, Գոթյե Կապյուսոնը եւ այլք։ Այս տարի եւս ունկնդիրներին սպասվում են երաժշտական հետաքրքիր հանդիպումներ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Սեւակ Ավանեսյանը, Անաստասիա Կոբեկինան, ջութակահար Կարմինե Լաուրին, դաշնակահար Մասսիմո Սպադան։ Փառատոնի համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը եւ Ջորջ Փեհլիվանյանը։

Փառատոնի բազմազան ցանկում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կողքին կհնչեն նաեւ Սերգեյ Պրոկոֆեւի, Միխայիլ Գլինկայի, Ալեքսանդր Բորոդինի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Լեոնարդ Բերնսթայնի, Ֆրիդրիխ Գուլդայի, Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից։
Խաչատրյանական փառատոնի ընթացքում, ինչպես ամեն տարի, նվագախումբը կներկայացնի «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը՝ կատարելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։ Որպես մենակատար՝ հանդես կգա դաշնակահար Վահագն Հայրապետյանը։